Մխչյանի դպրոցում բարձր դասարանցիները 4-րդ դասարանցիներին ստիպողաբար թմրանյութ են տվել՝ կախվածության մեջ գցելով. մարզպետարանի հայտարարությունը
3 րոպեի ընթերցում

Արարատի մարզպետարանը խստորեն դատապարտում է կրթական հաստատությունում արձանագրված անթույլատրելի երևույթը և հայտարարում, որ դեպքը կմնա մշտական վերահսկողության ներքո։
«Կանենք հնարավորը՝ կանխելու նման իրավիճակների կրկնությունը»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարություն է տարածել մարզպետարանն՝ անդրադառնալով Մխչյան համայնքի Քրիստափոր Ալավերդյանի անվան դպրոցի վերաբերյալ մայիսի 15-ին տարածված տեղեկություններին։
«Արարատի մարզպետի աշխատակազմը խորապես մտահոգված է Մխչյանի Քրիստափոր Ալավերդյանի անվան դպրոցում տեղի ունեցած միջադեպով։
Խստորեն դատապարտում ենք կրթական հաստատությունում արձանագրված անթույլատրելի երևույթը և հայտարարում, որ դեպքը կմնա մշտական վերահսկողության ներքո, կանենք հնարավորը՝ կանխելու նման իրավիճակների կրկնությունը: Մեզ համար շոկային և ցավալի է նման միջադեպերի գոյությունը հատկապես դպրոցում՝ այն վայրում, որտեղ երեխաները պետք է լինեն առավելագույն պաշտպանված»,- նշված է հայտարարության մեջ։
Կառույցից վստահեցնում են, որ մարզպետի աշխատակազմի ոլորտային պատասխանատուները պարբերաբար այցելում են դպրոց՝ տեղում իրավիճակն ամբողջությամբ գնահատելու և լուծումներ գտնելու նպատակով:
Ավելի ուշ Քննչական կոմիտեից «Արմենպրես»-ի թղթակցին հայտնեցին, որ դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ, 5-րդ, 8-րդ կետերով (շորթումը, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ անօգնական վիճակում գտնվողի նկատմամբ, անչափահասի նկատմամբ): 4 անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ, 5-րդ, 8-րդ կետերով: 2-ի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է դաստիրակչական հսկողություն եւ վարչական հսկողություն, 1-ի նկատմամբ՝ տնային կալանք եւ բացակայելու արգելք, 1 անձի վերաբերյալ կա ձերբակալման որոշում:
ԶԼՄ-ներում ավելի վաղ տեղեկություն էր տարածվել, որ Մխչյանի դպրոցում բարձր դասարանցիները 4-րդ դասարանցիներին ստիպողաբար թմրանյութ են տվել և կախվածության մեջ գցելով՝ հանցագործության դրդել։