Հասարակական

Հայաստանում հստակեցնում են լրագրողի աշխատանքը խոչընդոտելու համար քրեական պատասխանատվությունը

2 րոպեի ընթերցում

Հայաստանում հստակեցնում են լրագրողի աշխատանքը խոչընդոտելու համար քրեական պատասխանատվությունը

ԵՐԵՎԱՆ, 1 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կառավարությունը հավանություն տվեց«Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծին, որով հստակեցվում է լրագրողի մասնագիտական գործունեությանը խոչընդոտելու համար նախատեսված քրեական պատասխանատվության սկզբունքը: ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը նշեց, որ դատախազության ուսումնասիրությունները ցույց են տվել՝ լրագրողի մասնագիտական օրինական գործունեությունը խոչընդոտելու համար որոշ դեպքերում օրենքում առկա են թերացումներ:

«Դրանք հնարավորություն չեն ընձեռում պայքար վարել հատկապես այն դեպքերում, երբ դա զուգակցվում է լրագրողի կամ նրա մերձավորի կյանքի կամ առողջության համար վտանգավոր բռնության հետ: Այդ իսկ պատճառով առաջարկվում է փոփոխություն կատարել քրեական օրենսգրքում: Միաժամանակ, վեր են հանվել մի շարք այլ հոդվածներում ևս առկա թերացումներ, մասնավորապես, այլընտրանքային աշխատանքային ծառայողի կողմից ծառայության հետ կապված թերացումներ, որոնք ևս շտկվելու են», - «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասաց Դավիթ Հարությունյանը:

Ըստ հիմնավորման՝ առաջարկվող կարգավորման նպատակն է առավել հստակեցնել օրենսգրքի համապատասխան մասի դիսպոզիցիան՝ քրեորեն պատժելի համարելով լրագրողի մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելը կամ նրան տեղեկություններ տարածելուն կամ տարածելուց հրաժարվելուն հարկադրելը, որը կատարվել է լրագրողի կամ նրա մերձավորի կյանքի կամ առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով` անկախ հանցակազմի սուբյեկտի հասարակ կամ հատուկ լինելու հանգամանքից:

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում