Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   29 Նոյեմբեր

Լեզվի կոմիտեն հորդորում է պետական մարմիններին անտեսել քաղաքացիների լատինատառ նամակները

Լեզվի կոմիտեն հորդորում է պետական մարմիններին անտեսել քաղաքացիների 
լատինատառ նամակները

ԵՐԵՎԱՆ, 16 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լեզվի պետական կոմիտեի նախագահ Դավիթ Գյուրջինյանը հորդորում է պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմիններին ընթացք չտալ և անտեսել այն քաղաքացիների էլեկտրոնային նամակները, որոնք գրում են լատինատառ, ռուսատառ, խառնատառ հայերենով:

Այս մասին Գյուրջինյանն ասաց «Արմենպրես» պետական լրատվական գործակալության տնօրեն Արամ Անանյանի  հետ տեսակապով զրույցի ընթացքում:

«Համավարակը մի շատ վտանգավոր բան բացահայտեց: Եթե առաջ հանրային (սոցիալական) ցանցերում  տեսնում էինք լատինատառ, ռուսատառ կամ  խառնատառ գրություններ և մարդկանց հորդորում էինք անցնել հայատառի, փորձում էինք  անտեսել այդ գրառումները,  և դա անձնական դաշտում էր, ապա հիմա ահավոր մի բան է նկատվում: Այդ մասին լեզվի կոմիտեն հատուկ կոչ ուղղեց պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմիններին, ինչո՞ւ, որովհետև  այս շրջանում, երբ քաղաքացիների հետ հաղորդակցումը հիմնականում առցանց եղանակներով է՝ էլեկտորնային նամականեր և այլն, նկատվեց, որ լատինատառ, ռուսատառ, խառնատառ գրությունների հեղեղ է: Նման նամակներ են ուղարկվում պետական մարմիններին, և մենք կոչ արեցինք, որ պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմիններն ընթացք չտան և անտեսեն այդ գրությունները, այլապես խայտառակ մի բան կլինի»,-շեշտեց Գյուրջինյանը:

Նա հիշեցրեց, որ մենք ունենք սահմանադրություն, լեզվի մասին օրենք. հայերենը պատկերացնում ենք միայն և միայն մեսրոպատառ, և մենք մեր պետությունում տեսնում ենք, որ ՀՀ քաղաքացիներն անպատասխանատու քայլեր են անում, որն անհարգալից վերաբերմունք է հայոց լեզվի նկատմամբ և միաժամանակ օրենքի խախտում է:

«Եթե պետական մարմինը կամ տեղական ինքնակառավարման մարմինն արձագանքեն լատինատառ, ռուսատառ, խառնատառ հայերեն գրառումներին, դա օրենքի խախտում է և ենթադրվում է պատասխանատվություն վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի համաձայն: Գործավարությունը Հայաստանում  հայերենն է, իսկ հայերենը ենթադրում է  հայատառ գրություն»,-շեշտեց նա:

Լեզվի կոմիտեի նախագահի հավաստիացմամբ՝ եթե անգամ պատասխանատվության հանգամանքը չլիներ, անպատկերացնելի է, որ 21-րդ դար հասած պետականություն ունեցող մեր ազգի ներկայացուցիչներն այսպես են վարվում հայոց լեզվի հետ: Նա հիշեցրեց, որ հիմա հայատառ գրելու բոլոր տեխնիկական միջոցները կան:

Անժելա Համբարձումյան





https://zen.yandex.ru/id/5dee07a31e8e3f00ae3051c1


youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ