Տնտեսություն

Սփյուռքը էական նշանակություն կարող է ունենալ աշխարհում հայկական գինու հանրահռչակման և սպառման առումով. նախարար

2 րոպեի ընթերցում

Սփյուռքը էական նշանակություն կարող է ունենալ աշխարհում հայկական գինու հանրահռչակման և սպառման առումով. նախարար

ԵՐԵՎԱՆ, 19 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայկական գինին որակական հատկանիշներով հաճախ չի զիջում այս առումով առաջատար երկրների գինիներին, սակայն հանրահռչակման, գինու բրենդի կայացման խնդիր կա: 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ասաց Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը Համաշխարհային հայկական գագաթնաժողովի շրջանակում: 

Պապոյանը նշեց, որ սփյուռքահայերի ներկայությունը Հայաստանում մեծ դերակատարում ունի: Կան բազմաթիվ նախագծեր, որոնք սփյուռքահայերի ներդրումների շնորհիվ առաջանցիկ արդյունքներ են ունեցել: 

Նախարարը հիշեցրեց, որ օր ընդամենը օրեր առաջ Հայաստանում անցկացվել է Գինու համաշխարհային 8–րդ համաժողովը: 20 երկրից ավելի քան 120 հյուրեր միայն գինու ոլորտի մասնագետներ էին: «Իրենք արձանագրում էին, որ, օրինակ, հայկական գինու որակն ու իր հայտնիությունն անհամաչափ են: Մեր գինին այն ապրանքներից է, որ համապատասխանում է միջազգային ստանդարտներին, արտահանվում է աշխարհի տարբեր երկրներ, բայց իր հայտնիությունը դեռևս բավարար մակարդակի վրա չէ: Ես կարծում եմ, որ այստեղ, օրինակ, մեր սփյուռքի դերակատարումը կարող է կարևոր լինել սպառման, տարածման առումով»,–ասաց Պապոյանը:

Նախարարը նկատեց, որ Հայաստանում գինեգործության զարգացումը պայմանավորված է եղել նաև Շվեյցարիայից, Ֆրանսիայից սփյուռքահայերի ներդրումներով: Այսօր կան այգիներ, որոնք ոչ մի կերպ չեն տարբերվում եվրոպական շատ երկրներում համանման այգիներին: 

«Մասնագետները նշում են, որ ունենք գինիներ, որոնք իրենց որակական հատկանիշներով հաճախ չեն զիջում առաջատար երկրների գինիներին: Մեր գինին այսօր բավականին անխոչընդոտ արտահանվում է եվրոպական երկրներ, ՌԴ, Միացյալ Նահանգներ, քանի որ ստանդարտների հետ կապված մենք որևէ խնդիր չունենք: Սակայն բրենդի կայացման առումով ունենք շատ մեծ խնդիր, և սփյուռքը էական նշանակություն կարող է ունենալ մեր ապրանքների հանրահռչակման և սպառման տեսանկյունից»,–ասաց նախարարը:

 

 

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում