Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   6 Հուլիս

Հեռավար կրթության հնարավորությունները և առաջացած խնդիրները. պատմում են աշակերտներն ու ուսուցիչները

Հեռավար կրթության հնարավորությունները և առաջացած խնդիրները. պատմում են 
աշակերտներն ու ուսուցիչները
ԵՐԵՎԱՆ, 8 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում արտակարգ դրություն հայտարարելուց ի վեր դասերը դասասենյակներից տեղափոխվեցին օնլայն տիրույթ: Եթե նախկինում սմարթֆոնները աշակերտներին խանգարում էին դասի վրա կենտրոնանալուց, ապա այսօր առանց դրանց պարզապես հնարավոր չէ: Ուսուցիչները ստեղծված իրավիճակում հեռավար դասերը համարում են փրկություն, այսպիսով թույլ չեն տալիս երեխաներին մոռանալ սովորածը, օգտվում են համացանցի ընձեռած այլ հնարավորություններից, սակայն միևնույն է նախընտրում են դասերի անցկացման «ավանդական տարբերակը»: «Արմենպրես»-ի հետ զրուցած աշակերտները կարծես թե ևս «ավանդական տարբերակի» կողմնակիցն էին:
Արտաշատի համար 3 հիմնական դպրոցի պատմության ուսուցչուհի Հրանուշ Վարդանյանը ստեղծված պայմաններում կրթության այս տարբերակը համարում է պարզապես փրկություն: Նա հիշում է՝ 1990-ականներին վառարանների մոտ դաս անցկացնելը երբեմն ավելի դժվար էր, դասերը երբեմն 15-20 րոպե էին տևում կամ ինչ-որ ժամանակով ընդհատվում:  Պատմության ուսուցչուհին դասերն անցկացնում է հայտնի Zօօm-ով և Viber-ով, հարմարվում է աշակերտների հնարավորություններին: «Չի կարելի պարտադրել մեկ ծրագիր, որ աշակերտը ներգրավվի: Պետք է այնպես անել, որ աշակերտը ներգրավված լինի՝ ըստ իր հնարավորության: Սակայն երեխաները մեծ պատասխանատվությամբ ու սիրով են ներգրավվում»,-նկատեց Վարդանյանը:
Դասապրոցեսին երբեմն խանգարում են միայն տեխնիկական խնդիրները: Ուսուցչուհին նկատեց՝ որոշ ընտանիքներում կապ հաստատելու համար մեկ տեխնիկա կա, իսկ տանը աշակերտները մի քանիսն են, այսպիսով նրանցից մեկն ու մեկը տուժում է: Վարդանյանն ըմբռնումով է մոտենում, լրացուցիչ հանձնարարականներ այս ընթացքում շատ չի տալիս, սակայն երբեմն օգտվում է համացանցի ընձեռած հնարավորություններից, աշակերտներին ուղարկում է դասերի թեմաների վերաբերյալ տարբեր տեսանյութեր, որոնք հնարավորություն են տալիս ուսուցչից բացի լսել օրինակ մեկ այլ դասախոսի:
Օնլայն դասերին «գլուխ պահող» աշակերտներ ևս լինում են, սակայն ուսուցչուհին նկատեց՝ այնպես, ինչպես սովորական դասերի ժամանակ է պատահում: Տեխնիկական խնդիրներից զատ, Վարդանյանը հեռավար կրթության տարբերակում գտել է նաև դրական կողմեր. «Հիմա ծնողներն էլ աշակերտների կողքին են, նրանք ավելի զգոն են: Ծնողներն ավելի շատ ուշադրություն են դարձնում»։ Աշակերտ-ուսուցիչ անմիջական շփումը, սակայն, ոչնչով չի փոխարինվի: 
Նույն դպրոցի 6-րդ դասարանի աշակերտ Հայկ Սայադյանին տնից դաս անելն այնքան էլ դուր չի գալիս, բայց միևնույն ժամանակ հասկանում է՝ անհրաժեշտ է: «Օրինակ իմ հեռախոսի հետ խնդիր է առաջանում, երբեմն ձայները չեմ լսում»,-ասում է նա:
Սակայն Հայկն այս ամենում դրական կողմ ևս գտել է. «Տնայիններս անում եմ, երբ ուզում եմ»,-կատակում է: 
Առարկաների մի հատվածի առաջադրանքները Հայկը ստանում է Viber-ով, անում դրանք, նկարում և ուղարկում ուսուցչին: Ոգևորությամբ է նշում. «Դասատուն ասում է՝ եթե չեք հասկանում, զանգեք, կպատասխանեմ: Մենք էլ զանգում ենք»:
Երևանի թիվ 180 հիմնական դպրոցի 4-րդ դասարանի աշակերտուհի Սվետլանա Սաֆարյանը նկատել է, որ հեռավար դասերին ուսուցիչներն ավելի խիստ են, դասերն էլ ավելի երկար են տևում: Սվտելանան ևս առարկաներից 3-ի դասերն անում է Zoom ծրագրով՝ ամբողջ դասարանով, մնացած առարկաների ուսուցիչներին ֆոտո կամ վիդեո տարբերակով հանձնում է տնային աշխատանքները: «Ավելի լավ է, որ դպրոց գնայինք: Ձայնը լավ չի լսվում, երբեմն սխալ ենք իրար հասկանում: Դպրոցում հարմար է»,-ասում է աշակերտուհին:
Հետաքրքիր է նաև, թե ինչպես են անցնում երաժշտության դասերն օնլայն տարբերակով: 
Երաժշտական դպրոցի դաշնամուրի ուսուցչուհի Նելլի Հասրաթյանն աշակերտների հետ պարապելու համար նախընտրում է ֆեյսբուքի մեսենջերը, նախ խոսում է դժվարությունների մասին. «Մենք պետք է լինենք աշակերտի կողքին նստած, որպեսզի բռնենք ձեռքը, որ ճիշտ դիրքով նվագի: Բայց գոնե պահում ենք ստաբիլ վիճակ, որ հետ չվարժվեն, չմոռանան նյութերը»,-ասաց նա: 
Կան նաև աշակերտներ, որոնք դաշնամուր չունեն տանը, նրանց հետ այսպիսով հնարավոր չէ պարապել:
Աննա Գրիգորյան




https://zen.yandex.ru/id/5dee07a31e8e3f00ae3051c1


youtube

Բոլոր նորությունները    


New Xar

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ