Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   28 Մայիս

COVID-19-ը չի շրջանցել նաև անշարժ գույքի շուկան. ի՞նչ միտումներ են նկատվում

 COVID-19-ը չի շրջանցել նաև անշարժ գույքի շուկան. ի՞նչ միտումներ են նկատվում
ԵՐԵՎԱՆ, 20 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանում տարածված կորոնավիրուսն ազդել է տնտեսության գրեթե բոլոր ճյուղերի վրա, անմասն չի մնացել նաև անշարժ գույքի ոլորտը․ նվազել են կատարված գործարքները, սակայն գների անկում չի նկատվում։ 
«Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ կադաստրի կոմիտեի ղեկավարի տեղակալ Արման Պետրոսյանը։
- Պարոն Պետրոսյան, երկրում հաստատված արտակարգ դրությունն ի՞նչ ազդեցություն է ունեցել և շարունակում ունենալ անշարժ գույքի ոլորտի վրա։ 
- Սույն թվականի մարտի 16-ից երկրում հաստատված արտակարգ դրությունն իր բացասական ազդեցությունն է ունեցել և դեռևս կունենա Հայաստանի Հանրապետության տնտեսության գրեթե բոլոր ճյուղերի վրա, այդ թվում նաև՝ անշարժ գույքի շուկայի։ Ներկայումս արձանագրում ենք միայն անշարժ գույքի նկատմամբ իրականցվող գործարքների քանակների նվազում, սակայն եթե մի քանի ամիս ևս արձանագրենք գործարքների քանակների նվազում, ապա կսկսեն նվազել նաև անշարժ գույքի գները։ 
- Ինչպե՞ս եք աշխատում արտակարգ դրության պայմաններում։
- Ստեղծված իրավիճակում Կադաստրի կոմիտեն իր լիազորությունների շրջանակներում փորձում է իրականացնել հնարավորը, որ անշարժ գույքի շուկան շարունակի գործել հնարավորինս բնականոն պայմաններում։ Չնայած, համաձայն պարետի որոշման, ներկայումս կոմիտեի բոլոր սպասարկման գրասենյակները չեն աշխատում, սակայն Կոմիտեն յուրաքանչյուր դիմումատուի ընձեռել է հնարավորություն ցանկացած տեսակի դիմում ներկայացնել կոմիտեի առցանց էլեկտկտրոնային հարթակի միջոցով։ Կոմիտե ներկայացված յուրաքանչյուր դիմում բավարարվում է սահմանված ժամկետներում՝ առանց ուշացումների։ Բացի այդ դիմումներն առցանց ներկայացնելու գործընթացը դյուրին դարձնելու նպատակով կոմիտեում գործում է թեժ գիծ, որի միջոցով կոմիտեի մասնագետները մեթոդական աջակցություն են ցուցաբերում առցանց դիմումներ ներկայացնելու ցանկություն ունեցողներին։
- Արդյոք, անշարժ գույքի ոլորտում առաջացել է առաջարկ-պահանջարկի որակական անհամապատասխանություն։
- Բնականաբար, ցանկացած իրավիճակ, որն իր մեջ որոշակի անորոշություններ է պարունակում, ստեղծում է սպասողական տրամադրություններ, որոնք բացասական են ազդում, մասնավորապես, անշարժ գույքի նկատմամբ այդ պահին առկա գնողունակ պահանջարկի վրա։ Եթե ավելի պարզ ասեմ, անշարժ գույքի պոտենցիալ ձեռքբերողները դառնում են ավելի զգուշավոր և հաճախ ձեռնպահ են մնում ֆինանսական մեծ գործարքներ կատարելուց՝ նախընտրելով սպասել իրավիճակի որոշակի կայունացման։ Նշեմ, որ ստեղծված իրավիճակում առավել շատ նվազել է անշարժ գույք վարձակալելու պահանջարկը։
- Ո՞ր դեպքում կարող է լինել անշարժ գույքի գների նվազում։
- Անշարժ գույքի շուկայում դեռևս գների նվազում չի արձանագրվում, սակայն անշարժ գույքի նկատմամբ գնողունակ պահանջարկի հետագա նվազումը, ինչ խոսք, իր բացասական ազդեցությունը կունենա նաև անշարժ գույքի գների վրա։ Ինչ վերաբերում է անշարժ գույքի նկատմամբ իրականացվող գործարքների քանակների նվազմանը, ապա այս փուլում այն պայմանավորված է կորոնավիրուսի համաճարակի պատճառով հանրապետությունում գործող սահմանափակումներով և անշարժ գույքի շուկայի մասնակիցների մոտ սպասողական տրամադրությունների առկայությամբ, սակայն հետագայում այն հիմնականում պայմանավորված կլինի տնտեսության վրա համաճարակի բացասական ազդեցությամբ։  
- Ինչպիսի՞ վիճակագրություն է այսօր՝ 2020 թվականի փետրվար-մարտ ամիսներին, եթե համեմատենք 2019 թվականի նույն ժամանակահատվածի հետ։ Այս տարի գնանկումներ եղե՞լ են կամ գործարքների ա՞ճ, թե՞ նվազում է նկատվել։ 
- 2020թ․ փետրվարին հանրապետությունում անշարժ գույքի շուկայում գրանցվել է 16 հազար 432 գործարք, որը 2019թ․ փետրվարի համեմատ աճել է 24.3%-ով։ 2020թ․ մարտին գրանցվել է 15 հազար 442 գործարք, որը, չնայած 2019թ․ մարտի համեմատ աճել է 1.5%-ով, 2020թ․ փետրվարի համեմատ նվազել է 6%-ով։
Ինչ վերաբերում է անշարժ գույքի գներին, նշեմ, որ այս շուկայում բավականին երկար ժամանակահատված է, ինչ պարբերաբար արձանագրվում է անշարժ գույքի գների աճ։ Ներկայումս այդ միտումները դեռևս շարունակվում են և օրինակ, Երևան քաղաքում 2020 թվականի մարտին բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանների 1 քմ մակերեսի հաշվարկով շուկայական միջին գները 2020 թվականի փետրվար ամսվա համեմատ՝ աճել է 0.6 %-ով, սակայն ինչպես արդեն նշեցի, եթե մի քանի ամիս պարբերաբար արձանագրվի անշարժ գույքի գործարքների նվազում, ապա կսկսեն նվազել նաև անշարժ գույքի գները։
Հարցազրույցը՝ Լիլիթ Դեմուրյանի




https://zen.yandex.ru/id/5dee07a31e8e3f00ae3051c1


youtube

Բոլոր նորությունները    


New Xar

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ