Հասարակական

ՀՀ տարածքում Հնդկաստանի փաստաթղթեր ունեցող 90 հազար անձինք առկա չեն. Վիճակագրական կոմիտե

12 րոպեի ընթերցում

ՀՀ տարածքում Հնդկաստանի փաստաթղթեր ունեցող 90 հազար անձինք առկա չեն. Վիճակագրական կոմիտե

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության վիճակագրական կոմիտեն պարզաբանումներ է ներկայացրել՝ կապված մի շարք արդիական հարցերի հետ: Ի թիվս այլ հարցերի, Վիճակագրական կոմիտեն անդրադարձել է նաև 2010-2019 թվականների ընթացքում Հայաստան ժամանած Հնդկաստանի քաղաքացիների թվի վերաբերյալ հարցին: «Արմենպրես»-ը ներկայացնում է Վիճակագրական կոմիտեի պարզաբանումները:

ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանի 2019թ. դեկտեմբերի 24-ին «Պոլիտէկոնոմիա» հետազոտական ինստիտուտի կողմից կազմակերպված ասուլիսի ժամանակ մի շարք վիճակագրական ցուցանիշների մեթոդաբանությունների քննադատության վերաբերյալ ՀՀ վիճակագրական կոմիտեի 2019թ.-ի դեկտեմբերի 30-ին տրված պարզաբանումներից (հղումը՝ https://armenpress.am/arm/news/1000499.html) հունվարի 13-ին նոր մեղադրանքներ հնչեցրեց:

Դրանց վերաբերյալ ևս պարզաբանումներ ստանալու նպատակով «Արմենպրես»-ը դիմել է ՀՀ վիճակագրական կոմիտեի համապատասխան մասնագետներին:

Հարցին՝ իրո՞ք 2019թ.-ի հունվար-նոյեմբերի տնտեսական ցուցանիշները պետք է հրապարակվեին 2020թ.-ի հունվարի 5-ին և չեն հրապարակվել, պատասխանել է ՀՀ վիճակագրական կոմիտեի վիճակագրական տեղեկատվության տարածման բաժնի պետ Նարինե Մուշեղյանը.

«Նման պնդումն իրականության հետ որևիցե աղերս չունի: Ցուցանիշները հրապարակվում են համաձայն «Վիճակագրական ցուցանիշների թողարկման օրացույցի»: 2020թ.-ի օրացույցը հրապարակվել է դեռևս 2019թ.-ի դեկտեմբերի 16-ին (տե'ս https://www.armstat.am/file/calendar/Kalendar20-am.pdf հղումը) և ներառում է 2020թ.-ի հունվարի 10-ից (սպառողական գների ինդեքս) մինչև դեկտեմբերի 30-ին հրապարակվելիք ցուցանիշների անվանումներն ըստ կոնկրետ օրերի: Համաձայն 2020թ.-ի օրացույցի՝ 2019թ.-ի հունվար-նոյեմբերի բազմաթիվ սոցիալ-տնտեսական ցուցանիշների թողարկման ժամկետը սահմանված է հունվարի 14-ին և ոչ թե հունվարի 5-ին, որն աշխատանքային օր չէ Հայաստանի Հանրապետությունում:

Ավելին՝ 2019թ.-ի հունվար-նոյեմբերի «Հայաստանի Հանրապետության սոցիալ-տնտեսական վիճակը բնութագրող ընթացիկ-օպերատիվ ամփոփմամբ ստացված նախնական հիմնական մակրոտնտեսական ցուցանիշները» մամուլի հաղորդագրությունը (ըստ նախնական, 25.12.2019թ. դրությամբ (շտապ հավաքված) տվյալների ամփոփման), հրապարակվել է դեռևս 2019թ.-ի դեկտեմբերի 25-ին (տե'ս https://www.armstat.am/file/doc/99517378.pdf հղումը):

Ընդ որում, 1999թ.-ի ապրիլից բոլոր ցուցանիշները՝ այդ թվում շտապ հավաքված, օպերատիվ և նախնական, հասանելի են ՀՀ վիճակագրական կոմիտեի պաշտոնական կայքում, ի տարբերություն մինչ այդ միայն թղթային հրապարակմամբ՝ «ծառայողական օգտագործման համար» վերտառությամբ հրապարակումների»:

Հարցին, թե իրո՞ք Վիճակագրական կոմիտեն ավտոներկրողներին հաշվել է աշխատատեղ և պակասեցրել գործազուրկների թիվը, հետևաբար գործազրկությունը 17.5 - 18%-ից իջեցրել է 13%, պատասխանել է Վիճակագրական կոմիտեի աշխատանքի վիճակագրության բաժնի պետ Լուսինե Քալանթարյանը:

Նման պնդումը ևս իրականության հետ որևիցե առնչություն չունի: Հասկանալի չէ, թե որտեղից է վերցված 13 % գործազրկության մակարդակի ցուցանիշը: Գործազրկության մակարդակը հաշվարկվում է տնային տնտեսություններում իրականացվող Աշխատուժի ընտրանքային հետազոտության հիման վրա, որը միջազգայնորեն ճանաչելի է որպես աշխատանքի շուկայի հիմնական վիճակագրության լավագույն աղբյուր: Ըստ այդմ՝ հետազոտության նախնական տվյալների 2019թ.-ի առաջին եռամսյակի գործազրկության մակարդակը Հայաստանում կազմել է 21.9 %, երկրորդ եռամսյակում՝ 17.7 և երրորդ եռամսյակում՝ 18.0 %:

Ինչ վերաբերում է ավտոներկրողներին, ապա բնակչության այդ խումբը հետազոտության շրջանակում որևէ կերպ չէր կարող թիրախավորվել, քանզի Աշխատուժի հետազոտության ընտրանքի կիրառվող մեթոդը բացառապես կապված է ՀՀ աշխարհագրական տարածքի՝ ըստ ք. Երևանի և ՀՀ մարզերի, վիճակագրական շերտավորման հետ՝ հաշվի առնելով դրանցից յուրաքանչյուրում առկա տնային տնտեսությունների համամասնությունը: Այդպիսով, տարեկան կտրվածքով հետազոտությունն իրականացվում է 7788 տնային տնտեսություններում (կամ ՀՀ բոլոր տնային տնտեսությունների 1%-ում)՝ համամասնորեն ներառելով ք.Երևանը և հանրապետության բոլոր մարզերի քաղաքային և գյուղական բնակավայրերը: Ավելին՝ հետազոտության ընտրանքի սահմանափակ չափի պատճառով համեմատաբար քիչ տարածում ունեցող երևույթներն օբյեկտիվորեն ունեն ընտրանքում ընդգրկվելու փոքր հավանականություն, օրինակ՝ ավտոներկրողները: Սակայն, հնարավոր է, որ տվյալ եռամսյակում հետազոտության համար ընտրված տնային տնտեսություններում հարցվողների (ռեսպոնդենտների) թվում եղել են նաև ավտոներկրողներ, ովքեր հետազոտությանը մասնակցել են նույն կերպ, ինչպես և մյուս ռեսպոնդենտները:

Հետազոտության մեթոդաբանության համաձայն, յուրաքանչյուր հարցվող ըստ աշխատաշուկայում մասնակցության աստիճանի դասակարգվում է միմյանց բացառող հետևյալ երեք խմբերի՝ զբաղված, գործազուրկ կամ աշխատուժից դուրս բնակչություն:

Հավելեմ նաև, որ հետազոտության հարցաթերթը, կիրառված հասկացությունները, ցուցանիշների համախումբը և հաշվարկման մեթոդաբանությունը, ընտրանքի մեթոդը հիմնականում համապատասխանում են Աշխատանքի միջազգային կազմակերպության կողմից առաջարկվող սահմանումներին ու դրույթներին՝ հնարավորինս հաշվի առնելով Հայաստանում դրանց կիրառման առանձնահատկությունները` միաժամանակ ապահովելով միջազգային համանման ցուցանիշների հետ համադրելիությունը: Մասնավորապես, ցուցանիշների մեթոդաբանական հիմքը Աշխատանքի վիճակագիրների միջազգային 19-րդ համաժողովում 19-րդ ԱՎՄՀ ընդունված Աշխատանքի, զբաղվածության և աշխատուժի թերօգտագործման վիճակագրության մասին 2013թ. հոկտեմբերին ընդունված բանաձևի (Բնօրինակը՝ Resolution concerning statistics of work, employment and labour underutilization, Adopted by the Nineteenth International Conference of Labour Statisticians (October 2013) http://www.ilo.org/global/statistics-and-databases/meetings-and-events/international-conference-of-labour-statisticians/19/WCMS_230304/lang--en/index.htm

Բնօրինակի պաշտոնական թարգմանությունը՝ РезолюцияI 19 Международной конференции статистиков труда (на русском языке), ссылка на сайт Международной организации труда (МОТ), http://www.ilo.org/wcmsp5/groups/public/---dgreports/---stat/documents/normativeinstrument/wcms_235603.pdf) առանցքային դրույթներն են: Զբաղվածության ցուցանիշի սահմանման համաձայն, «զբաղված համարվում են 15-75 տարեկան անձինք, ովքեր հետազոտվող շաբաթում եկամուտ / աշխատավարձ ստանալու նպատակով գեթ մեկ ժամ զբաղվել են ապրանքների արտադրությամբ կամ տրամադրել են ծառայություններ՝ բացառապես այլոց սպառման համար: Առավել մանրամասն մեթոդաբանական պարզաբանումներ ինչպես հետազոտության, այնպես էլ կիրառվող հիմնադրույթների և ցուցանիշների հաշվարկման վերաբերյալ ներկայացված են Հայաստանի Հանրապետության սոցիալ-տնտեսական վիճակը 2018թ. հունվար-դեկտեմբերին տեղեկատվական ամսական զեկույցի 1.4.1.1. Զբաղվածություն ենթահատվածում (https://www.armstat.am/file/article/sv_12_18a_141.pdf), ինչպես նաև Վիճակագրական կոմիտեի պաշտոնական կայքի http://www.armstat.am/file/doc/99508493.pdf հասցեում՝ շնորհանդեսի ձևաչափով և մի շարք այլ հրապարակումներում:

Նույն ստանդարտի համաձայն՝ գործազուրկ համարվում են 15-75 տարեկան անձինք, ովքեր հետազոտությանը նախորդող վերջին շաբաթվա ընթացքում (ներառյալ հետազոտվող շաբաթը) միաժամանակ բավարարել է հետևյալ երեք պայմաններին. ա) չեն ունեցել աշխատանք կամ եկամտաբեր զբաղմունք, բ) ակտիվորեն փնտրել են աշխատանք` օգտագործելով ցանկացած միջոց, այսինքն` դիմել են զբաղվածության պետական և (կամ) մասնավոր ծառայություն, աշխատանք են փնտրել ծանոթների, բարեկամների, հայտարարությունների միջոցով կամ ցանկացած այլ եղանակով, գ) պատրաստ են եղել անմիջապես (այսինքն` առաջիկա երկու շաբաթվա ընթացքում) անցնել աշխատանքի:

Աշխատուժից դուրս բնակչության մեջ ներառվում են անձինք, ովքեր հետազոտվող ժամանակահատվածում չեն եղել զբաղված կամ գործազուրկ:

Այնպես որ, հետազոտությունը վերաբերում է հետազոտվող ժամանակահատվածում բնակչության դասակարգմանն ըստ աշխատաշուկայում մասնակցության կարճաժամկետ բնութագրերի՝ զբաղված, գործազուրկ կամ աշխատուժից դուրս և ո՛չ թե ավտոմեքենաների ներկրման գործունեության տեսակին: Վերջինս ոչ թե վիճակագրական, այլ վարչական հաշվառման խնդիր է»:

Հարցին՝վերջին 1, 2 կամ 3 տարիների ընթացքում իրո՞ք Հնդկաստանի 90 հազ. քաղաքացի է ժամանել Հայաստան, պատասխանել է Վիճակագրական կոմիտեի Մարդահամարի և ժողովրդագրության բաժնի պետ Կարինե Կույումջյանը:

«Նման կարգի սահմանային մուտքեր և ելքեր արձանագրվել են վերջին շուրջ 10 տարվա տվյալների ամփոփմամբ: Ձեր նշած տվյալը՝ Հնդկաստանի փաստաթղթերով Հայաստան ժամանածների վերաբերյալ, արտացոլում է Սահմանային էլեկտրոնային կառավարման տեղեկատվական (ՍԷԿՏ) համակարգով ստացված, ՀՀ սահմանային անցակետերով 2010-2018թթ. և 2019թ. 9 ամիսների ընթացքում Հնդկաստանի փաստաթղթերով ՀՀ մուտքերին: Ըստ այդմ՝ արձանագրվել են Հնդկաստանի փաստաթղթերով 91 258 մուտքի և 86 953 ելքի սահմանային գրանցումներ, համա­պա­տաս­խանաբար էլ դրանց դրական տարբերությունը շուրջ 10 տարվա համար կազմել է 4 305: Այսինքն, նշված ժամանակաշրջանում, այն է 2010թ-ից մինչև 2019թ. սեպտեմբերի վերջը, Հնդկաստանի փաստաթղթերով Հայաստան մուտքերի դեպքերը գերազանցել են ելքերին՝ 4 305-ով, ինչից հետևում է, որ 01.10.2019թ. դրությամբ ՀՀ տարածքում 90 հազ. Հնդկաստանի փաստաթղթեր ունեցող անձինք առկա չեն:

Ստորև ներկայացվում են ՍԷԿՏ համակարգով ստացված տվյալներն ըստ առանձին տարիների»:

Հնդկաստանի փաստաթղթերով սահմանային գրանցումները, 2010-2019թթ.

/սահմանային գրանցում/

Մուտք

Ելք

Տարբերություն

Ընդամենը (2010 - 2019թ. սեպտեմբերը ներառյալ)

91 258

86 953

4 305

2010թ.

1 133

1 164

-31

2011թ.

1 743

1 512

231

2012թ.

1 881

1 676

205

2013թ.

2 467

2 309

158

2014թ.

4 314

4 132

182

2015թ.

3 951

3 899

52

2016թ.

4 226

4 148

78

2017թ.

11 589

11 278

311

2018թ.

31 213

27 490

3 723

2019թ. հունվար-սեպտեմբեր

28 741

29 345

-604

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում