Հայտնի է հոբելյանական «Ոսկե ծիրան»-ի վավերագրական և խաղարկային ֆիլմերի ժյուրիի կազմը
6 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 1 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի շրջանակում Հայաստանում կցուցադրվեն բարձր վարկանիշ ունեցող ֆիլմեր, որոնք հաջողություն են ունեցել Կաննի, Վենետիկի, Բեռլինի միջազգային կինոփառատոններում: «Ոսկե ծիրան»-ի բացման և փակման հանդիսավոր արարողությունները տեղի կունենան Արամ Խաչատրյան համերգասրահում: Բացումը կլինի հուլիսի 8-ին, իսկ փակումը` հուլիսի 14-ին:
Կինոփառատոնի մասին հունիսի 1-ին լրագրողների հետ հանդիպմանը խոսեցին փառատոնի կազմակերպիչներն ու աջակիցները:
«Ամռանը մեր մայրաքաղաքը ակտիվ մշակութային կյանքով է ապրելու: Հուլիսի 8-ին կմեկնարկի ութօրյա «Ոսկե ծիրան» կինոփառատոնը: Այն կունենա 15 ազդագիր, որից յուրաքանչյուրը կներկայացնի փառատոնի 15 տարվա պատմությունը, մարտահրավերները, ձեռքբերումները: Համոզված եմ` ինչպես յուրաքանչյուր, այնպես էլ այս տարի կփորձենք հնարավորինս շատ ֆիլմերի դիտումների մասնակցել»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` նշեց ՀՀ մշակույթի նախարար Լիլիթ Մակունցը:
Կինոփառատոնի հիմնադիր Հարություն Խաչատրյանի խոսքով` այս տարի փառատոնը Հայաստան կբերի օսկարակիր, Կաննի կինոփառատոնի մրցանակակիր կինոարտադրողների, որոնք աշխարհի այսօրվա կինոինդուստրիայում մեծ դեր են խաղում:
Փառատոնի համահիմնադիր Միքայել Ստամբոլցյանը ներկայացրեց խաղարկային և վավերագրական ֆիլմերի ժյուրիի անդամների անունները: Խաղարկային ֆիլմերի ժյուրին այս անգամ կնախագահի կրկնակի օսկարակիր, Կաննի միջազգային կինոփառատոնի մրցանակակիր Ասղար Ֆարհադին (Իրան): Հանձնաժողովի կազմում են Եվրոպական կինոշուկայի նախագահ Բեկի Պրոբսթը (Գերմանիա), ռուս ռեժիսոր Բորիս Խլեբնիկովը, ֆրանսահայ կինոռեժիսոր Վալերի Մասադյանը, ճանաչված կինոօպերատոր Լերի Սմիթը (Միացյալ Թագավորություն):
Վավերագրական ֆիլմերի ժյուրիի նախագահը ժամանակակից վավերագրական կինոյի նշանավոր կինոռեժիսոր Ճաո Լյանն է (Չինաստան): Ժյուրիի կազմում են ռեժիսոր, սցենարիստ Ալեքսեյ Վախրուշևը (Ռուսաստան), Լիտվայի երաժշտության և թատրոնի ակադեմիայի պրոֆեսոր, ռեժիսոր և պրոդյուսեր Աուդրյուս Սթոնիսը (Լիտվա), ռեժիսոր և պրոդյուսեր Բեն վան Լիսհաութը (Նիդերլանդներ), միջազգային մի շարք կինոփառատոնների մրցանակակիր, կինոռեժիսոր Թամարա Ստեփանյանը (Ֆրանսիա):
Փառատոնի տնօրեն Սուսաննա Հարությունյանն ընգծեց, որ շատ կարևոր են այս տարվա ազդագրերը, որոնց միջոցով իրենք կներկայանան և’ հյուրերին, և’ կինոյի սիրահարներին: «Անցյալ տարվանից աշխատում ենք երիտասարդ դիզայներներ Սիլվիի և Դիանայի հետ, որոնց հետ զրույցների ընթացքում մտածեցինք` ինչ անել մեր 15 տարվա կատարած աշխատանքը պաստառների վրա ուղերձների պես կենտրոնացնելու համար: Ուստի կունենանք 15 ազդագիր»,-ասաց նա:
Հարությունյանը շեշտեց, որ այս տարի դիմել են կառավարությանը և վարչապետին, որ այս տարվա այն գումարը, որը որպես մրցանակ հատկացվելու է հայկական ֆիլմերին, տրամադրվի ոչ թե ֆիլմերին, այլ նախագծերին:
«Տարիների ընթացքում փառատոնը մի շարք ծրագրեր է իրականացրել, որոնց արդյունքում նկարահանվել են ֆիլմեր, որոնք մասնակցել են փառատոնի ու ճանաչելի դարձրել Հայաստանը»,-շեշտեց նա:
«Ոսկե ծիրան» կինոփառատոնին կից գործում է նաև GAIFF Pro կինոյի զարգացման հարթակը, որի աշխատանքային խումբը սկսել է Փոքր Կովկասի տարածաշրջանի կինոռեժիսորների 1-ին կամ 2-րդ լիամետրաժ ֆիլմերի համար նախատեսված` կինոնախագծերի և աշխատանքային փուլում գտնվող կինոնկարների C2C համատեղ արտադրության շուկայի մասնակցության հայտերի ընդունումը:
Կինոարտադրության այս հարթակի մասնակիցներին հնարավորություն կտա հուլիսի 9-13-ը Երևանում հանդիպել հրավիրված միջազգային պրոդյուսերների, ֆինանսավորողների, կինոֆոնդերի, ստուդիաների և փառատոների ներկայացուցիչների հետ և ստեղծել համատեղ արտադրության և համագործակցության հնարավորություններ ներկայացվող լիամետրաժ կինոնախագծի կամ աշխատանքային փուլում գտնվող ֆիլմի համար:
«Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի գլխավոր գործընկեր ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանն ասաց, որ փառատոնն իրականացնում է ուսուցողական, դաստիարակչական, կրթական առաքելություն: Տարեցտարի մենք տեսնում ենք, որ կինոարվեստի հանդեպ երիտասարդների հետաքրքրվածությունը մեծանում է: Դա հրաշալի է մեր երկրի համար, և ես շատ ուրախ եմ, որ 2006-ից փառատոնի կողքին ենք ու միասին տոնել ենք մի քանի հոբելյաններ»,-եզրափակեց Յիրիկյանը:
«Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնն անցկացվում է 15 տարի: Այդ ընթացքում փառատոնը Հայաստան է բերել աշխարհում մեծ հեղինակություն վայելող դերասանների, կինոռեժիսորների, պրոդյուսերների: Նրանցից շատերը ցանկացել են մասնակցել նաև հոբելյանական «Ոսկե ծիրան»-ին: