Հայաստան

Մեդիաները ձևավորում են մարդկանց ընկալումները. ԶԼՄ-ների դերի թեմայով քննարկում՝ Կայուն զարգացման միջազգային համաժողովի շրջանակում

8 րոպեի ընթերցում

Մեդիաները ձևավորում են մարդկանց ընկալումները. ԶԼՄ-ների դերի թեմայով քննարկում՝ Կայուն զարգացման միջազգային համաժողովի շրջանակում

Լրատվամիջոցների և հաղորդակցության դերը շատ մեծ է կայուն զարգացմանը վերաբերող յուրաքանչյուր թեմայի արծարծման, տարածման, ինչպես նաև թեմային վերաբերող մարտահրավերների մասին տեղեկություններ ստանալու և առաջընթաց ապահովելու գործում։ 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Կայուն զարգացման միջազգային համաժողովի  շրջանակում կազմակերպված «ԶԼՄ-ների և հաղորդակցության դերը Հայաստանում կայուն զարգացման առաջխաղացման գործում» խորագրով պանելային քննարկմանը, որը տեղի ունեցավ մայիսի 15-ին, ասացին տարբեր կազմակերպությունների ներկայացուցիչները։  

«Արմենպրես» պետական լրատվական գործակալության տնօրեն
Նարինե Նազարյանի համոզմամբ՝  կայուն զարգացման թեման վաղուց դուրս է եկել բնապահպանական շրջանակից և դարձել է համընդհանուր մարդկային օրակարգի մի մաս։ Ըստ նրա՝ այդ համատեքստում լրատվամիջոցների և հաղորդակցության դերը չափազանց կարևոր է։  

«Մեդիաները ոչ միայն հաղորդում են տեղեկություններ, այլև ձևավորում են մարդկանց ընկալումները, առաջնահերթությունները, ինչու ոչ՝ պայմանավորում մարդկանց վարքագիծը: Շատ կարևոր է, որ կայուն զարգացման թեմայով հաղորդակցությունը կառուցվի այնպես, որ յուրաքանչյուր մարդ իրեն զգա այդ ծրագրերի շահառու»,-շեշտեց նա և հավելեց՝ «Արմենպրես»-ն այդ առաքելությունը համարում է իր գործունեության առանցքը:  

Նազարյանն ընդգծեց, որ գործակալությունն ուշադրության կենտրոնում է պահում միջազգային օրակարգը՝ այն տեղափոխելով ազգային մակարդակ. լուսաբանում են միջազգային համաժողովները՝ G20-ից մինչև COP, այդ թվում՝ ՄԱԿ-ի կայուն զարգացման նպատակների վերաբերյալ։ Տեղեկատվությունը ներկայացնում են ընթերցողին մատչելի, հստակ և հայկական համատեքստում՝ փորձելով կապել գլոբալը տեղականի հետ։  

«Գործակալությունն ապահովում է բազմաթիվ հրապարակումներ շրջակա միջավայրի պահպանության, կլիմայի փոփոխության, հայաստանյան բիզնեսներում կանաչ տեխնոլոգիաների ներդրման, վերականգնվող էներգետիկայի, խելացի գյուղատնտեսական փորձարկումների և այլնի մասին։ Կրթական ծրագրերի միջոցով գործակալությունը համագործակցում է բուհերի հետ, ուսանողներին ներկայացնում կայուն զարգացման թեմաներ ու նրանց ներգրավում վերլուծական հրապարակումների ստեղծման գործընթացում՝ հրապարակելով դրանք ու խրախուսելով նաև երիտասարդների ներգրավվածությունը»,-ասաց Նարինե Նազարյանը։

Անդրադառնալով հայկական պետական լրատվական գործակալության առավելություններին՝ տնօրենը շեշտեց՝ ինը օտար լեզու, միջազգային համագործակցության լայն ցանց, ամենօրյա ռեժիմով նյութերի և լուսանկարների փոխանակում աշխարհի տարբեր երկրների ավելի քան 30 լրատվական կառույցների հետ, մեծ մեդիաբանկ։ Նազարյանը հավաստիացրեց՝ կայուն զարգացումը պահանջում է հանրային համաձայնություն, իսկ հանրային համաձայնություն հնարավոր է ձևավորել միայն բաց և վստահելի հաղորդակցության միջոցով։ «Այստեղ է, որ լրատվամիջոցները պետք է դիտարկվեն որպես գործընկերներ, նաև՝ առաջամարտիկներ։ Մենք պատրաստ ենք ակտիվորեն ներգրավվելու Հայաստանում 2026 թվականի աշնանը կայանալիք ՄԱԿ-ի կենսաբազմազանության մասին կոնվենցիային միացած երկրների COP 17 համաժողովի լուսաբանման և նրա ուղերձները հանրությանն ավելի հստակ հասցնելու գործին»,-եզրափակեց գործակալության տնօրենը: 

SPRING PR ընկերության համահիմնադիր Տաթևիկ Սիմոնյանն էլ հիշեցրեց՝ այս տարի տոնում են հիմնադրման 15-ամյակը և կարևորում են իրենց ընկերության ոչ թե մրցանակները, որոնց արժանացել են տարիների ընթացում, այլ արժեքները, որոնք ստեղծել և ստեղծում են։ «Մենք ոչ միայն ձգտել ենք ռազմավարական PR նախաձեռնություններով հաղորդակցության գործակալություն դառնալ, այլև կորպորատիվ սոցիալական պատասխանատվության ծրագրերի՝ հիմնվելով ՄԱԿ-ի կայուն զարգացման նպատակների վրա։ Հանրության հետ կապերը որոշումներ կայացնելուն նպաստող պրակտիկա է։ Տարիների ընթացքում մենք շատ ենք փոխվել, զարգացել»,-ասաց նա։ 

Սիմոնյանը նշեց՝ կարևոր է հասկանալ, որ պետք է հեռանկարային, ոչ թե կարճաժամկետ կորպորատիվ ռազմավարություն ունենալ, հասնել ոչ միայն կայունության, այլև վարքագծային փոփոխության, ինչով և զբաղվում է գործակալությունը։ 

Խոսելով COP-ի մասին՝ Տաթևիկ Սիմոնյանն ընդգծեց՝ նման միջոցառումները  բարձրացնում են հանրային իրազեկվածությունը համաշխարհային մարտահրավերների լուծումների վերաբերյալ և դիրքավորում են երկիրը։ 

Բանախոսներից էր նաև My Fortest Armenia-ի գործադիր տնօրեն Լիլիթ Մարտիրոսյանը։ Կազմակերպության նպատակն է հզորացնել տեղական համայնքները, գիտնականների և փորձառու անտառագետների ղեկավարությամբ կայուն կերպով մեծացնել անտառային ծածկույթը և միայն տեղական ծառատեսակներ տնկելու շնորհիվ պահպանել կենսաբազմազանությունը:

«Մեր կազմակերպությունը ԶԼՄ-ների հետ ի սկզբանե աշխատում է,  ինչի արդյունքում մեր աշխատանքը երևում է, բոլորը հասկանում են, թե ինչ ենք անում և ինչու»,-ասաց նա։

Մարտիրոսյանի խոսքով՝ ԶԼՄ-ներն օրակարգ են ստեղծում, հասարակական կարծիք են ձևավորում, հետադարձ կապ են ապահովում ու կարող են պահանջարկ ստեղծել, ուստի շատ կարևոր է, որ լրատվամիջոցները պատշաճ լուսաբանեն նաև 2026-ին Հայաստանում կայանալիք  COP 17 համաժողովը։ 

Միջոցառման ավարտին բանախոսներին միացան նաև Դիլիջանի միջազգային դպրոցի մի խումբ սաներ, որոնք ևս հետաքրքրված են կայուն զարգացմամբ, կլիմայի փոփոխություններով, բնապահպանական տարբեր հարցերով։ Նրանք նշեցին, որ իրենց գաղափարակից են դարձնում երիտասարդներին, որոնք ցանկանում են՝ աշխարհն ավելի լավը դառնա։ Այդ նպատակով բնապահպանական աշխատաժողովներ են կազմակերպում աշակերտների, ուսանողների համար, անցկացնում են վարպետության դասեր։ Ծրագրեր են իրականացնում ածխածնի արտանետումների վերաբերյալ, էկոակումբներ են բացել, անում են ամեն բան, որ թափոնների քանակը պակասի։ 

Նրանց լսելով՝ պանելային քննարկման բանախոսները փաստեցին՝ Հայաստանում հրաշալի երիտասարդություն կա, որը քաղաքակրթություն է կերտում և կարող է նպաստել կայուն զարգացմանը։ 

«Արմենպրես»-ի տնօրենն էլ շեշտեց՝ կարող է հարթակ տրամադրել նրանց նախաձեռնությունները հանրային դարձնելու համար։

Քննարկման մոդերատորը Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի կայունության և կլիմայի փոփոխության հարցերով ավագ խորհրդական Լուսինե Մանուչարյանն էր։ 

Կայուն զարգացման համաժողովը Հայաստանում կամուրջ է Բրազիլիայում կայանալիք COP 30-ի և Հայաստանում կայանալիք COP 17-ի միջև։ Քանի որ միջազգային հանրությունը պատրաստվում է մասնակցել ՄԱԿ-ի կլիմայի փոփոխության մասին 2025թ. համաժողովին (COP 30), որը տեղի է ունենալու Բելեմ քաղաքում (Բրազիլիա, 2025թ. նոյեմբերի 10-21) և Հայաստանը նախապատրաստվում է ընդունել Կենսաբազմազանության մասին Կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովը (COP 17) 2026 թ. աշնանը, այս նշանակալի պահը պահանջում է միավորված տեսլական, ինտեգրված գործողություններ և միջսահմանային համագործակցություն։ 

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում