Ոստիկանության «Արշալույս» առողջարարական ճամբարը լուծարվում է
2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 2 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կառավարության որոշմամբ Ոստիկանությանը ենթակա «Արշալույս» առողջարարական ճամբարը, որը գտնվում է Կոտայքի մարզի Արզական գյուղում, լուծարվում է:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ, որոշումն ընդունվեց գործադիրի ապրիլի 2-ի նիստում:
Ըստ հիմնավորման, նախագծով նախատեսվում է դադարեցնել ոստիկանության գործունեության բնագավառին ոչ բնորոշ գործառույթներ իրականացնող՝ ոստիկանությանը ենթակա կազմակերպության գործունեությունը:
«Արշալույս» առողջարարական ճամբարը ստեղծվել է ՀՀ կառավարության 2005 թ. մարտի 3-ի որոշմամբ: Ճամբարի հիմնական նպատակներն են ոստիկանությունում ծառայողների երեխաների, ինչպես նաև նրանց ընտանիքի մյուս անդամների հանգստի կազմակերպումը:
Ճամբարի եկամուտները ձևավորվում են ՀՀ պետական բյուջեից ՀՀ ոստիկանությանը հատկացվող, ինչպես նաև ձեռնարկատիրական գործունեությունից ստացվող միջոցներից:
ՊՈԱԿ-ի փաստացի եկամուտները (մուտքերը) 2017-2018 թթ. կազմել են, համապատասխանաբար ըստ տարիների, 25,015.0 հազ. դրամ և 25,962.2 հազ. դրամ :
ՊՈԱԿ-ի հաստիքների թիվը 32.5 միավոր է: Առողջարարական ճամբարում տարվա ընթացքում համապատասխան հերթափոխներով հանգստացող դպրոցահասակ երեխաների թիվը 2017-2018 թթ. կազմել է, համապատասխանաբար ըստ տարիների, 442 և 436 երեխա, որոնցից 413-ը և 406-ը՝ ոստիկանությունում ծառայողների երեխաներ:
Նշված ժամանակահատվածում առողջարարական ճամբարի մեկ հերթափոխում, մեկ երեխայի հանգստի կազմակերպման ծախսը միջին հաշվով կազմել է շուրջ 58 000 դրամ: