Տնտեսություն

Նախարարի կարծիքով` պղնձի ցածր գինը բարդություններ կստեղծի հայաստանյան ընկերությունների համար

3 րոպեի ընթերցում

Նախարարի կարծիքով` պղնձի ցածր գինը բարդություններ կստեղծի հայաստանյան ընկերությունների համար

ԵՐԵՎԱՆ, 19 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը կարծում է, որ պղնձի համաշխարհային գների նվազեցումը բարդ պայմաններ կստեղծի հայաստանյան կազմակերպությունների համար: Կառավարությունը քննարկում է, թե ինչպես կարող է արձագանքել այս խնդիրներին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` նախարարն այս մասին հայտնեց Կորոնավիրուսի տարածման տնտեսական հետևանքների և հակազդման առաջիկա գործողությունների թեմայով ասուլիսում:

«Նոր տնտեսական իրողության պայմաններում առաջին հարվածն իրենց վրա վերցնողներից մեկը զբոսաշրջությունն ու դրան առնչվող ծառայություններն են: Երկրորդը` մեր արտահանող այն կազմակերպությունները, որոնց հիմնական շուկան Ռուսաստանն է. նավթի գները կորոնավիրուսի տարածման ժամանակում անկում ապրեցին, և, այդպիսով, ՌԴ-ի տնտեսության մեջ ստեղծեցին որոշակի փոփոխություններ: Եվ երրորդն այդ նույն պատճառով աշխարհում պղնձի գնի նվազումն էր, որը այս պահին գտնվում է մոտ 1 տոննայի դիմաց 4800 դոլարի շրջանակում: Սա զգալիորեն ցածր գին է: Հայաստանն իր արտահանման կառուցվածքում մեծ չափով ունի պղնձի խտանյութերի արտահանումը, նախորդ տարվա ընթացքում մոտ 550 մլն դոլարը գերազանցող արժեքով խտանյութերի արտահանում է տեղի ունեցել: Այս տարեսկզբին պղձի գները, հավանական է, որ մոտ են եղել 1 տոննայի համար 6000 դոլար սահմանագծին: Ակնհայտ է, որ այս գինը երկարաժամկետ առումով շատ դժվար պայմաններ է ստեղծում կազմակերպությունների յուրաքանչյուրի համար»,-ասաց Խաչատրյանը:

Նա վստահություն հայտնեց, որ կազմակերպությունները նույնպես մտածում են, թե նոր պայմաններում ինչպես պետք է ծախսային վերակազմակերպումն անցնեն, որպեսզի կարողանան ավելի հուսալի ձևով դիմակայել մարտահրավերին: Նախարարը նկատեց, որ մեծ հաշվով 4800 դոլարը զգալիորեն ավելի ցածր է, քան հայաստանյան կազմակերպություններից յուրաքանյուրի միջին գործունեության համար պահանջվող շուկայական պայմանները: «Մենք կառավարությունում քննարկում ենք, թե ինչպես կարող ենք արձագանքել այդ խնդիրներին»,-ասաց նա ու հիշեցրեց, որ կառավարության նիստում ՊԵԿ նախագահն արդեն հայտնել է, որ կառավարությունը կաջակցի բիզնեսին` նրա առաջ կանգնած խնդիրները լուծելու համար:

ՀՀ կառավարությունը Հայաստանում արտակարգ դրություն է հայտարարել: Արտակարգ դրությունը գործում է Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում 2020 թվականի մարտի 16-ից, ժամը 18:30-ից սկսած մինչև 2020 թվականի ապրիլի 14-ը, ժամը 17:00-ն: Կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվը 122 է, որից մեկն արձանագրվել է ինֆեկցիոն հիվանդանոցում աշխատող բուժքրոջ մոտ: Հայաստանում կորոնավիրուսի հաստատված առաջին դեպքը գրանցվել էր մարտի 1-ին: Քաղաքացին Հայաստան էր եկել Իրանից: Նա ապաքինվել է և դուրս է գրվել:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում