Պաշտոնական

ՀՀ նախագահն ու Պլովդիվի քաղաքապետը քննարկել են տարբեր ոլորտներում փոխգործակցության խորացմանը վերաբերող հարցեր

3 րոպեի ընթերցում

ՀՀ նախագահն ու Պլովդիվի քաղաքապետը քննարկել են տարբեր ոլորտներում փոխգործակցության խորացմանը վերաբերող հարցեր

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Բուլղարիայի Հանրապետություն կատարած պետական այցի շրջանակում Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանը հոկտեմբերի 19-ին Սոֆիայից մեկնել է հայաշատ Պլովդիվ քաղաք, որտեղ հանդիպում է ունեցել Պլովդիվի քաղաքապետ Զդրավկո Դիմիտրովի հետ։

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնում են ՀՀ նախագահի աշխատակազմից, Պլովդիվի քաղաքապետարանում տեղի ունեցած հանդիպմանը Զդրավկո Դիմիտրովը նշել է, որ մեծ ուրախությամբ և ոգևորությամբ էին սպասում Հայաստանի նախագահի այցին։

«Պլովդիվում բավական մեծ հայ համայնք կա, ինչի համար մենք շատ հպարտ ենք։ Բուլղարիայում միակ հայկական դպրոցը, որը գործում է 1834 թվականից ի վեր, նույնպես տեղակայված է այստեղ: Մեր քաղաքում կա նաև հայկական եկեղեցի»,- ասել է Զդրավկո Դիմիտրովը և հակիրճ ներկայացրել քաղաքի զարգացման ծրագրերն ու համագործակցության հնարավորությունները։

Նախագահ Խաչատուրյանը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար և բարձր գնահատել Բուլղարիայի բարեկամական վերաբերմունքը մեր հայրենակիցների նկատմամբ: Նախագահի խոսքով՝ հայ համայնքի ներկայացուցիչների համար ստեղծվել են լավ պայմաններ, ինչի արդյունքում նրանք իրենց գործունեությամբ փորձել են զգալիորեն նպաստել Բուլղարիայի զարգացմանն ու առաջընթացին:

Հանդիպման ընթացքում Զդրավկո Դիմիտրովն առանձնահատուկ նշել է Պլովդիվի՝ ազգությամբ հայ քաղաքապետերի մասին, որոնցից մեկը Տիրան Պարիկյանն է եղել (1971-1979թթ): Վերջինս ակնառու ներդրում է ունեցել քաղաքի ժամանակակից տեսքի ձևավորման գործում։ Հայազգի Կարապետ Թովմասյանը Պլովդիվի քաղաքապետ է եղել 1991-1995 թվականներին, հարգարժան բժիշկ և հասարակական գործիչ էր և իր պաշտոնավարման ընթացքում ներդրել է ժամանակակից կառավարման մի շարք մոդելներ։

Հանդիպմանը զրուցակիցները քննարկել են տարբեր ոլորտներում փոխգործակցության խորացմանը վերաբերող մի շարք հարցեր:

Պլովդիվ կատարած այցի շրջանակում նախագահ Խաչատուրյանն այցելել է նաև Ֆիլիպպոպոլիսի հնագույն թատրոն, Վիկտորիա և Գրիգոր Թութունջյանների անվան միջնակարգ դպրոց, Պլովդիվի «Սուրբ Գևորգ» հայ առաքելական եկեղեցի և բուլղարահայ Ստեփան Հինդլիյանի անվան տուն-թանգարան։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում