Ասիա

Վիետնամում ՀՀ դեսպանը Հանոյում մասնակցել է կանաչ աճին և կայուն զարգացմանը նվիրված չորրորդ գագաթնաժողովի բացմանը

2 րոպեի ընթերցում

Վիետնամում ՀՀ դեսպանը Հանոյում մասնակցել է կանաչ աճին և կայուն զարգացմանը նվիրված չորրորդ գագաթնաժողովի բացմանը

Վիետնամում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Սուրեն Բաղդասարյանը ապրիլի 16-ին մասնակցել է երկրի կառավարության կողմից Հանոյում կազմակերպված «Կանաչ աճի և Կայուն զարգացման Գլոբալ Նպատակների 2030-ի գործընկերություն» (P4G) չորրորդ գագաթնաժողովի բացման նիստին և բարձր մակարդակի վեհաժողովին։ 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է Վիետնամում Հայաստանի Հանրապետության դեսպանությունը։

«Այս նշանակալի միջոցառումը ներկա էին աշխարհի տարբեր երկրների կառավարությունների, բիզնեսի և քաղաքացիական հասարակության առաջնորդներ՝ նպաստելով ընդգրկուն կանաչ աճին և կլիմայական գործողություններին՝ նորարարական պետական-մասնավոր գործընկերությունների միջոցով»,-նշված է ՀՀ դեսպանության տարածած հաղորդագրության մեջ։ 

Նշվում է, որ Հանոյի գագաթնաժողովի ընթացքում քննարկվել են ՄԱԿ-ի Կայուն զարգացման նպատակներին (SDGs) և Փարիզի համաձայնագրին համահունչ վերափոխող լուծումներ։ 

«Գլխավոր թեմատիկ ուղղությունները ներառում էին վերականգնվող էներգետիկա, կայուն գյուղատնտեսություն, ջրային և քաղաքային կայունություն, շրջանաձեւ տնտեսություն և կլիմայական ֆինանսավորում։ Միջոցառմանը ողջույնի ուղերձներով հանդես եկան Վիետնամի Կոմկուսի Կենտկոմի գլխավոր քարտուղար Տո Լամը, ՎՍՀ վարչապետ Ֆամ Մին Չինը, Եթովպիայի վարչապետ Աբիյ Ահմեդ Ալին, Լաոսի վարչապետ Սոնեքսայ Սիֆանդոնեն, Կամբոջիայի փոխվարչապետ Նեթ Սավոյունը, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Ամին Մոհամեդը»,-հաղորդել է դեսպանությունը։ 

P4G-ը՝ Կանաչ աճի և Կայուն զարգացման Գլոբալ Նպատակների 2030-ի գործընկերություն, գլոբալ նախաձեռնություն է, որը միավորում է երկրներին, բիզնեսի ոլորտի և քաղաքացիական հասարակության կազմակերպություններին՝ խթանելու առաջատար գործընկերություններ, որոնք ապահովում են ընդգրկուն և կայուն զարգացում։

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում