Տնտեսություն

Բենզինի շուկայում հայտնաբերվել են թերլցումների ու որակի հետ կապված խնդիրներ

2 րոպեի ընթերցում

Բենզինի շուկայում հայտնաբերվել են թերլցումների ու որակի հետ կապված խնդիրներ

ԵՐԵՎԱՆ, 27 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովն ընթացիկ տարում ուսումնասիրություններ է կատարել մի քանի շուկաներում՝ ընդհանուր իրավիճակային պատկեր ունենալու համար: Մասնավորապես, ուշադրության կենտրոնում է պահել բենզինի, դիզելային վառելիքի շուկաները:

«Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանը նշեց, որ բենզինի դեպքում ունենք մեծ կենտրոնացվածություն, այսինքն՝ գերիշխող դիրք ունեցող ընկերություն: Հայաստան հիմնական բենզին ներկրողը «Ռոսնեֆտ Արմենիա» ընկերությունն է, որից էլ հայկական ընկերությունները ձեռք են բերում բենզինն ու իրացնում շուկայում:

«Բենզինի շուկայում իրացման տեսանկյունից կենտրոնացվածությունը ևս մեծ է և այն չի փոխվել: «Սի Փի Էս»-ը գերազանցում է բոլոր մնացած ընկերություններին»,-ասաց նա:

Դիզելային վառելիքի ոլորտում իրավիճակն ավելի լավ է: 2019 թվականին արդեն 18 ընկերություն իրականացնում է ներմուծում: Գեղամ Գևորգյանն ընդգծեց, որ նրանց մասնաբաժինները բավական փոքր են:

Հանձնաժողովի նախագահը տեղեկացրեց, որ մի շարք խնդիրներ են վեր հանել բենզալցակայանների հետ կապված: Մասնավորապես, նրանց մի մասը չի համապատասխանում օրենսդրության պահանջներին: Օրինակ, բենզալցակայանի տեղադիրքը, սանիտարահիգիենիկ պայմանները չեն համապատասխանում: Սա, իհարկե, ուղիղ չի ազդում մրցակցության վրա, սակայն այդ պահանջների մի ընկերության կողմից պահպանումն ու մյուսի չպահպանելը բերում է անհավասար մրցակցության: Հանձնաժողովը հայտնաբերել է խնդիրներ նաև թերլցումների ու որակի հետ կապված: Տեղեկատվությունը փոխանցվել է գործընկեր կառույցին: Ուսումնասիրությունները շարունակվում են:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում