Երևանում՝ 11:07,   15 Մայիս 2024

Ոգեկոչեցինք շատ լսելի, բայց առանց ողբի. Փաշինյանն ապրիլի 24-ի միջոցառումների մասին

Ոգեկոչեցինք շատ լսելի, բայց առանց ողբի. Փաշինյանն ապրիլի 24-ի միջոցառումների 
մասին
ԵՐԵՎԱՆ, 27 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կարծիքով՝ 2020 թվականի ապրիլի 24-ի ոգեկոչման միջոցառումներով Հայաստանը, հայերն իրենց  մասին պատմելու քաղաքակրթական նոր նշաձող սահմանեցին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Փաշինյանը նման տեսակետ հայտնեց «Ֆեյսբուք»-ի իր էջում ուղիղ եթերի ժամանակ: 
Վարչապետը նախ հիշեցրեց՝ երբ կորոնավիրուսային ճգնաժամը սկսվեց, իշխանութունը հայտարարում էր, որ այս ճնգաժամին պետք է նայել որպես հնարավորություն: Նա նկատեց՝ ապրիլի 24-ին այս տեսական թեզն ամենավառ և ամենահիշարժան արտահայտումը գտավ: «Ինչպե՞ս կարելի էր ապրիլի 24-ին մարդկանց արգելել բարձրանալ Ծիծեռնակաբերդ, դա աներևակայելի մի բան էր թվում, և մյուս կողմից ինչպե՞ս կարելի էր թույլ տալ՝ իմանալով, որ դրա արդյունքում մենք ամեն օր ոչ թե մեկ տասնյակ,  այլ մի քանի հարյուր կորոնավիրուսային դեպքեր ենք ունենալու, և իրավիճակը վստահաբար դուրս է գալու հսկողությունից: Եվ որոշեցինք առաջնորդվել «ճգնաժամը որպես հնարավորություն» թեզով: Մենք մեր մասին, մեր պատմությունը պատմեցինք առանց աղաղակի, մենք ոգեկոչեցինք, շատ ուժեղ, տեսանելի, լսելի, բայց առանց ողբի: Ինքներս մեզ նայեցինք այլ տեսակետից: Եվ այդ հայացքը, մեր այդ կերպարը, համոզված եմ, բոլորիս շատ դուր եկավ»,-ասաց Փաշինյանը:
Նա նշեց՝ ուրախ է, որ շատերը հարց էին բարձրացնում, նկատում, թե ինչպես կարելի է ապրիլի 24-ին Ծիծեռնակաբերդ բարձրանալ արևածաղիկ չրթելով: «Կարծում եմ, որ ինքներս մեզ համար քաղաքակրթական նոր նշաձող սահմանեցինք՝ ինքներս մեր մասին պատմելու, ինքներս մեզ ներկայացնելու: Մենք մեր ինքնության նոր քաղաքակրթական նշաձող սահմանեցինք»,-նշեց վարչապետը: 
Նա նկատեց, որ Ծիծեռնակաբերդ մուտքը փակելու վերաբերյալ, սակայն, շատ կանխատեսելի շրջանակներից եղան նաև շատ կոնկրետ մեկնաբանություններ, թե իշխանությունը հատուկ է փակում Ծիծեռնակաբերդը, որ մոռացության մատնի ցեղասպանության պատմությունը: Փաշինյանն արձագանքեց. «Մենք ցույց տվեցինք ազգայինի մեր ընկալումը և հակադրեցինք այն հին ընկալումներին, որոնք ես անվանում եմ «ատկատային» ընկալումներ: Ոմանք թերևս չեն խորշել ազգային միջոցառումների տակ նաև որոշակի ատկատներ ապահովել: Մենք ցույց տվեցինք մեր իշխանության, մեր կառավարության, հեղափոխության գաղափարախոսության ընկալումը՝ ազգային ինքնության, հայի տեսակի, հայի կերպարի: Եվ այդ ընկալումը մենք հակադրում ենք մինչև այժմ եղած շատ ընկալումներին: Ազգային ասելով՝ ավելի քան 25 տարի ազգին թշվառացրել են, ազգին թալանել են, և դա արել են ազգային ամենաբարձր կարգախոսների ներքո»,-նշեց Փաշինյանը:
Վարչապետը նաև հայտնեց, որ մտածում են նաև հաջորդ տարվա միջոցառումների մասին: Նա նշեց՝ եթե կորոնավիրուսը չխանգարի,  նախկինի նման հարյուր հազարներով, ֆիզիկական երթով բոլորը կրկին կբարձրանան Ծիծեռնակաբերդ, բայց այս տարվա միջոցառումների փորձը կօգտագործվի, որպեսզի միջոցառումները ամեն տարվա հետ լինեն ավելի ու ավելի տպավորիչ:
2020 թվականի ապրիլի 24-ին՝ Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցին, Հայաստանում կորոնավիրուսի համաճարակի պատճառով տեղի չունեցավ ավանդական քայլերթը, Ծիծեռնակաբերդի մուտքն այդ օրը փակ էր, սակայն կազմակերպվել էին այլընտրանքային ոգեկոչաման միջոցառումներ: Մասնավորապես մարդիկ, կարճ հաղորդագրություններով իրենց անուն-ազգանուններն ուղարկելով, հնարավորություն ստացան մասնակցել վիրտուալ երթին: Նրանց անունները յուրահատուկ համերգային և լուսային ծրագրի ընթացքում արտացոլվեցին հուշահամալիրի սյուների վրա։
Աննա Գրիգորյան

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am