Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Ուռուցքաբանության ազգային կենտրոնում քաղցկեղի վիրահատությունների թիվը մոտ 32 տոկոսով ավելացել է

Ուռուցքաբանության ազգային կենտրոնում քաղցկեղի վիրահատությունների թիվը մոտ 
32 տոկոսով ավելացել է

ԵՐԵՎԱՆ, 4 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վ. Ա. Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնում 2019-ին կատարվել է չարորակ նորագոյացությունների 2562 վիրահատություն՝ 2018-ի 1850-ի դիմաց: Տնօրենը վստահեցնում է՝ աճը պայմանավորված է ոչ թե նոր դեպքերով, այլ նրանով, որ վիրահատական բուժումը դարձել է անվճար: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ տնօրեն Նարեկ Մանուկյանն այս մասին ասաց փետրվարի 4-ին՝ Քաղցկեղի դեմ պայքարի միջազգային օրվա առիթով հրավիրված ասուլիսում:

«2019-ը Հայաստանում ուռուցքաբանության համար շատ կարևոր տարի էր: 2019-ից չարորակ ուռուցքների վիրահատական բուժումը դարձավ անվճար: Տարվա կեսից ճառագայթային բուժումը ևս դարձավ անվճար: Դա լուծել է շատ կարևոր սոցիալական խնդիր: 2018-ին մեր կենտրոնում կատարվել է չարորակ ուռուցքով հիվանդների 1850 վիրահատություն, իսկ 2019-ին՝ 2562: Այսինքն՝ մոտ 32 տոկոսով ավելացել է քանակը»,-ասաց Մանուկյանը:

Նա նշեց՝  այդ մարդիկ նոր հիվանդներ չեն, պարզապես նախկինում ֆինանսական խնդրի պատճառով չեն վիրահատվել: Ներկայում քիմիաթերապիայի համար ծառայության մատուցումը կատարվում է անվճար, իսկ դեղորայքը տրամադրվում է՝ համավճարի սկզբունքով: Այդ ծառայությունը մեկ այլ հիվանդանոցում արժե մոտ 80 հազար դրամ: Հաշմանդամության կարգ չունեցող անձին մեկ կուրսի ընթացքում դեղի համար տրամադրվում է 30 հազար դրամ, իսկ կարգ ունեցողին՝ 60 հազար դրամ: Բայց դրանք ենթակա են փոփոխման:

2018-ին Հայաստանում գրանցվել է չարորակ նորագոյացությունների 8441 դեպք: Վերջին երեսուն տարվա ընթացքում հիվանդացությունն աճել է 1.6 անգամ: Վիճակագրական տվյալների վերլուծությունը փաստում է, որ տղամարդկանց շրջանում առավել տարածված են շնչափողի, բրոնխների, թոքի, ստամոքսի, լյարդի, ներլյարդային լեղուղիների և շագանակագեղձի, իսկ կանանց շրջանում՝ կրծքագեղձի, շնչափողի, բրոնխների, թոքի, հաստ աղու, ստամոքսի չարորական նորագոյացությունները:

ՀՀ առողջապահության նախարարության ուռուցքաբանության գծով խորհրդատու Հայկուհի Գյոկչյանը նշեց՝ թոքի քաղցկեղը 67 տոկոս դեպքերում հայտնաբերում են բարձիթողի վիճակում, այսինքն՝ ուշ փուլում: Թոքի քաղցկեղի 5 տարվա ապրելիությունը Հայաստանում 9 տոկոս է, ամբողջ աշխարհում 19-21 տոկոս է: Նա կոչ արեց հետազոտվել, վաղ փուլում հայտնաբերել, կանխարգելել:

«Շվեդիայի, Դանիայի պես զարգացած երկրներում թոքի, կրծքագեղձի քաղցկեղով հիվանդացությունը գտնվում է առաջին տեղում: Հայաստանը հիվանդացության առումով առաջին տեղում չէ, Հայաստանն առաջին տեղերում է մահացության առումով: Այդ երկրներում առաջին երկու փուլերում են հայտնաբերում քաղցկեղը։ Հայաստանում քանի որ թոքի, կոլորեկտալ քաղցկեղները հայտնաբերում են 56-65 տոկոս դեպքերում 4-րդ փուլում, բնականաբար, 5 տարվա ապրելիության ցուցանիշները ցածր են»,-ասաց Գյոկչյանը:

2018-ին Հայաստանում եղել է թոքի քաղցկեղով հիվանդացության 1138 նոր դեպք, կրծքագեղձի քաղցկեղով հիվանդացության 1086 դեպք: Հայաստանում առաջիկայում կգործարկվի քաղցկեղի ռեգիստր, որը թույլ կտա հիվանդացության, մահացության, բուժելիության հստակ վիճակագրություն ունենալ:

Փետրվարի 4-ը քաղցկեղի դեմ պայքարի միջազգային օրն է: Քաղցկեղի դեմ պայքարի միջազգային օրը ևս մեկ անգամ առիթ է՝ կոչ անելու  մարդկանց ժամանակին դիմել բժշկի, մասնակցել սքրինինգային ծրագրերի, քանի որ վաղ հայտնաբերումը համարվում է բուժման գրավականը: 2019-2021թթ քարոզարշավի թեման է՝ «Ես կամ և ես լինելու եմ», որի նպատակն է սերմանել այն միտքը, որ անձնական գործողությունները կարող են լինել հզոր և ազդեցիկ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]