Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Պետությունն աջակցության ծրագիր ունի բոլոր ուսանողների համար

Պետությունն աջակցության ծրագիր ունի բոլոր ուսանողների համար

ԵՐԵՎԱՆ, 20 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պետությունը աջակցություն կտրամադրի բոլոր ուսանողներին, կախված միջին որակավորման գնահատականից (ՄՈԳ), ուսանողները հնարավորություն կստանան ստանալ անտոկոս կամ շատ ցածր տոկոսադրույքով վարկ:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ասուլիսում հայտնեց  ՀՀ վարչապետի օգնական Նաիրի Սարգսյանը՝ պատասխանելով հարցին՝ հնարավո՞ր է, որ 14-րդ միջոցառման մեջ ընդգրկվեն նաև հեռակա ուսուցման համակարգում սովորող ուսանողները:

Նա նախ շեշտեց, որ բոլոր միջոցառումների մեջ կառավարությունը ցանկանում է դնել մոտիվացիոն մեխանիզմներ: «Նույն մեխանիզմն ենք որոշել դնել նաև 14-րդ միջոցառման մեջ: Սրանով խրախուսում ենք լավ սովորելը, այսինքն` բարձր առաջադիմությամբ ուսանողները, գերազանցիկները պետք է վարձի պատճառով համալսարանից դուրս չմնան:  Սակայն մենք ծրագիր ունենք նաև բոլոր ուսանողների համար՝ անկախ նրանց առաջադիմության մակարդակից և բուհի կարգավիճակից: Նախնական քննարկման արդյունքում 80 և ավելի ՄՈԳ ունեցողները կունենան անտոկոս ուսանողական վարկ վերցնելու հնարավորություն, իսկ նրանք, որոնք ավելի ցածր առաջադիմությամբ են սովորում, տարեկան 5 տոկոս տոկոսադրույքով վարկ կստանան»,-ասաց Սարգսյանը:

Ավելի վաղ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնել էր, որ հակաճգնաժամային 14-րդ միջոցառման շրջանակում պետությունը պատրաստվում է աջակցություն ցուցաբերել ուսանողներին: Պետական բուհերի առկա համակարգի բակալավրիատի, մագիստրատուրայի եւ օրդինատուրայի 90 եւ ավել ՄՈԳ ունեցող եւ ավարտական կուրսում գտնվող ուսանողների կիսամյակի ուսման վարձերը կառավարության կողմից կվճարվեն 100 տոկոսով։ 90 եւ ավելի ՄՈԳ ունեցող ոչ ավարտական կուրսերի ուսանողների կիսամյակային ուսման վարձերը կվճարվեն 75 տոկոսով։ Ուսանողական վարկերի տրամադրման ընթացակարգը կպարզեցվի։ 80-ից բարձր ՄՈԳ ունեցող ուսանողների գործող եւ նոր տրվող վարկերի տոկոսները 2020 թվականի համար կզրոյացվեն՝ այդ թվում պետության կողմից հավատարմագրում ունեցող բուհերի ուսանողների համար։ 80-ից ցածր ՄՈԳ ունեցող ուսանողների համար վարկերի տոկոսները կսուբսիդավորվեն 5 տոկոսով, այսինքն` վարկերը հասանելի կլինեն 4 տոկոսով։ Ուսանողները վարկի մայր գումարը սպասարկում են բուհն ավարտելուց հետո։

Աննա Գրիգորյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am