Հասարակական

Հայաստանում 2019-ին զգալի նվազել են լրագրողների նկատմամբ բռնության դեպքերը

3 րոպեի ընթերցում

Հայաստանում 2019-ին զգալի նվազել են լրագրողների նկատմամբ բռնության դեպքերը

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 2019 թվականն աննախադեպ էր լրագրողների ու լրատվամիջոցների ներգրավվածությամբ դատական գործերի քանակով։ «Արմենպրես»-ի մամուլի սրահում Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը նշեց, որ տարվա ընթացքում վարույթ է ընդունվել 96 նոր դատական հայց` նախորդ տարվա 22-ի դիմաց։ Դրանց գերակշիռ մասը՝ 89-ը, վիրավորանքի և զրպարտության հիմքով են, 4-ը՝ տեղեկատվության ստացման իրավունքի խախտման, 1-ը՝ տնտեսական վեճ է, մի դեպքում ԶԼՄ-ն հայց է ներկայացրել ընդդեմ քաղաքագետի, մի դեպքում էլ՝ ընդդեմ կառավարության և Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի:

«Այս ցուցանիշը մտահոգիչ է, թեպետ պետք է նշել, որ այս իրավիճակը մեծապես պայմանավորված է այն հանգամանքով, որ լրատվամիջոցները ողողված են կեղծ լուրերով, մանիպուլյացիաներով, վիրավորանքներով: Կարծում եմ, որ դատական գործերի հոսքը մեծապես դրանով է պայմանավորված»,-ասաց Աշոտ Մելիքյանը:

Ի տարբերություն դատական գործերի՝ զգալի նվազել են լրագրողների նկատմամբ բռնության դեպքերը: 2019-ին գրանցվել է նման 4 դեպք` նախորդ տարվա 21-ի դիմաց։ Կրկնակի աճել է ԶԼՄ-ների և դրանց աշխատակիցների նկատմամբ տարատեսակ ճնշումների քանակը. այն հասել է 134-ի՝ նախորդ տարվա 67-ի դիմաց։ Աճել է նաև տեղեկություններ ստանալու և տարածելու իրավունքի խախտումների թիվը․ 2019 թվականին այն կազմել է 108՝ նախորդ տարվա 98-ի դիմաց։

«Տեղեկություններ ստանալու և տարածելու իրավունքի խախտումների դեպքերը հիմնականում կապված են պետական գերատեսչությունների հետ: Թեպետ գերատեսչությունների ղեկավարներն ակտիվ են սոցիալական ցանցերում, ուղիղ հեռարձակումներով հաճախ են անդրադառնում տարբեր թեմաների, սակայն մամուլի ծառայության աշխատակիցները ևս պետք է ակտիվ լինեն և պատշաճ անդրադառնան տեղեկատվության տրամադրմանը»,-ասաց Աշոտ Մելիքյանը:

Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահը նշեց, որ հեղափոխությունից հետո լրատվամիջոցների ազատությունը շատ ավելի բարվոք վիճակում է, քան նախկինում: Ըստ նրա՝ երբեք լրատվամիջոցներն այդքան ազատ չեն եղել պետական վերահսկողությունից:

«Բայց պետք է նշեմ, որ լրատվամիջոցներն այդքան էլ ազատ չեն այն քաղաքական ուժերի, գործիչների, հայտնի դեպքերի միջամտությունից, ազդեցությունից, որոնք ֆինանսավորում են այդ մեդիան»,-ավելացրեց Աշոտ Մելիքյանը:

Աշոտ Մելիքյանը 2019-ի տարեվերջի նշանակալի իրադարձություններից է համարում այն, որ «Ա1+» հեռուստաընկերությունը դիմեց ՀՀ վարչական դատարան և պահանջեց առոչինչ ճանաչել 2003 թվականին ընդունված ու դեռևս ուժի մեջ գտնվող ակտերը, որոնցով խախտվել է հեռուստաընկերության հեռարձակման իրավունքը՝ 2002 թվականի եթերազրկումից հետո։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում