Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   30 Մարտ

Եթե մեկ վայրկյան թերանամ իմ գործում, ինձ բոլորը կհաղթեն. Արսեն Հարությունյան  

Եթե մեկ վայրկյան թերանամ իմ գործում, ինձ բոլորը կհաղթեն. Արսեն Հարությունյան

 

ԵՐԵՎԱՆ, 25 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ըմբշամարտը եղել և մնում է հայկական սպորտի հենակետային մարզաձևերից մեկը: Ի տարբերություն հունա­հռոմեական ոճի ըմբշամարտի, ազատ ոճն այնքան էլ մեծ ձեռքբերումներ չունի միջազգային հարթակներում: Սակայն վերջին տարիներին իր մասին խոսել է ստիպում երիտասարդ ըմբիշ Արսեն Հարությունյանը, ով նախորդ տարի դարձավ Եվրոպայի չեմպիոն, իսկ այս տարի` բրոնզե մեդալակիր:

«Արմենպրես»-ի հետ զրույցում Հարությունյանը խոսեց իր հաջողությունների, մարզիկի կրթվածության և աշխատասիրության մասին:

-Ձեր յուրաքանչյուր հաջողություն պատանիների մոտ մեծ ոգևորություն է առաջացնում, և նրանք ձգտում են նմանվել ձեզ. ամենայն հավանականությամբ, դա ձեզ ավելի պատասխանատու է դարձնում:

-Այո, շատ պատասխանատու է դարձնում: Ես ինձ հիշում եմ պատանի տարիքում, թե ինչպես էի ոգևորվում, երբ իմ ավագ ընկերները դառնում էին Եվրոպայի, աշխարհի և Օլիմպիական խաղերի չեմպիոններ: Ես ինքս էլ  ոգևորում եմ իմ փոքր եղբայրներին և բոլոր երեխաներին, ինչպես ինձ են ոգևորել մեր չեմպիոնները:

-Որտեղի՞ց ձեզ այդքան ուժ. ինչ եք կարծում՝ այն բնատո՞ւր է տրված, թե քրտնաջան աշխատանքի արդյունք է:

-Ես չեմ կարծում, որ այն բնատուր է: Այն իմ քրտնաջան աշխատանքի շնորհիվ է, եթե ես մեկ վայրկյան թերանամ իմ գործի մեջ, ինձ բոլորն էլ կհաղթեն: Իմ աշխատասիրության հաշվին եմ կարողանում հաղթել և նույն կերպ շարունակելու եմ աշխատանքս մինչև նպատակներիս հասնելը:

-Ո՞վ եք դուք սպորտից դուրս, ինչո՞վ եք սիրում զբաղվել:

-Ավելի շատ սիրում եմ ակտիվ հանգիստ, երբ ազատ ժամանակ եմ ունենում, գնում եմ մոտոցիկլետ վարելու և ձկնորսության:

-­Սովորում եք Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտում: Ինչքանո՞վ  եք կարևորում կրթությունը մազիկի կյանքում:

-Կրթությունը շատ կարևոր է մարզիկի կյանքում, եթե մարզիկը կրթված չլինի, չի կարողանա լավ մարզիկ դառնալ: Փորձում եմ համատեղել. երբ հավաքների չեմ լինում, անպայման հաճախում եմ դասերի, փորձում եմ բացը լրացնել ինքնակրթությամբ։ Ես շատ եմ սիրում գրքեր կարդալ:

-Արսեն, Եվրոպայի առաջնության գոտեմարտի վերջնամասում, երբ մրցակիցը վնասվածք ստացավ, ինչպե՞ս կարողացաք այդքան լարված պայքարում միաժամանակ օգնել նրան:

-Ես  ինձ բարի մարդ եմ համարում, երբ սուլիչի հնչելուց հետո մտնում ես գորգ, պետք է մինչև վերջին վայրկյանը պայքարես հաղթելու համար, բայց երբ ավարտի սուլիչն է հնչում, պետք է բարի լինել հակառակորդի նկատմամբ: Ես միշտ աշխատում եմ իմ հակառակորդների հետ բարի ու ազնիվ լինել: Կցանկանամ նշել, որ շատ ուրախ եմ, քանի որ ինձ հետ աշխատում են ամենալավ մարզիչները, ամենալավ բժիշկներն ու ամենալավ հոգեբանները, շատ շնորհակալ եմ նրանց: Ես վստահ եմ, որ լսելով նրանց խորհուրդները՝ բարձր արդյունքների կհասնեմ:





https://zen.yandex.ru/id/5dee07a31e8e3f00ae3051c1

https://www.gov.am/files/docs/3969.pdf
youtube

Բոլոր նորությունները    


New Xar

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ