Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Քաղաքագետի դիտարկմամբ՝ Փաշինյանն ու կողմնակիցները պատրաստ չեն Կարեն Կարապետյանի առաջարկած արտահերթ ընտրություններին

Քաղաքագետի դիտարկմամբ՝ Փաշինյանն ու կողմնակիցները պատրաստ չեն Կարեն 
Կարապետյանի առաջարկած արտահերթ ընտրություններին

ԵՐԵՎԱՆ, 25 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Քաղաքագետ Ալեքսանդր Մարգարովը, խոսելով ՀՀ վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանի՝ արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացման առաջարկի վերաբերյալ, ընդգծում է, որ Ազգային ժողովի պատգամավոր Նիկոլ Փաշինյանն ու կողմնակիցները պատրաստ չեն այդպիսի ընտրությունների: «Հայաստանի հանրապետական կուսակցությունը, որը մեծամասնություն է խորհրդարանում, այսօր խոսում է այն մասին, որ իրենք պատրաստ են օրենքի շրջանակներում անցկացնել նոր խորհրդարանական ընտրություններ, և դա հասկանալի առաջարկ է: Ի պատասխան այս քայլին՝ նրանք ստանում են այն արձագանքը, որ այդպիսի ընտրությունների Փաշինյանն ու նրա կողմնակիցները պատրաստ չեն մասնակցելու»,- «Արմենպրես»-ի հետ զրույցում ընդգծեց Մարգարովը և հավելեց, որ Փաշինյանն ու նրա կողմնակիցներն արդեն հայտարարել են, որ բոյկոտելու են այդպիսի ընտրությունները:

Նա վստահ չէ, թե ինչպես կհանգուցալուծվի Հայաստանում տիրող իրավիճակը, դեռևս հանելուկ է, թե որ կողմը կհասնի հաջողության:  «Եթե սկզբում պայքարում էին, որպեսզի Սերժ Սարգսյանը հրաժարական ներկայացնի, ապա այժմ փորձում են վերջ տալ նաև ՀՀԿ մեծամասնության առկայությանը: Հենց այս տրամաբանությամբ էլ գնում է գործընթացը»,-նկատեց Ալեքսանդր Մարգարովը:

Նրա խոսքով` Հայաստանում երկու զուգահեռ գործընթաց կա: Առաջինն այն է, որ ՀՀԿ-ն փորձում է վերադարձնել Սահմանադրական ինստիտուցիոնալ իրավական դաշտը, և երկրորդն  այն է, ինչ տեղի է ունենում, ոչ միայն Երևանում, այլև Հայաստանի այլ վայրերում, որտեղ հավաքներով փորձում են այս գործընթացներին թելադրել սեփական տրամաբանությունը:

Ապրիլի 24-ին Նիկոլ Փաշինյանն արտասահմանյան լրատվամիջոցների մասնակցությամբ հրավիրված ասուլիսում նշել էր, որ ժողովրդի թեկնածուն կորոշվի Հանրապետության հրապարակում:

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը հայտարարել էր վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Կարեն Կարապետյանի և Ազգային ժողովի պատգամավոր Նիկոլ Փաշինյանի միջև ապրիլի 25-ին նախատեսված բանակցությունները չեղարկելու մասին: 

Ապրիլի 25-ին Հայաստանի վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Կարեն Կարապետյանը նշել էր, որ իր համար ընդունելի չէ ժողովրդի թեկնածու ընտրելու Փաշինյանի առաջարկած ձևը. վարչապետի պաշտոնակատարն առաջարկում է արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնել:

Լիլիթ Դեմուրյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am