Քաղաքականություն

«Իմ քայլի» պատգամավորները խորհրդարանում տիրող մթնոլորտը համարում են կառուցողական

2 րոպեի ընթերցում

«Իմ քայլի» պատգամավորները խորհրդարանում տիրող մթնոլորտը համարում են կառուցողական

ԵՐԵՎԱՆ, 11 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավորները կարծում են, որ խորհրդարանում որևիցե լարվածություն չկա, տիրում է կառուցողական ու առողջ մթնոլորտ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ պատգամավորները նման տեսակետ հայտնեց խորհրդարանական ճեպազրույցում՝ անդրադառնալով ԲՀԿ-ական գործընկերների ավելի վաղ հնչեցրած այն մտքին, թե իրենց առօրյա գործընթացներում հանդուրժողականությունն ու համերաշխությունն այնքան էլ չեն դրսևորվում:

«Շատ նորմալ, առողջ ու կառուցողական մթնոլորտ է տիրում՝ հատկապես հանձնաժողովներում»,-ասաց Բաբկեն Թունյանը:

Ալեն Սիմոնյանը նշեց՝ ընդդիմության այդ տպավորությունը գուցե կապված է նրա հետ, որ այսօր գործող իշխանությունը որևիցե ձևով կախված չէ որևիցե մեկից՝ բացի ՀՀ ժողովրդից: «Եվ մեր ուղիղ լինելը, անուններով խոսելը և աշխատելաոճը, միգուցե, այնքան էլ սովորական չեն 12 տարի այս դահլիճում նստած պատգամավորների համար: Բայց ես ուզում եմ մեկ բան ֆիքսել, որ ՀՀ-ում իշխող կուսակցությունը հաշվետու է և իր առաջին գործընկերոջն է համարում ժողովրդին, իր կոալիցիայի միակ անդամը եղել է, կա ՀՀ ժողովուրդը»,-ասաց Սիմոնյանը:

Նրա կարծիքով՝ ԱԺ-ում մեծ հաշվով որևիցե լարվածություն չկա: «Ես եղել եմ նաև 6-րդ գումարման ԱԺ-ի պատգամավոր, և կարող եմ ասել, որ այն մթնոլորտը, որը տիրում էր այնտեղ, ուղղակի խայտառակություն էր՝ նաև ագրեսիայի առումով: Այսօր այդ բանը չկա, գործնական վիճակ է, դուք կարող եք դա տեսնել նաև միջանցքներում մեր շփումներում»,-վստահեցրեց պատգամավորը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում