Երևանում 5-6 հազար թափառող շներից 3 հազարը ստերջացվել են
1 րոպեի ընթերցում
![Երևանում 5-6 հազար թափառող շներից 3 հազարը ստերջացվել են](http://armenpress.am/resized/480/static/news/b/2020/02/1006032.jpg)
ԵՐԵՎԱՆ, 24 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ներկայումս թափառող շների ագրեսիվության խնդիրը կապված է զուգավորման շրջանի հետ, որը տևելու է 10-15 օր:
Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, փետրվարի 24-ին լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց Երևանի ավագանու անդամ, «Դինգո թիմ» ՀԿ հիմնադիր նախագահՕվսաննա Հովսեփյանը:
«Թափառող շների գլխաքանակի կարգավորման հիմնական, բոլոր երկրներում փորձված ու արդյունավետ միջոցը ստերջացումն է: Քանի որ քաղաքապետարանը չէր կարող քաղաքի բոլոր շներին ստերջացնել,հետևաբար դեռ ստերջացում չանցած շները շարունակում են ոհմակներով հավաքվել և զուգավորման շրջանում որոշակի ագրեսիվություն դրսևորել»,- ասաց Հովսեփյանը:
Երևանի ավագանու անդամի խոսքով` ստերջացման ծրագիրը մի փոքր ժամանակ է պահանջում, սակայն այն երկարաժամկետ կտրվածքով ավելի արդյունավետ է, քան սպանդը:
«Այդ առումով ունենք 20 տարվա փորձ, և այն որևէ արդյունքի չի բերել: Թափառող շներին կացարաններում պահելը նույնպես անհնար է, այն դեպքում, երբ Հայաստանում ունենք բոլոր կողմերից խնդիր: Ունենք տանը անկանոն բազմացող կենդանիներ, որոնց ձագերի մեծ մասը հայտնվում են դրսում, և ունենք չլուծված հարց ամբողջ հանրապետությունում»,- ընդգծեց Հովսեփյանը: