ՀՀ նախագահ

ԵՊՀ շրջանավարտների առաջին ֆորումը միտված է նաև երկրի հետագա զարգացման ապահովմանը

10 րոպեի ընթերցում

ԵՊՀ շրջանավարտների առաջին ֆորումը միտված է նաև երկրի հետագա զարգացման ապահովմանը

Երևանի պետական համալսարանում մայիսի 15-ին մեկնարկեց մայր բուհի շրջանավարտների առաջին՝ երկօրյա ֆորումը, որի նպատակը, կազմակերպիչների ազդարարմամբ, համալսարանական համայնքի համար հաղորդակցման և համագործակցության հարթակի ստեղծումն է։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ բացման արարողության ժամանակ մասնակիցներին ողջունեցին ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը, պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը, կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը և ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը:

ՀՀ նախագահը, մասնավորապես, հույս հայտնեց, որ միջոցառումը նոր ավանդույթ կձևավորի:

«Երևանի պետական համալսարանը, որպես Հայաստանի մայր բուհ, տարիներ շարունակ եղել և մնում է մեր գիտական ու մտավոր ներուժի առանցքային հենասյուներից մեկը: Այստեղ ձևավորվում են բազմաթիվ մասնագետներ, ակտիվ ու պատասխանատու անհատներ, ովքեր հաճախ առաջնորդվում են մեր պետության զարգացման մղումով: Այսօր մեր հասարակության և պետության առջև ծառացած են մի շարք խորքային մարտահրավերներ թե՛ անվտանգային, թե՛ տնտեսական, թե՛ մշակութային ու բարոյահոգեբանական ոլորտներում: Այս բոլոր խնդիրների երկարաժամկետ և հիմնարար լուծումը հնարավոր է միայն կրթված, քննադատական մտածողությամբ, մասնագիտական ու քաղաքացիական պատասխանատվությամբ և գիտելիքի նկատմամբ բարձր գնահատական ունեցող հասարակության միջոցով: Հենց այստեղ է համալսարանի և համալսարանական համայնքի դերը որպես գիտության, գիտելիքի և առաջադեմ գաղափարների դարբնոց»,- նշեց Վահագն Խաչատուրյանը:

Նրա գնահատմամբ՝ ժամանակակից աշխարհում, երբ տեխնոլոգիական առաջընթացն օրեցօր ներառում է մարդկային գործունեության բոլոր ոլորտները, գիտությունը դառնում է պետության կենսունակության, մրցունակության և ինքնիշխանության երաշխիքներից մեկը:

ՀՀ նախագահը գտնում է, որ այս ֆորումը բացառիկ հնարավորություն է վերաարժևորելու համալսարանական կապերը, ամրապնդելու շրջանավարտների համախմբվածությունը և ստեղծելու միասնական գիտակրթական հարթակ, որն ունակ կլինի արձագանքել ժամանակի պահանջներին ու մեր երկրի կարիքներին: Նա համոզված է, որ այս նախաձեռնությունը կծառայի իբրև ամուր հենք գիտական և կրթական համագործակցության, նոր ուղիներ ձևավորելու, փորձի փոխանակման, նոր հնարավորություններ փորձարկելու համար՝ ոչ միայն ազգային, այլև միջազգային հարթակներում:

Բացման արարողության ավարտից անմիջապես հետո նախագահ Վահագն Խաչատուրյանը հանդես եկավ նաև հիմնական բանախոսությամբ, որի ընթացքում անդրադարձ կատարվեց նաև Հայաստանի և նրա հասարակության առջև ծառացած խնդիրներին ու մարտահրավերներին:

ԵՊՀ պատմության ֆակուլտետի շրջանավարտ և հոգաբարձուների խորհրդի նախագահ, պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն էլ նշեց, որ ֆորումի գաղափարը ծնվել է մի պարզ, բայց խորը գիտակցումից՝ համալսարանը միայն կրթության ու գիտության տարածք չէ, այն ապրող ու զարգացող համակարգ է, որի շարունակականությունը հնարավոր է միայն այն դեպքում, երբ անցյալը, ներկան ու ապագան միմյանց կապվում են իրական, գործնական շղթայով, երբ շրջանավարտները ԵՊՀ կողքին են իրենց ներկայությամբ, մասնակցությամբ, փորձով ու ներդրումով: Նա ընդգծեց, որ համալսարանը իր շրջանավարտների համար շարունակում է լինել հնարավորությունների և հաղորդակցության հարթակ:

«ԵՊՀ հոգաբարձուների խորհուրդն այս նախաձեռնությունը դիտարկում է որպես ռազմավարական կարևոր քայլ: Մենք ցանկանում ենք, որ ԵՊՀ շրջանավարտը դառնա ակտիվ դերակատար, ունենա մասնակցություն ու ներգրավվածություն: Ուզում ենք, որ ֆորումը դառնա վերադառնալու, ներդրումներ անելու, սովորեցնելու, սովորելու, համարձակ գաղափարներ կյանքի կոչելու հարթակ, իսկ այս միջոցառումը՝ ազդակ, որ Երևանի պետական համալսարանը պատրաստ է լսելու, փոխվելու, վերաիմաստավորելու»,- նշեց պաշտպանության նախարարը:

Նա ընդգծեց՝ ոչ ֆորմալ քննարկումները, թեմատիկ պանելները, ֆորումի ամբողջ կառուցվածքը նպատակ ունեն ստեղծել փոխըմբռնման, համագործակցության և համատեղ գաղափարների ձևավորման ու իրականացման մշակույթ:

«Այսօր Երևանի պետական համալսարանը նոր ուղերձ է հղում իր շրջանավարտներին: Երևանի պետական համալսարանը ձեզ համար բաց է որպես գործընկեր, որպես հարթակ, որպես վայր, որտեղ ձեր գիտելիքը, փորձն ու տեսլականը կարող են դառնալ վերափոխման շարժիչ ուժ»,- ասաց Ս. Պապիկյանը:

Երևանի պետական համալսարանի սոցիոլոգիայի ֆակուլտետի շրջանավարտ, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն էլ հայտարարեց, որ ֆորումը պետք է մոդելային դառնա Հայաստանի բուհերի գործունեության համար:

«Բուհերն առաջին հերթին նաև հանրային կառույցներ են, որոնք կրթություն, գիտություն, հետազոտություն իրականացնելուց բացի ունեն նաև հանրային կարևոր առաքելություն՝ առաջադեմ, լուսավոր, զարգացնող գաղափարները զարգացնել, դարձնել հանրային գաղափար ու վարքականոն և դրանով իսկ նպաստել հանրության զարգացմանը: Վստահ եմ, որ շրջանավարտների ֆորումը հենց այն հարթակն է, որտեղ այս նպատակների իրականացումը ռեալ գործիքակազմ է ստանում, որովհետև շրջանավարտների ֆորումի շրջանակներում հանդիպում են մարդիկ, ովքեր կիսելով միևնույն կրթական փորձառությունը և ունենալով տարբեր կենսագիծ ու գործնական փորձառություններ՝ փոխադարձ հարստացման ճանապարհով կարողանում են նաև առաջ մղել բուհը: Այս օրերին նախատեսված տարաբնույթ թեմատիկ քննարկումները դառնալու են նաև հետաքրքիր գաղափարների ու ծրագրերի համար հիմք և հարթակ: Վստահ եմ, որ սա պիտի ունենա շարունակություն, պետք է դառնա պարբերական և այդ իմաստով պետք է նաև նշեմ՝ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը լինելու է բոլոր նմանատիպ նախաձեռնությունների կողքին: Վստահ եմ, որ արդյունքում տեսնելու ենք նաև որակական կարևոր փոփոխություններ»,- նշեց Ժ. Անդրեասյանը:

ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանի գնահատմամբ՝ շրջանավարտների առաջին ֆորումը պատմական իրադարձություն է համալսարանի համար:

«Այն շփման, համագործակցության, ինչպես նաև համատեղ պատասխանատվության մի նոր հարթակ է: Երբ ասում ենք ԵՊՀ շրջանավարտների ֆորում՝ շատերն այն ընկալում են որպես հանդիպում անցյալի հետ: Բայց իրականում սա հանդիպում է ապագայի հետ: Այս միջոցառման նպատակն է նաև ձևավորել ճանապարհ, որով պետք է շարժվենք առաջ: Այսօր համալսարանն առավել, քան երբևէ ունի շրջանավարտների ուժեղ միավորված համայնքի կարիքը: Համայնքի, որն ունի հստակ ձայն հասարակական, տնտեսական, գիտական, պետական կարիքների ու խնդիրների լուծման վերաբերյալ: Մի համայնքի, որտեղ աջակցում են միմյանց, բացահայտում ներուժը, միավորում փորձն ու գաղափարները ի նպաստ մեր երկրի, տարածաշրջանի ու աշխարհի: Եթե ուզում ենք իրական վերափոխում՝ մեզ պետք է ձեզանից յուրաքանչյուրի մասնակցությունը՝ գաղափարով, նախաձեռնությամբ, համագործակցությամբ:

Սա նոր գործընթացի մեկնարկ է: Ցանկանում ենք, որ այստեղ ձևակերպված գաղափարները, բարձրացված հարցերը, ներկայացվող փորձն ու առաջարկությունները դառնան այն հիմքը, որի վրա կկառուցվի շրջանավարտների համայնքի կայուն ու շարունակական գործունեություն: Սա ոչ միայն ճանաչողական տարածք է, այլև մի հարթակ, որտեղ միավորվում են տարբեր սերունդների փորձը, մասնագիտական ներուժը և համատեղ արժեքները»,- նշեց ԵՊՀ ռեկտորը:

Նա կարևորեց ֆորումի հետագա զարգացումը տարբեր ձևաչափերով՝ մասնագիտական ցանցերի ձևավորմամբ, լավագույն փորձի փոխանակման ծրագրերով, գործնական աջակցության նախաձեռնություններով:

Ֆորումի շրջանակում ԵՊՀ տարբեր տարիների շրջանավարտները հնարավորություն կունենան քննարկելու արդիական խնդիրներ, ներկայացնելու իրենց մասնագիտական փորձն ու ձեռքբերումները, անդրադառնալու տարբեր ոլորտներում առկա հնարավորություններին ու մարտահրավերներին:

Նախատեսված են պանելային քննարկումներ, բանախոսություններ հետևյալ թեմաների վերաբերյալ՝ ֆիզիկական աշխարհ, տիեզերք և տեխնոլոգիաներ, հասարակություն և տնտեսություն, լեզու, մշակույթ, պատմություն և ավանդույթ։

Մասնակիցներին կընձեռվի ոչ ֆորմալ պայմաններում միմյանց հետ շփվելու հնարավորություն։ Ակնկալվում է, որ ֆորումի մասնակիցների ձևակերպած խնդիրները, մարտահրավերներն ու առաջնահերթությունները հիմք կծառայեն շրջանավարտների համայնքի հետագա գործունեության կազմակերպման համար։

Ֆորումի արդյունքները կամփոփվեն ոլորտային քննարկումների եզրակացությունների ներկայացմամբ և ԵՊՀ շրջանավարտների գերազանցության մրցանակների շնորհմամբ։

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում