Տնտեսություն

ԿԲ-ն թողարկել է 3 նոր հուշադրամ

7 րոպեի ընթերցում

ԿԲ-ն թողարկել է 3 նոր հուշադրամ

ԵՐԵՎԱՆ, 5 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի կենտրոնական բանկը հայտնում է նոր հուշադրումներ թողարկելու մասին: Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայությունից, թողարկվել են Խրիմյան Հայրիկ-200 (արծաթ), Ժանսեմ-100 (արծաթ) և Ժանսեմ-100 (ոսկի) հուշադրամները:

Խրիմյան Հայրիկ-200 (արծաթ)

Մկրտիչ Ա Վանեցի Խրիմյան (Խրիմյան Հայրիկ, 1820-1907 թթ.) հասարակական-քաղաքական, մշակութային գործիչ է, Ամենայն հայոց կաթողիկոս 1893 թ-ից:

Սովորել է Արևմտյան Հայաստանի Վասպուրական նահանգի Լիմ և Կտուց անապատների դպրոցներում: Հիմնադրել է «Արծվի Վասպուրական» (1855 թ.) և «Արծվիկ Տարոնո» (1863 թ.) հայկական պարբերականները, Վարագավանքին և Մշո Սբ Կարապետ վանքին կից ժառանգավորաց վարժարանները: 1854 թ. ձեռնադրվել է վարդապետ, իսկ 1868 թ.` օծվել եպիսկոպոս: Հայկական հարցը դիվանագիտական ճանապարհով լուծելու նպատակով դիմել է եվրոպական մի շարք երկրների իշխանությունների: 1878 թ. գլխավորել է հայկական պատվիրակությունը Բեռլինի վեհաժողովում: Աջակցել է Վանի «Սև խաչ» և Կարինի «Պաշտպան հայրենյաց» ազգային-ազատագրական գաղտնի կազմակերպությունների ստեղծմանն ու գործունեությանը, որի համար աքսորվել է Երուսաղեմ: Ամենայն հայոց կաթողիկոս օծվելուց հետո շարունակել է ազգային-ազատագրական գործունեությունը:

Հեղինակ է կրոնափիլիսոփայական, բարոյախոսական, չափածո ու այլ գրքերի, որոնցում արտահայտել է ժողովրդի հույզերն ու տառապանքը:

Դիմերես` Խրիմյան թանգարան-պատկերասրահի շենքը, զարդանախշ` վարդյակ, «Երկաթե շերեփ» հուշաղբյուրից հատված (գործ` Արեգ Իսրայելյանի), Խրիմյան Հայրիկի պատգամը և ստորագրությունը:

Դարձերես` Խրիմյան Հայրիկի դիմապատկերը:

Էսքիզների հեղինակն է Էդուարդ Կուրղինյանը:

Հատվել է Լիտվայի դրամահատարանում:

Անվանական արժեքը 1000

Մետաղը/հարգը արծաթ 9250

Քաշը 33,6

Տրամագիծը 40,0

Քանակը 500

Դրամաշուրթը ատամնավոր

Որակը պրուֆ

Ժանսեմ-100 (արծաթ)

Ժանսեմը (Հովհաննես Սեմերջյան, 1920-2013 թթ․) ֆրանսահայ նկարիչ է, ՀՀ ԳԱԱ արտասահմանցի անդամ:

1922 թ. Թուրքիայից ընտանիքով գաղթել է Սալոնիկ, այնուհետև` Փարիզ: Սովորել է Մոնպառնասի ազատ ակադեմիայում, 1939 թ. ավարտել Փարիզի դեկորատիվ արվեստի բարձրագույն դպրոցը:

Հեղինակ է ազգային թեմաներ շոշափող բազում կտավների, նկարաշարերի և դիմանկարների: Ժանսեմի ինքնատիպ արվեստը իրապաշտական է` տոգորված խոր մարդասիրությամբ: Լուսային հնչեղ երանգներն ու արտահայտիչ գծանկարը ներազդու են դարձնում մարդկանց դեմքերն ու շարժումները, պատկերի ողջ մթնոլորտը:

Ժանսեմն արժանացել է մի շարք միջազգային և պետական մրցանակների, այդ թվում` ՀՀ Սուրբ Մեսրոպ Մաշտոց շքանշանի (2002 թ․), Ֆրանսիայի Պատվո լեգեոնի շքանշանի (2003 թ․), ՀՀ Պատվո շքանշանի (2010 թ․):

Ժանսեմի աշխատանքները ցուցադրվում են աշխարհի շատ երկրներում: Բազմաթիվ նկարներ պահվում են Հայաստանի ազգային պատկերասրահում, իսկ Հայաստանի Ցեղասպանության թանգարան-ինստիտուտում ցուցադրվում է «Ցեղասպանություն» (1998-2001 թթ.) նկարաշարը:

Դիմերես` հատված նկարչի «Կակաչներ» (1982 թ.) կտավից:

Դարձերես` Ժանսեմի դիմանկարը և հատված նկարչի «Դեղին հագուստով կինը» (1968 թ.) կտավից:

Էսքիզների հեղինակ` Լուսինե Լալայան:

Հատվել է Լիտվայի դրամահատարանում:

Անվանական արժեքը 100

Մետաղը/հարգը արծաթ 9250

Քաշը 28,28

Չափը 28,0 x 40,0

Տպաքանակը 500

Դրամաշուրթը հարթ

Որակը լավացված

Ժանսեմ-100 (ոսկի)

Դիմերես` դրվագ նկարչի «Դիմակներով կինը» (1978 թ.) կտավից:

Դարձերես` Ժանսեմի դիմապատկերը:

Էսքիզների հեղինակ` Էդուարդ Կուրղինյան:

Հատվել է Լիտվայի դրամահատարանում:

Անվանական արժեքը 10 000

Մետաղը/հարգը ոսկի 9000

Քաշը 8,6

Տրամագիծը 22,0

Տպաքանակը 300

Դրամաշուրթը ատամնավոր

Որակը պրուֆ

Հաղորդագրությունից օգտվելու դեպքում հղումը սկզբնաղբյուրին պարտադիր է:

ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայություն

հեռ/ֆաքս. (010) 56 37 61

էլ-փոստ. mcba@cba.am

www.cba.am

Ծանուցում

Հուշադրամները թանկարժեք մետաղներից պատրաստված դրամներ են, որոնք թողարկվում են երկրի ազգային, միջազգային, պատմամշակութային, հոգևոր և այլ արժեքները հասարակությանը ներկայացնելու, դրանք մետաղի տեսքով հավերժացնելու, ինչպես նաև դրամագիտական շուկայի պահանջարկը բավարարելու նպատակով:

Ինչպես ցանկացած դրամ, հուշադրամներն ունեն անվանական արժեք, որով և ներկայանում են որպես վճարամիջոց: Սակայն հուշադրամների անվանական արժեքը շատ ավելի ցածր է ինքնարժեքից, որը բաղկացած է հուշադրամի պատրաստման համար օգտագործված թանկարժեք մետաղի արժեքից, արտադրության և այլ ծախսերից: Ցածր անվանական արժեքն ու բարձր ինքնարժեքը հնարավորություն են տալիս այս տեսակի դրամը դիտարկելու ոչ թե որպես դրամաշրջանառության մեջ օգտագործվող վճարամիջոց, այլ որպես հավաքորդական առարկա: Հուշադրամներն ունեն նաև ՀՀ կենտրոնական բանկի կողմից սահմանված վաճառքի գին:

Հուշադրամները՝ հանդիսանալով հավաքորդական առարկա, թողարկվում են խիստ սահմանափակ քանակով և չեն վերաթողարկվում:

Դրամագետները, հավաքորդներն ու պարզապես ցանկացողները կարող են գնել ՀՀ հուշադրամները ՀՀ կենտրոնական բանկի «Դրամագետ» վաճառասրահից, որը գործում է բանկի ներսում և բաց է բոլորի համար:

ՀՀ կենտրոնական բանկի պաշտոնական տեղեկատվությունը հուշադրամների շրջանառության մեջ դնելու օրվա մասին չի ենթադրում, որ հուշադրամների վաճառքը կազմակերպվում է տվյալ օրվանից: Վաճառվող հուշադրամների և դրանց վաճառքի գնի մասին տեղեկատվությունը տեղադրվում է ՀՀ կենտրոնական բանկի «Թղթադրամներ և մետաղադրամներ» - «Դրամագետ» վաճառասրահ տիրույթում, «Դրամագետ» վաճառասրահում վաճառվող դրամագիտական արժեքներ բաժնում:

Ձեռքբերված հուշադրամները և այլ դրամագիտական արժեքները ենթակա չեն վերադարձման և փոխանակման:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում