Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   19 Հունվար

Տեխնիկական վերազինում, առաջնախաղեր. Ռուսական թատրոնի նոր տնօրենը ներկայացրել է հեռահար ծրագրերը

Տեխնիկական վերազինում, առաջնախաղեր. Ռուսական թատրոնի նոր տնօրենը 
ներկայացրել է հեռահար ծրագրերը

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի տնօրենի պարտականությունները հունվարի 14-ից  պաշտոնապես ստանձնեց «Արմմոնո» միջազգային թատերական փառատոնի տնօրեն, Մայր թատրոնի դերասանուհի Մարիաննա Մխիթարյանը:

«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում Մխիթարյանն ասաց, որ թատրոնի համար կարևոր է լուսային և ձայնային վերազինումը, որովհետև առանց այդ տեխնիկական հնարավորությունների ամենափայլուն գործն անգամ չի կարող մեծ հաջողություն ունենալ: «Այդ ամենը նպաստում է, որ դերասանները, ռեժիսորները կարողանան լիարժեք կյանքի կոչել իրենց մտահաղացումները: Համագործակցելով մի քանի կազմակերպության հետ` նախատեսում ենք տեխնիկապես հագեցնել թատրոնը, իսկ ամանորյա ներկայացումները, որոնք անցնում էին լեփ-լեցուն դահլիճում, փաստեցին, որ  անհրաժեշտ է ընդարձակել փոքր դահլիճը: Այդ հարցով արդեն զբաղվում ենք»,-շեշտեց Մխիթարյանը:

Նրա խոսքով` մասնակցելու են մի շարք փառատոների, ունենալու են առաջնախաղեր:

Մխիթարյանը փաստեց, որ հատկապես վերջին շրջանում պետական այրերը հաճախ են այցելում թատրոններ, դիտում տարբեր ներկայացումներ ու խրախուսում մարդկանց գնալ թատրոն: «Հունվարի երկուսին մեր թատրոնում էր ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը: Նշեմ, որ պետությունը նույնպես աջակցելու է մեր ծրագրերի իրականացմանը»,-ընդգծեց նա ու հավելեց, որ հնարավոր է` բեմադրություններ իրականացնեն` հրավիրելով ռեժիսորների և դերասանների այլ թատրոններից:

Երևանի Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի տնօրենի ընտրությունն անցկացվել է 2019 թվականի դեկտեմբերի 26-ին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում: Մարիաննա Մխիթարյանից բացի մրցույթին մասնակցել են Յուրի Իգիթխանյանը և Վարդան Գրիգորյանը:

Մարիաննա Մխիթարյանը վեց ամիս եղել է Ռուսական դրամատիկական թատրոնի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար:

Անժելա Համբարձումյան




youtube

Բոլոր նորությունները    


Haypost

New Xar

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ