Լևոն Անանյանի հիշատակին Նոյեմբերյանի Սուրբ Սարգիս եկեղեցում հոգեհանգստի կարգ է մատուցվել
ԵՐԵՎԱՆ, 9 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Տավուշի մարզի Նոյեմբերյան քաղաքի Սուրբ Սարգիս եկեղեցում մատուցվել է հոգեհանգստի կարգ՝ նվիրված մշակույթի վաստակավոր գործիչ, ՀՀ գրողների միության նախագահ Լևոն Անանյանի հիշատակին։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հոգեհանգստի կարգը մատուցվել է Տեր Հրայր քահանա Բեջանյանի ձեռամբ։ Պատարագին ներկա են եղել Տավուշի մարզի մշակույթի գործիչներ և մեծանուն գրողի համագյուղացիները։
Սեպտեմբերի 2-ին, կյանքի 67-րդ տարում անժամանակ վախճանվեց ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, Հայաստանի գրողների միության նախագահ, անվանի մտավորական և հասարակական գործիչ, հրապարակախոս, թարգմանիչ ու բանաստեղծ Լևոն Զաքարի Անանյանը։
Լ. Անանյանը ծնվել է 1946թ.-ի հոկտեմբերի 13-ին, Նոյեմբերյանի շրջանի Կողբ գյուղում։ Ավարտել է ԵՊՀ ժուռնալիստիկայի բաժինը։ Աշխատանքային գործունեությունը սկսել է 1971 թ.-ին` «Մանկավարժ» թերթից։
Լ. Անանյանի անունը սերտորեն կապվում է «Գարուն» ամսագրի հետ, որտեղ նա աշխատանքի է անցել 1975թ.-ին, իսկ 1990թ.-ից` գլխավորել հանդեսը։ «Գարուն»-ի էջերում նա հանդես է եկել բազմաթիվ հրապարակախոսական հոդվածներով, ակնարկներով, էսսեներով, որոնք գրավել են հասարակական լայն ուշադրություն։ Որպես հրապարակախոս նա արժանացել է «Ոսկե գրիչ» մրցանակի (1983թ.)։
2001 թ.-ից Լ. Անանյանը ղեկավարում էր Հայաստանի գրողների միությունը։ Նա հատկապես մեծ դեր խաղաց երիտասարդ գրողների կայացման գործում։ Աշխուժացավ հրատարակչական գործունեությունը` ՀԳՄ հրատարակչություն և տպարան հիմնելու շնորհիվ։ Անմնացորդ ծառայելով գրական ընտանիքի հոգսերին ու խնդիրներին` Լ. Անանյանը զգալիորեն նպաստեց մշակութային կյանքի աշխուժացմանը։
Կազմակերպչական և հասարակական ծավալուն աշխատանքներին զուգահեռ` նա շարունակում էր ակտիվ ստեղծագործական կյանքը. տպագրել է հոդվածներ, կազմել «Գարուն» ամսագրի մատենագիտությունը, խմբագրել գրքեր, հրատարակել «Արմատ և սաղարթ», «Տագնապներ», «Դիմակայություն», «Ժամանակ և ոգի» էսսեների և հոդվածների ժողովածուները, «Հուշանվեր» և «Հավերժ պահմտոցի» բանաստեղծական հատորյակները։ Նրա գրչին է պատկանում նաև «Թատրոնը բեմում և էկրանին» աշխատությունը։
Բարձր է գնահատվել Լ. Անանյանի գործունեությունը. 2008թ.-ին նրան շնորհվել է ՀՀ մշակույթի վաստակավոր գործչի պատվավոր կոչում, արժանացել է ԼՂՀ պետական և ՀՀ գերատեսչական պարգևների։
- Ո՞ վ էր նա, եթե ոչ մարդկային հոգիների ճարտարապետ. ԵՃՇՊՀ-ն
ցավակցական
հեռագիր է հղել Լևոն Անանյանի մահվան կապակցությամբ
«Մեծ և անգնահատելի է Լևոն Անանյան մարդու, ստեղծագործողի և ղեկավարի դերը ոչ միայն գրական, այլև քաղաքացիական մտածողության ձևավորման մեջ»,- ասված է հեռագրում: - Լեւոն Անանյանը մեր հիշողության մեջ կմնա որպես երկրի ու հասարակության
հոգսերով ապրող սկզբունքային մտավորական. ԱԺ նախագահ
ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը ցավակցական հեռագիր է հղել Լեւոն Անանյանի մահվան կապակցությամբ: - Լևոն Անանյանի կորուստը անդառնալի է Տավուշի զարգացման գործում. Տավուշի
հայրենակցական միավորում
Տավուշի մարզի միջազգային հայրենակցական միավորմուը ցավակցական հեռագիր է հղել Լևոն Անանյանի մահվան կապակցությամբ: - Շնորհակալություն քեզ, Լեւոն...Վան Բայբուրթը ցավակցել է Լեւոն Անանյանի
մահվան կապակցությամբ
Անանյանի անշահախնդիր ջանքերի շնորհիվ էր, որ հատկապես վերջին տարիներին վրաց ընթերցողի սեղանին դրվեցին հայ գրողների ստեղծագործությունները: - Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Լևոն Անանյանի մահվան
կապակցությամբ
«Խորին ցավակցություն եմ հայտնում Լևոն Անանյանի ընտանիքին, հարազատներին և գրական հանրությանը, որին նա ծառայեց մեծ նվիրումով ու եռանդով», ասված է հեռագրում: