ՃՇՀԱՀ-ն առաջարկում է հրավիրել լիցենզավորման և արտոնագրման ոլորտների խնդիրների թեմայով կլոր սեղան
2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանը (ՃՇՀԱՀ) ՀՀ քաղաքաշինության կոմիտեի և ՀՀ ճարտարապետների պալատի նախագահներին ուղղված հայտարարություն-առաջարկով մտահոգություն է հայտնել ՀՀ քաղաքաշինության կոմիտեի և ՀՀ ճարտարապետների պալատի՝ մասնագիտական գործունեության լիցենզավորման և արտոնագրման ոլորտներում առկա խնդիրների վերաբերյալ հրապարակային հայտարարություններում հնչեցրած տրամագծորեն տարբեր դիրքորոշումների շուրջ: Այս մասին «Արմենպրես»-ին այս մասին հայտնեց ՃՇՀԱՀ-ի մամուլի խոսնակ Ժասմեն Վիլյանը:
Հայտարարության մեջ նաև ասվում է. «Համալսարանը՝ հանդիսանալով ճարտարապետության և շինարարության ոլորտներում մասնագիտական կադրեր թողարկող միակ բարձրագույն ուսումնական հաստատությունը հանրապետությունում, չի կարող անտարբեր մնալ նշված իրողության նկատմամբ, քանի որ խնդիրն անմիջականորեն առնչվում է մեր շրջանավարտների հետագա մասնագիտական գործունեությանը և աշխատաշուկայում բնականոն և քաղաքակիրթ հարաբերություններ ձևավորելուն:
Ելնելով վերը շարադրվածից, մեր պատրաստակամությունն ենք հայտնում՝ հրապարակային բանավեճը մասնագիտական քննարկումների դաշտ տեղափոխելու համար և այդ նպատակով կազմակերպելու կլոր սեղան՝ բնագավառի պետական ու համայնքային ծառայողների, նախագծային ու շինարարական կազմակերպությունների և համալսարանի պրոֆեսորադասխոսական անձնակազմի ներկայացուցիչների մասնակցությամբ
Կարծում ենք, որ այդ պարագայում հնարավոր կլինի գտնել փոխադարձորեն ընդունելի լուծումներ բոլոր կողմերի, հատկապես մեր համալսարանի շրջանավարտների նախագծային ու շինարարական գործունեություն իրականացնող տնտեսվարողների համար»։