Տնտեսություն

Խորհրդարանը հավանություն տվեց բյուջեի մասին օրենքում փոփոխությունների նախագծին

3 րոպեի ընթերցում

Խորհրդարանը հավանություն տվեց բյուջեի մասին օրենքում փոփոխությունների նախագծին

ԵՐԵՎԱՆ, 29 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ազգային ժողովն ընդունեց 2020 թվականի պետական բյուջեի մասին օրենքում փոփոխությունների նախագիծը, որով, ըստ էության, առաջարկվում է հավանության արժանացնել 150 մլրդ դրամանոց փաթեթ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝«Հայաստանի Հանրապետության 2020 թվականի պետական բյուջեի մասին» օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթն ԱԺ նիստում քվեարկությամբ ստացավ 101 «կողմ», 17 «դեմ» ձայներ:

Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը նախագիծը ներակայացնելիս նշել էր, թե հաշվի առնելով կորոնավիրուսի իրավիճակով պայմանավորված ներքին և արտաքին շոկերի առկայությունը՝ ներկայացված նախագծի հիմքում դրված սցենարի գնահատականն այն է, որ կլինի 2 տոկոս անկում: 2020 թվականի բյուջեի մասին օրենքով հաստատվել էին բյուջետային այն ցուցանիշները, որոնց հիմքում ընկած էր տնտեսական աճի 4.9 տոկոս մեծության կանխատեսում:

Նախարարը նշել էր, որ, ըստ էության, մոտ 150 մլրդ դրամանոց փաթեթ է առաջարկվում հավանության արժանացնել, որտեղ 25-ական մլրդ դրամ ենթադրվում է, որ պայմանական բաժանմամբ կօգտագործվեն ընթացիկ իրացվելիության խնդրի լուծման նպատակով և սոցիալական խնդիրները մեղմելու համար: Ենթադրաբար մոտ 80 մլրդ դրամ կօգտագործվի տնտեսական երկարաժամկետ զարգացմանն ուղղված ծրագրերի ֆինանսավորման և մոտ 20 մլրդ դրամ՝ պահուստային միջոցներ վերաբաշխելու համար:

Այդ նախագծի սցենարի ներքո լրացուցիչ ֆինանսավորման կարիքը կամ պարտք ներգրավելու կարիքը գնահատվում է մոտ 260 մլրդ դրամ: Սցենարի շրջանակում մոտ 169 մլրդ դրամ հարկային եկամուտների՝ ծրագրվածից ցածր կատարում է կանխատեսվում: Դա նշանակում է, որ այլ հավասար պայմաններում պակասուրդը կկազմի 324 մլրդ դրամ, որը կկազմի կանխատեսվող ՀՆԱ-ի 5 տոկոսը: Ծախսերը կպահպանվեն գրեթե նույն մակարդակի:

Նախագիծը թեժ քննարկման էր արժանացել խորհրդարանի նիստում, մի խումբ պատգամավորներ հայտնել էին իրենց մտահոգությունները՝ մասնավորապես ԱԺ-ի հնարավորություններին առնչվող հատվածի վերաբերյալ: «Բարգավաճ Հայաստան»-ը հայտնել էր, որ «կողմ» է քվեարկելու՝ ստորադասելով իր կուսակցական շահը:

Աննա Գրիգորյան

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում