Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

«Օլիմպիական խաղեր» ասելիս պատկերացնում եմ Տոկիոյի ոսկին. Արթուր Ալեքսանյան

«Օլիմպիական խաղեր» ասելիս պատկերացնում եմ Տոկիոյի ոսկին. Արթուր Ալեքսանյան

ԵՐԵՎԱՆ, 3 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 500 գրամ. այսքան է կշռում Ռիո դե Ժանեյրոյի Օլիմպիական խաղերի ոսկե մեդալը: Օլիմպիական խաղերի եռակի չեմպիոն Ալեքսանդր Կարելինն Օլիմպիական խաղերի տարերքի մասին ասում է, որ աշխարհի բոլոր առաջնությունները միասին վերցրած չարժեն Օլիմպիական խաղերի ոսկե մեդալը:

Անկախ Հայաստանն ունի միայն երկու օլիմպիական չեմպիոն և երկուսն էլ ըմբշամարտից: 31-րդ ամառային Օլիմպիական խաղերը մեկընդմիշտ փոխեցին Արթուր Ալեքսանյանի մարզական կարիերան, երբ նվաճեց իր կարիերայի համար ամենակարևոր մեդալը` օլիմպիական ոսկին: Այդ 500 գրամ ոսկին Արթուր Ալեքսանյանի անունը գրեց մարդկության պատմության մեջ` «դատապարտելով» նրան լինել հավերժ հիշված: «Արմենպրես»-ի հետ զրույցում աշխարհի և Եվրոպայի եռակի չեմպիոն, Օլիմպիական և Եվրոպայի խաղերի չեմպիոն Ալեքսանյանը խոսեց իր ուժեղ կողմերի, առօրյայի և, իհարկե, Տոկիոյի 32-րդ ամառային Օլիմպիական խաղերի մասին:

-Արթուր, ինչպե՞ս է սովորաբար սկսվում ձեր օրը:

-Եթե ուսումնամարզական հավաքի ենք լինում, ապա արթնանում եմ 8:30-ին, դուրս գալիս, շարվում, զբոսնում: Հետո նախաճաշ և արդեն սկսում ենք նախապատրաստվել առաջին մարզմանը:

-Իսկ սննդի հարցում առանձնահատկություններ կամ արգելքներ կա՞ն:

-Կան ուտելիքներ, որոնք չեմ սիրում և առհասարակ չեմ ուտում: Չեմ ուտում գառան միս, յուղոտ բաներ չեմ ուտում: Բայց մրցաշարերից հետո մի քանի օր սահմանափակումներ չեմ ունենում: Սակայն մի քանի օր միայն, հետո անցնում եմ ռեժիմով սնվելուն:

-Ե՞րբ եք ձեզ հիշում առաջին անգամ գորգի վրա:

-Շատ փոքր տարիքից եմ հիշում ինձ, երևի 8-9 տարեկան էի: Գնում էի մարզումների և լավ տպավորվել եմ, քանի որ ըմբշամարտի մարզահագուստ էի նվեր ստացել: Կարծում եմ, ես այն քիչ մարզիկներից եմ, որ մարզվել է միայն մեկ մարզաձևով, և ես հենց սկզբից ընտրել եմ ըմբշամարտը:

-Արթուր, ձեր հայրը նաև ձեր անձնական մարզիչն է: Արդյոք այդ փաստը ձեզ օգնո՞ւմ է, թե խանգարում:

-Ավելի շատ օգնում է: Երբեք էլ չի խանգարել: Իմ հաղթանակների հիմքը հայրս է, ամեն ինչ նրանից է գալիս: Եթե նա չլիներ մարզիչս, գուցե այս արդյունքները չլինեին:

-Կա արդյո՞ք մեկն ըմբշամարտում, ով ձեր համար օրինակելի է:

-Շատ ըմբիշներ կան, ովքեր օրինակ են ծառայել ինձ, օրինակ` օլիմպիական չեմպիոն Արմեն Նազարյանը,  Մնացական Իսկանդարյանը, ինչպես նաև Ալեքսանդր Կարելինը:

-Կա՞ մի գոտեմարտ ձեր անցած ճանապարհին, որը որպես դաս հիշում եք:

-Յուրաքանչյուր մրցաշար իր հետքը թողնում է՝ կապ չունի թե, ինչ արդյունքի եմ հասնում: Ամեն մրցաշարից հետո վերլուծում ենք յուրաքանչյուր գոտեմարտ: Սակայն աշխատում եմ չկրկնել թույլ տված սխալները:

-Հայաստանը ներկայացնող մարզիկների մեծ մասը Գյումրիից է: Ինչի՞ց է, որ գյումրեցիներն այդքան ուժեղ են:

-Ճիշտ եք: Բոլոր հավաքականներում ամենաշատը գյումրեցիներն են: Եվ ամենաշատ մեդալ նվաճողներն էլ են գյումրեցիները: Գուցե մեր հող ու ջրից է կամ «թասիբ»-ից:

-Արթուր, ո՞րն եք համարում ձեր ուժեղ կողմը:

-Որպես մարդ, որպես մարզիկ կնշեմ աշխատասիրությունը և նվիրվածությունը գործին: Ինչպես նաև անկոտրուն կամքը: Ես ոչ մի բանից չեմ կոտրվում: Եթե նպատակ ունեմ, հասնում եմ դրան:

-Մրցագորգ մտնելիս հաշվի եք առնում հակառակորդի թույլ կողմերը, թե՞ ձեր ուժեղ կողմերը:

-Մրցագորգ մտնելիս հաշվի եմ առնում մրցակցի թույլ և ուժեղ կողմերը: Իմ հնարքները գործի եմ դնում մրցակցի թույլ կողմերը հիշելով:

-Ինչո՞վ եք հետաքրքրվում ըմբշամարտից դուրս:

-Ֆուտբոլ եմ շատ սիրում, շատ հետաքրքրվում եմ ֆուտբոլով և վատ չեմ խաղում: Եթե ոչ ըմբշամարտ, ապա ֆուտբոլ:

-Սնահավատ եք արդյո՞ք դուք, և ունեք գոտեմարտին նախապատրաստվելու հատուկ արարողակարգ:  

-Ոչ, իմ կարծիքով ես սնահավատ չեմ: Բայց գոտեմարտից առաջ եղել է ժամանակ, որ երաժշտություն եմ լսել, սակայն ամեն ինչ կախված է տրամադրությունից: Բայց լինում են դեպքեր, որ ինքս ինձ հետ մնալով առավել լավ եմ տրամադրվում: Սակայն հատուկ ոչինչ չեմ անում, միայն իմանալով հակառակորդիս ուսումնասիրում եմ նրան:

-Մարդկային ո՞ր արժեքն եք ամենաշատը գնահատում:

-Համեստությունը:

-Որտե՞ղ եք տեսնում ձեզ 10 տարի անց:

-Դժվարանում եմ պատասխանել… հիմա բացառապես կենտրոնացած եմ սպորտի վրա և այդ մասին կմտածեմ կարիերաս ավարտելուց հետո:

-Արթուր, երբ լսում եք «Տոկիոյի Օլիմպիական խաղեր» արտահայտությունը, ի՞նչ է առաջինը գալիս ձեր մտքին:

-Միանգամից գալիս է Օլիմպիական խաղերի ոսկին, որը նվաճելու շատ մեծ ցանկություն ունեմ: 

-Մի քանի բլից հարց ևս. Թոմը, թե Ջերին:

-Ջերին:

-Սուրճ, թե թեյ:

-Թեյ:

-Պաղպաղակ,թե պիցցա:

-Պաղպաղակ:

-Մարադոնա, թե Պելե:

-Պելե:

-Սև, թե սպիտակ:

-Սև:

-Սիրելի ճաշատեսակ:

Խորոված:

-Սիրելի վայր Գյումրիում:

-Մենք ասում ենք Կիրովի փողոց (հեղ. այժմ՝ Ռիժկովի ճեմափողոց):                                                         

-Շնորհակալ եմ զրույցի համար:

Հարցազրույցը` Վարվառա Հայրապետյանի

Լուսանկարները` Հայկ Մանուկյանի


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]