Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Գրականության և արվեստի թանգարանն օնլայն ներկայացնում է Հայրենականի և Շուշիի արվեստագետ հերոսներին

Գրականության և արվեստի թանգարանն օնլայն ներկայացնում է Հայրենականի և 
Շուշիի արվեստագետ հերոսներին

ԵՐԵՎԱՆ, 9 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ե. Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանը մշտապես տարբեր հետաքրքրական նախաձեռնություններով անդրադառնում է նշանակալի իրադարձություններին, որոնց կապակցությամբ ճանաչողական և այլ ծրագրեր է իրականացնում. բացառություն չեն նաև մայիսյան հաղթանակները:

«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում թանգարանի տնօրեն Կարո Վարդանյանն ասաց, որ թանգարանի «Ֆեյսբուք»-ի պաշտոնական էջում «Մեծ Հայրենականի Մեծ հայերը» խորագրով ծրագրի շրջանակում ամեն օր ներկայացնում են գրականության և արվեստի այն անվանի գործիչներին, որոնք մասնակցել են Հայրենական պատերազմին, եղել են զինվորական թղթակից, իրենց ստեղծագործություններում անդրադարձել են պատերազմական իրադարձություններին: Արդեն ներկայացրել են 20 հեղինակի, որոնցից են գրողներ Մկրտիչ Սարգսյանը, Սերո Խանզադյանը, կոմպոզիտորներ Արամ Սաթունցը, Ղազարոս Սարյանը և այլք:

Մայիսի 9-ին ներկայացնելու են նաև սփյուռքահայ արվեստագետների, որոնք մասնակցել են պատերազմին դաշնակից երկրների բանակներում: Նրանցից են ֆրանսիական դիմադրության շարժման առաջնորդ Միսակ Մանուշյանը, գրող Զարեհ Որբունին և այլք:

Կարո Վարդանյանը տեղեկացրեց, որ գրեթե մեկ շաբաթ է՝ ներկայացնում են «Շուշիի մշակույթի մեկ դարը» խորագրով ծրագիրը: «Խոսքը 1820-1920 թվականների մասին է: Ցանկացել ենք հանրության լայն շրջանակին հիշեցնել, որ Շուշին ոչ միայն հայերի, այլև ամբողջ Կովկասի համար կարևոր մշակութային գիտական օջախներից էր՝ հայ բնակչությամբ: Շուշիում են ապրել բազմաթիվ գրողներ, արվեստագետներ, գործել են թատրոններ, տպարաններ և այլն:

«Դեռևս միջնադարից Շուշին Արցախի ողնաշարն է: Ով տիրում էր Շուշիին, նա տիրում էր Արցախին, այնպես որ 1992-ին Շուշիի ազատագրումն Արցախի ազատագրման հիմնաքարն էր: Դա կարևորագույն հաղթանակ էր մեզ համար»,-շեշտեց Կարո Վարդանյանը:

Հայրենական պատերազմի տարբեր ռազմաճակատներում կռվել ու հաղթանակում իրենց ավանդն են ունեցել 600 հազար հայորդիներ: Հայ ազգը տվել է 4 մարշալ՝ Բաղրամյան, Բաբաջանյան, Խուդյակով (Խամփերյանց), Աղանով և ԽՍՀՄ-ի մեկ ծովակալ՝ Իսակով։ 70 հազար հայ մարտիկներ պարգևատրվել են մարտական շքանշաններով ու մեդալներով, 27 շարքային զինվոր դարձել է փառքի շքանշանակիր, 104 մարդ արժանացել է խորհրդային միության հերոսի կոչման: Նելսոն Ստեփանյանն արժանացել է Խորհրդային Միության կրկնակի հերոսի կոչմանը:

28 տարի առաջ մայիսի 9-ի առավոտյան հայկական ջոկատները հաջողությամբ ավարտեցին «Հարսանիք լեռներում» օպերացիան, որի արդյունքում ազատագրվեց հրաշագեղ Շուշին: Շուշիի ազատագրումն էլ բեկումնային դարձավ ղարաբաղյան պատերազմում և նախանշեց հետագա հաղթանակների ուղին:

Անժելա Համբարձումյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]