Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

«Այո»-ի քարոզարշավն աստիճանաբար ակտիվանում է. քաղաքացին պետք է լավ իմանա ինչի համար է քվեարկելու

«Այո»-ի քարոզարշավն աստիճանաբար ակտիվանում է. քաղաքացին պետք է լավ 
իմանա ինչի համար է քվեարկելու

ԵՐԵՎԱՆ, 10 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հանրաքվեի քարոզարշավի ընթացքի եւ կիրառվող քաղաքական տեխնոլոգիաների մասին «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթը զրուցել է քաղտեխնոլոգ Ռուբեն Մեհրաբյանի հետ։

 

«Այո»-ի քարոզարշավն արդեն մտել է ակտիվ փուլ, ինչպե՞ս կգնահատեք քարոզարշավի սկիզբը։ Ի՞նչ տեխնոլոգիաներ են կիրառվում։

 

–«Այո»-ի քարոզարշավը գործնականում նոր է մեկնարկում եւ մեկնարկում է այն լեյտմոտիվով, որ հանրաքվեին «Այո» ասելը «Այո» ասել է հեղափոխությանը։ Թերթիկները բաժանվում են Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրերի տեսքով, կարելի է ասել՝ որպես քարոզչանյութ։ Այսինքն, սրանով իսկ նույն հարթության վրա են դրվում հենց հանրաքվեի գաղափարը, որ պետք է «Այո» ասվի, ՀՀ քաղաքացու գաղափարը եւ հեղափոխության գաղափարը։ Այս ամենը միախառնվում եւ ներկայացվում է, որպեսզի ավելի մատչելի ձեւով քաղաքացին հասկանա, թե ինչու հանրաքվեի պետք է գնալ եւ ասել «Այո»։ Դրանով է առանձնանում այսօրվա քարոզարշավը, այսինքն, այստեղ ոչ այնքան բովանդակային մասն է, որքան այն, որ քաղաքացին պետք է գնա եւ քվեարկի այն բանի օգտին, որ Սահմանադրական դատարանը որպես խոչընդոտ պետք է հանվի ճանապարհից, որպեսզի երկիրը շարունակի ընթանալ ռեֆորմների ճանապարհով։

 

«Այո»-ի այդ գործողություններին ու քարոզչությանն ինչո՞վ է հակադարձում «Ոչ»-ի կողմը։

 

–Մենք տեսնում ենք, որ «Ոչ»-ն ընդամենը «Այո»-ի հակառակն է, բայց թե ինչու՝ դրա հետ կապված որեւէ հակադարձելու բան չունեն։ Իրենք ի՞նչ են ասում։ Մի մասն ասում է, որ սա անօրինական է, մյուսն ասում է, որ սա ոտնձգություն է եւ այլն, եւ այլն։ Այսինքն, ավելի շատ հանրաքվեի գաղափարն են քննադատում եւ չեն ասում՝ ինչու պետք է գնալ եւ ասել՝ «Ոչ»։ Եվ կան, որոնք կոչ են անում բոյկոտի, դրա մասին հրապարակային հայտարարություններում արդեն տեղեկացրել են։

 

Պարոն Մեհրաբյան, նորից տեսնում ենք վարչապետին առաջին գծում, որն անձամբ է բաժանում հպարտ քաղաքացու «անձնագրերը»։ Մետրոյում միջադեպ եղավ, աղջկա հետ կապված, որը պատռեց վարչապետի տված բուկլետը…. Այս մասով ի՞նչ կասեք։ Սպասելի՞ երեւույթ եք համարում դա։

–Իհարկե, սպասելի էր, որովհետեւ ինչպես հետո պարզվեց, այդ աղջիկը Ռ. Քոչարյանի մոլի կողմնակիցներից է, իսկ ինչ նա արեց, դա ուղղակի վատ դաստիարակության հետեւանք է։ Ի վերջո, կարելի էր հրաժարվել վերցնել, կարելի էր հրաժարվել եւ ասել, կներեք, ես կողմ չեմ այս հանրաքվեին, հազար ու մի ձեւ կար, բայց պատռել ու լցնել վարչապետի դիմաց, կրկնում եմ, դա վատ դաստիարակության ու վատ ճաշակի հետեւանք էր։ Եվ դա նորմալ չէր, նորմալ էր վարչապետի ռեակցիան, որ ասաց՝ սա էլ Ձեր իրավունքն է, եւ հեղափոխությունը նաեւ Ձեզ համար է, իսկ հետո նաեւ բացատրեց, որ, ի տարբերություն նախորդ ղեկավարների, երեւի թե պետք չէ հիշեցնել, թե ինչ տեղի կունենար նման բան անողի հետ։

Ոչ միայն այս քարոզարշավի ընթացքում, առհասարակ, լինում են դեպքեր, երբ քաղաքացիների հետ անմիջական շփման մեջ երբեմն թվում է, թե վարչապետը կոպիտ է արտահայտվում։ Օրինակ՝ բնակավայրերից մեկում, երբ մի քաղաքացի է մոտենում տան հարցով, վարչապետն էլ հակադարձում է, թե՝ առողջ տղամարդ ես, դու պետք է ստեղծես քո տունը։ Դրան ո՞նց եք վերաբերվում, դա ճի՞շտ մոտեցում է։

–Ես նայել եմ այդ հատվածը, եւ կարծում եմ, որ այդտեղ շատ տեղին էր վարչապետի նկատողությունը։ Ի վերջո, պետությունից ուզել այն բաները, ինչպես փոքր երեխաները կուզեին Ձմեռ պապիկից, երեւի թե, հասուն մարդու համար պատշաճ պահվածք չէ։

Հանրությունն այս մեսիջը ճի՞շտ է ընկալում։

–Կարծում եմ, որ իր ջախջախիչ մեծամասնությամբ, այո, ճիշտ կընկալի, որովհետեւ այն, ինչ ասում է վարչապետը, ճիշտ է ասում։ Չհնացող ճշմարտություններ են, եւ այլ բան չէր էլ կարող ասել, որովհետեւ պետության ղեկավարից եւ պետությունից դա չեն ուզում, այն, ինչ ուզեց կոնկրետ այդ մարդը։ Կարծում եմ, որ վարչապետի անձնական մասնակցությունը նաեւ մի բան է նշանակում, որ քարոզարշավի կիզակետում էլի անձամբ վարչապետն է հայտնվում, եւ այսօրվա իշխող ուժի թիմի աշխատանքը չի երեւում։

Իսկ այս ընթացքը բավարար չէ՞ր, որ թիմի անդամներն ունենային այն վարկանիշը կամ ճանաչվածությունը, որ վարչապետը քարոզարշավի հիմնական բեռն իր ուսերին չվերցներ։

–Կարծում եմ, այո, դա այդպես էլ պետք է լիներ, ի վերջո, թիմը, որն իշխանություն է ներկայացնում, մանդատ ունի, եթե մինչ այդ չէր ճանաչվում, ապա այս ժամանակահատվածում պետք է որ ճանաչվածություն ձեռք բերեր, փորձեր արդեն ինքն իրեն դրսեւորել, եւ ոչ թե ամեն ինչ թողներ վարչապետի վրա։

 

Դավիթ Պետրոսյան


«Հայաստանի Հանրապետություն օրաթերթ


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]