Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Ռեժիսոր Կարո Բալյանը Ալեքսանդրինյան թատրոնում կներկայացնի «Շահանե. պոետի գաղտնիքը» բեմադրությունը

Ռեժիսոր Կարո Բալյանը Ալեքսանդրինյան թատրոնում կներկայացնի «Շահանե. պոետի 
գաղտնիքը» բեմադրությունը

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուս ականավոր գրող Սերգեյ Եսենինի կյանքում դերակատարություն ունեցած հայուհի Շահանեի մասին պատմող «Շահանե. պոետի գաղտնիքը» ներկայացումը, որի գլխավոր դերակատարը ռուսական թատրոնի և կինոյի դերասանուհի Տատա Խաչատրյանն է, կբարձրանա Ալեքսանդրինյան թատրոնի բեմ: Առաջնախաղերը նախատեսված են փետրվարի 7-8-ին:

«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում ռեժիսոր Կարո Բալյանն ասաց, որ փորձերն սկսել են Հայաստանում, որպեսզի կարողանա համատեղել Շեքսպիրյան միջազգային թատերական փառատոնի կազմակերպման գործընթացի հետ: Ներկայացման  առաջնախաղերն անցկացվել են Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում:

«Հայաստանյան առաջնախաղերը շատ լավ են անցել` լեփ-լեցուն դահլիճներում: Հուսանք`Ռուսաստանի հանդիսատեսին այն նույնպես դուր կգա: Փորձել եմ հնարավորինս անկեղծ ներկայացում բեմադրել: Փոքրուց եմ սիրել Եսենինի ստեղծագործությունները, բայց նյութն ուսումնասիրելով, մեծ աշխարհ բացահայտեցի, նորովի ընկալեցի գրողին,  Շահանեին»,-նշեց Բալյանն ու հավելեց, որ ներկայացման իրականացման հարցում իրեն շատ են օգնել Շահանեի ազգականները`Հասմիկ Մարկոսյանը, Տեր Կյուրեղ քահանա Տալյանը, որը ներկայացման մեջ Շահանեի առաջին ամուսնության աղոթքն է կարդում: Նա շեշտեց, որ բեմադրությունը ռուսերեն է, աղոթքները` հայերեն:

Բալյանը խոստովանեց, որ անդրադարձել է Շահանեին, որովհետև թեման իրեն անհանգստացնում էր: «Մեր հարևան երկիրը լուրեր է տարածում այն մասին, թե իբր Շահանեն ադրբեջանուհի է եղել: Բացի այդ, երբ խոսվում է Եսենինի մասին, չեն  մոռանում նրա կանանց` Դունկանին, Ռայխին, Տոլստայային, բայց Շահանեին քչերն են հիշում, այնինչ վերջինս ոգեշնչել է Եսենինին ստեղծել «Պարսկական մոտիվներ» բանաստեղծությունների շարքը, որում ընդգրկել է «Շահանե, օ’, դու իմ Շահանե» հանրահայտ ստեղծագործությունը: Չխոսել Շահանեի մասին, չպատմել այն իրականությունը, որ նա հայուհի էր, անթույլատրելի է»,-եզրափակեց ռեժիսորը:

Անժելա Համբարձումյան

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]