Երևանում՝ 11:07,   19 Մարտ 2024

Իրանցի խորհրդարանականների մանիպուլյատիվ գնահատականները վնասում են հայ- իրանական հարաբերությունները

Իրանցի խորհրդարանականների մանիպուլյատիվ գնահատականները վնասում են հայ-
իրանական հարաբերությունները

ԵՐԵՎԱՆ, 19 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Իրանի Մեջլիսի նախագահի միջազգային հարցերով հատուկ օգնական Հոսեյն Ամիր-Աբդոլլահիանը, դատապարտելով Իսրայելում դեսպանություն բացելու Հայաստանի որոշումը, կարծիք է հայտնել, որ այն հակասում է Պաղեստինի ժողովրդի շահերին։ Իրանցի պաշտոնյան նաև համոզմունք է հայտնել, որ Թել Ավիվում ՀՀ դեսպանության բացումը բացասաբար կազդի տարածաշրջանի անվտանգության վրա։  

Թեմայի շուրջ պարզաբանումներ ստանալու նպատակով «Արմենպրես»-ը զրուցել է իրանագետ Արմեն Իսրայելյանի հետ։

Ի՞նչ ազդեցությունի ունի Հոսեյն Ամիր-Աբդոլլայիանը Իրանի արտաքին քաղաքականության վրա,  և արդյո՞ք նրա հայտնած դիրքորոշումը կարելի է համարել Իրանի պաշտոնական դիրքորոշում։

Հոսեյն Ամիր-Աբդոլլահիանը մինչև 2016 թ․ զբաղեցնում էր Իրանի ԱԳ նախարարի տեղակալի պաշտոնը՝ համակարգելով արաբական երկրների և Աֆրիկայի հետ հարաբերությունները։ Նա վայելում էր և Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) և պահպանողականների լիակատար աջակցությունը և նրա կոշտ դիրքորոշումներն ու ոչ դիվանագիտական բառապաշարը երբեմն Իրանի և Մերձավոր Արևելքի արաբական երկրների հարաբերություններում լարվածության առաջացման պատճառ էին դառնում։ Ուշագրավ է, որ Ամիր-Աբդոլլահիանն այն շրջանում պաշտոնանկ արվեց, երբ միջուկային համաձայնության ստորագրումից հետո Հասան Ռոհանիի կառավարությունը փորձում էր բարելավել հարաբերություններն արաբական երկրների հետ։ Եվ պատահական չէ, որ նրա պաշտոնանկությունը մեծ ոգևորություն էր առաջացրել Մերձավոր Արևելքում։

Վերջին տարիներին Իրանում երկիշխանության դրսևորումներն ավելի նկատելի են դառնում։ Նշված պաշտոնյայի հայտարարությունը կարելի է ընդունել այդ տրամաբանության մեջ։ Բազմաթիվ օրինակներ կարելի է բերել, երբ վերջին մեկ տասնամյակի ընթացքում Մեջլիսի կամ ուժային կառույցի որևէ պաշտոնյա, նույնիսկ որոշ երկրներում հավատարմագրված դեսպանները կարող են պաշտոնական դիրքորոշմանը հակասող հայտարարություն անել։ Իհարկե Իրանի ԱԳՆ-ն նման դեպքերում հայտարարում է, թե «Թեհրանի դիրքորոշումը չի փոխվել», սակայն այդ իրողությունն անհասկանալի է գործընկեր երկրների համար։ Եվ Թեհրանից հնչող հակասական հայտարարությունները կարող են վնասել գործընկեր երկրների հետ հարաբերությունները, այլև շատ դեպքերում կարող են վտանգել հենց Իրանի շահերը Հարավային Կովկասում։

Իսրայելում դեսպանություն բացելու Հայաստանի որոշումն Իրանին վաղուց հայտնի է, այդ առումով պաշտոնական Երևանն իր բոլոր գործընկերների հետ թափանցիկ է աշխատում, և իշխանության ամենաբարձր մակարդակով հստակ ներկայացվել է Հայաստանի տարածաշրջանային քաղաքականության առաջնահերթությունները։ Ուստի Իսրայելի հետ Հայաստանի հարաբերությունների առնչությամբ Աբդոլլահիանի արտահայտած «զարմանքը» զարմանալի է, քանի որ նախկին ԱԳ փոխնախարարը, խոսելով Իսրայելի և Հայաստանի հարաբերությունների վերաբերյալ, դրանք փորձում է հակադրել ընդդեմ Պաղեստինի շահերի, այն դեպքում, ինչպես նախագահ Արմեն Սարգսյանի և Պաղեստինի Ազգային իշխանության նախագահ Մահմուդ Աբբասի վերջին հանդիպումն է վկայում, երկկողմ հարաբերություններում չհասկացվածության դրսևորում չկա։

Այդ դեպքում, ինչո՞վ է պայմանավորված նման հայտարարությունը, և ինչո՞ւ է այն հնչում հենց այժմ։

Ամիր-Աբդոլլահիանի հայտարարությանը հետևեցին Թավրիզից ընտրված պահպանողական պատգամավոր Ռուհօլլահ Մոթաֆաքեր Ազադի նույնաբովանդակ Twitter-ի գրառումն ու ԻՀՊԿ ենթակայությամբ գործող կայքերում Իսրայել-Հայաստան հարաբերությունների վերաբերյալ փորձագիտական մանիպուլյատիվ գնահատականներ։

Իրանում տեղի են ունենում քաղաքական վերադասավորումներ։ Ընտրվել է նոր խորհրդարան, որտեղ մեծամասնություն են կազմում պահպանողականները։ Հաշվի առնելով արտգործնախարար Զարիֆի դեմ վերջին մեկ տարվա ընթացքում իրականացվող «արշավը»՝ ակնհայտ է, որ Հասան Ռոհանիի պաշտոնավարման ավարտին փորձ է արվում ԱԳ նախարարությանը զրկել այն ինքնուրույնությունից, որը ձեռք էր բերել 2013 թ․։ Ի դեպ, 2016 թ․ Ամիր-Աբդոլլահիանի պաշտոնանկությունը ևս այդ քաղաքականության մեջ էր տեղավորվում։

Այժմմ Իրանը ցանկանում է, երկրում ստեղծված ծանր իրավիճակը վկայակոչելով, գործընկեր երկրների օգնությամբ ազատվել ամերիկյան պատժամիջոցներից։ Այդ նպատակով Իրանն Ադրբեջանի միջոցով (որպես Չմիավորման շարժումը նախագահող երկիր) դիմել է Չմիավորման շարժման անդամ երկրներին՝ առաջարկելով ԱՄՆ-ի քաղաքականության առնչությամբ համատեղ հայտարարություն ընդունել։ Սակայն Մերձավոր Արևելքի մի շարք երկրներ հրաժարվել են։ Հավանաբար դա նյարդայնացրել է ԻՀՊԿ-ամերձ շրջանակներին և նրանք, արտաքին աջակցություն չստանալով, անհասկանալիորեն թիրախավորել են Հայաստան-Իսրայել հարաբերությունները։

Գուցե Թավրիզից ընտրված պատգամավորը Իրանի որոշ շրջանակների մոտ նման հայտարարություններով ինքնահաստատվելու խնդիր է փորձում լուծել։

Իրանցի հարգարժան խորհրդարանականին Հայաստանի գործողությունների վերաբերյալ կարծիք հայտնելուց առաջ խորհուրդ կտանք տարածաշրջանի անվտանգության մասին խոսելիս գնահատել Իրանի որոշ հարևան երկրների քաղաքականությունը և դրանք համեմատել Հայաստանի տարածաշրջանային քաղաքականության հետ։

 

Ի՞նչ քայլեր պետք է ձեռնարկի Հայաստանը՝ կանխելու նման գործընթացները։

Հայաստանն առնվազն երեք ուղղությամբ պետք է ակտիվ և ամենակարևորը հետևողական աշխատանք տանի։ ԱԳՆ-ն, խորհրդարանն ու փորձագիտական հանրույթը փոխօգնությամբ պետք է աշխատեն։ Հատկապես մեծ անելիք ունի խորհրդարանական դիվանագիտությունը։

Հայաստանի խորհրդարանական դիվանագիտության հիմնական ջանքերն ավանդաբար ուղղված լինելով ԵԽԽՎ-ում և եվրոպական այլ կառույցներում Ադրբեջանի «խավիարային դիվանագիտության» բացասական հետևանքները չեզոքացնելուն, այլ ուղղություններով, մասնավորապես՝ սահմանակից երկրների հետ խորհրդարանական կապերի ակտիվացման գործում բավարար չափով աշխատանք չի իրականացվել: Եվ այսօր այդ բացը լցվում է նմանատիպ հայտարարություններով։ Իրանցի պատգամավորների այդ գործողությունների պատճառը նաև խնդրի վերաբերյալ նրանց անտեղյակությունն է։

Հետևաբար Ազգային ժողովի առաջնահերթություններից մեկը պետք է լինի Հայաստանի հարևան երկրների՝ Իրանի և Վրաստանի հետ խորհրդարանական կապերի ակտիվացումը, ինչպես երկկողմ խորհրդարանական բարեկամության խմբերի հանդիպումների, այնպես էլ ԱԺ-ում գործող առանձին խմբակցությունների և անհատ պատգամավորների գործունեության միջոցով: Եվ այդ գործունեությունը պետք է շարունակական լինի՝ արտահայտվելով տարբեր հարթակներում համագործակցությամբ և խորհրդակցությունների անցկացմամբ։

Հասկանալի պատճառներով որոշ հարցերում Իրանի Մեջլիսի հայազգի պատգամավորների գործունեությունը սահմանափակված է, և այստեղ է, որ պետք է ակտիվություն ցուցաբերեն ՀՀ խորհրդարանականները և փորձեն ոչ միայն ամուր կապեր հաստատել Իրանի խորհրդարանի ազդեցիկ բոլոր խմբակցությունների ներկայացուցիչնեի հետ, դրանք կլինեն բարեփոխական, պահպանողական, թե ԻԻՀ թյուրքախոս նահանգները ներկայացնող խմբակցության պատգամավորները։

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]