Հասարակական

Ադրբեջանից բռնագաղթած փախստականներին հանձնվել են բնակարանի գնման ևս 20 վկայագրեր

3 րոպեի ընթերցում

Ադրբեջանից բռնագաղթած փախստականներին հանձնվել են բնակարանի գնման ևս 20 վկայագրեր

ԵՐԵՎԱՆ, 20 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բնակարանի գնման ևս 20 վկայագրեր են հանձնվել Ադրբեջանից բռնագաղթած և 30 տարի անօթևան մնացած ընտանիքներին։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության Միգրացիոն ծառայությունից, կորոնավիրուսի վարակի տարածման հավանականությունը նվազեցնելու նպատակով և ելնելով այն հանգամանքից, որ շահառուները հիմնականում տարեց փախստականներ են, Միգրացոին ծառայության աշխատակիցները անձամբ են հասցրել վկայագրերը բնակավայրեր։

«2019 թ-ի նոյեմբերի 21-ին Կառավարությունն ընդունեց «Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեում վերաբաշխում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի դեկտեմբերի 27-ի N1515-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և Հայաստանի Հանրապետության տարեկան պետական բյուջեով նախատեսված հատկացումների հաշվին բնակարանների գնման վկայագրերի տրամադրման միջոցովբնակարանային ապահովման ծրագրի մասին» որոշումները։

Այդպիսով, Ադրբեջանից բռնագաղթած և անօթևան մնացած 112 ընտանիքներին տրամադրվում են բնակարանի գնման վկայականներ։ Մասնավորապես, ծրագրի իրականացման համար հատկացվել է մոտ 1,5 մլրդ դրամ։ Վկայագրի միջոցով բնակարանի ձեռքբերման ժամկետը սահմանվում է 1 տարի։

1988-1992 թվականներին Ադրբեջանի Հանրապետությունից բռնի տեղահանված ընտանիքների բնակարանային խնդրի լուծման աշխատանքները, հաշվի առնելով պահանջվող ֆինանսական միջոցների բավականաչափ մեծ ծավալը, տարանջատվել են ըստ առաջնահերթության: ՀՀ ՏԿԵՆ միգրացիոն ծառայությունն առաջնորդվել է ըստ Երևան քաղաքի վարչական շրջանների (Աջափնյակ, Ավան, Մալաթիա-Սեբաստիա, Նորք-Մարաշ, Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջաններ), և ընդգրկել է մասնավոր սեփականություն հանդիսացող, սակայն Ադրբեջանից բռնագաղթած ընտանիքների կողմից զբաղեցրած կացարանները: Մասնավոր սեփականություն հանդիսացող կացարանների («Սեբաստիա» հյուրանոց, «Նաիրի» հյուրանոց, «Ինտերռիմինի» ՍՊԸ-ին սեփականության իրավունքով պատկանող հանրակացարան) ընդգրկումը պայմանավորված է այս ընտանիքների անօթևանության մեջ հայտնվելու ամենօրյա վտանգով, քանի որ այդ ժամանակավոր կացարաններից սեփականատերերի կողմից ազատման պահանջ ներկայացվելու դեպքում այդ ընտանիքների պաշտպանվածության իրավական արդյունավետ մեխանիզմները բացակայում են: Արդյունքում, Երևան քաղաքի վարչական շրջաններում հերթականությամբ ամբողջությամբ և վերջնականապես լուծվում են Ադրբեջանից բռնագաղթած ընտանիքների բնակարանային հարցերը:

Հիշեցնենք, որ մարտի 4-ին Տարածքային կառավարման և ենթակառուցվածքները նախարար Սուրեն Պապիկյանը ծրագրի շահառու առաջին քսան ընտանիքներին հանձնեց բնակարանի գնման վկայականներ»,- ասվում է հաղորդագրության մեջ։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում