Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Կորոնավիրուսի ռիսկի առումով գնահատվել են հիվանդանոցների կարողությունները. տրվել են ցուցումներ

Կորոնավիրուսի ռիսկի առումով գնահատվել են հիվանդանոցների կարողությունները. 
տրվել են ցուցումներ

ԵՐԵՎԱՆ, 24 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ առողջապահությունը գնահատել է, թե բժշկական կազմակերպությունների  ինչ կարողություններ ունեն, որքանով են պատրաստ  կորոնավիրուսի հնարավոր ներթափանցմանը. բուժհիմնարկներին տրվել են ցուցումներ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հրավիրված ասուլիսում հայտնեց ՀՀ առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի գլխավոր տնօրեն Արտավազդ Վանյանը:

«ԱՀԿ-ից կողմից տրված մեթոդական ուղեցույցներ են մշակվել, թարգմանվել, տեղայնացվել և տրվել բոլոր ԲԿ-ներին: Մենք նաև գնահատել ենք  բժշկական կազմակերպությունների կարողությունները, թե ինչքանով են պատրաստ, ինչ հագեցվածություն ունեն: Կարողությունները ամբողջովին գնահատված են, և համապատասխան բացերը լրացնելու համար նախարարությունից կա ցուցում: Զբաղվում ենք այդ գործընթացն իրականացնելով»,-ասաց Վանյանը:

Նա պարզաբանեց՝ գնահատումն իրականացրել են այն համատեքստում, որ եթե լինի բռնկում, մեծաթիվ հիվանդներ, ինչ գործողություններ պետք է արվեն: Գնահատվել են, թե որքան համազգեստներ, դիմակներ ունեն և այլն:  «Եթե տեսնում ենք, որ բավարար չէ, լրացնում ենք կարողությունները: Այնպիսի վիճակ չէ, որ խնդիր ունենք: Եթե դեպքեր ունենանք, մենք պատրաստ ենք: Խոսքը բռնկման, համաճարակի մասին է, մենք նայում ենք, որ նաև ամենավտանգավոր դեպքերի զարգացման ժամանակ պատրաստ լինենք հիվանդներին ընդունելու»,-ասաց նա:

Անդրադառնալով դեղատներում պաշտպանիչ դիմակների նկատելի պակասին, որոշ դեպքում դրանց արհեստականորեն բարձրացված գներին՝ Վանյանը  նկատեց՝ դեղատներում դիմակների պակասը վերաբերում է մի շարք երկրների: Նա հիշեցրեց, որ ՏՄՊՊՀ-ն արդեն հայտարարություն է տարածել՝ հորդորելով զերծ մնալ բժշկական դիմակների գների չհիմնավորված բարձրացումից: Այս խնդիրը հիմա համապատասխան ստորաբաժանումների կողմից քննարկվում է: Նախարարությունը որոշակի քանակի դիմակներ ունի, մոտ 160 հազար հատ ձեռք է բերվել: Եվ հիմա գործընթացներ են տարվում  լրացուցիչ դիմակների քանակ ձեռք բերելու համար: Սակայն դրանք բուժհիմնարկների, այլ ոչ թե մարդկանց սպառման համար են:

Վանյանը շեշտեց՝ ընդունում է, որ դիմակների բացակայությունը խնդիր է, հիմա քննարկում են այդ հարցը, փորձում են լուծումը գտնել: Բուժհիմնարկները պատրաստ են, եթե դեպք լինի, կտրվեն դիմակներ՝ այդ թվում կոնտակտավորներին:

Հայաստանի Հանրապետությունում կորոնավիրուսի տարածումը կանխարգելող աշխատանքները համակարգող հանձնաժողովի փետրվարի 24-ի նիստում որոշում է կայացվել դադարեցնել ցամաքային հաղորդակցությունը Իրանի հետ, որտեղ արդեն գրանցվել են կորոնավիրուսով վարկման, ինչպես նաև մահվան դեպքեր: Իսկ Իրանի հետ օդային հաղորդակցության նկատմամբ կկիրառվի ոչ ամբողջական սահմանափակումներ: Սակայն Իրանի հետ բեռնափոխադրումները կիրականացվեն առանց սահմանափակումների՝ կիրառելով վարորդների նկատմամբ հատուկ հսկողության ռեժիմ:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am