Անցնող տարվա 11 ամիսներին հանցագործությունների ընդհանուր թիվն աճել է 5.4%-ով
6 րոպեի ընթերցում

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ դատախազությունից, 2017թ. անցած 11 ամիսների ընթացքում հանցավորության շարժընթացի վիճակագրական վերլուծությունը վկայում է, որ առանձին հանցատեսակներով, հատկապես ծանր և առանձնապես ծանր հանցագործություններով, հանցավորության նվազման և բացահայտման ցուցանիշների բարելավման միտումները տարվա ընթացքում պահպանվել են: Ընդհանուր հանցագործությունների թիվն աճել է 915-ով, կամ 5.4%-ով, ընդ որում, աճն ապահովվել է ոչ մեծ ծանրության հանցագործությունների թվով, որոնց ճնշող մեծամասնությունը մասնավոր մեղադրանքի դեպքեր են:
2017թ. 11 ամիսներին բացահայտվել է արձանագրված հանցագործությունների 84,2%-ը: 2016թ. այդ ցուցանիշը կազմել է 78,1%:
2017թ. առաջին կիսամյակում հանրապետությունում էապես նվազել ենծանր կամ առանձնապես ծանր հանցագործության, հրազենի, ռազմամթերքի գործադրմամբ կատարված հանցագործությանդեպքերը:
Եթե 2016թ. 11 ամիսների ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ծանր հանցագործության 2800, առանձնապես ծանր հանցագործության 173, հրազենի, ռազմամթերքի գործադրմամբ կատարված հանցագործության 60 դեպք, ապա 2017թ. նույն ժամանակահատվածում արձանագրվել է ծանր հանցագործության 2404 դեպք՝ 396-ով կամ 14,1%-ով պակաս, առանձնապես ծանր հանցագործության 161 դեպք՝ 11-ով կամ 18,3%-ով պակաս, հրազենի, ռազմամթերքի գործադրմամբ կատարված հանցագործության 49 դեպք՝ 12-ով կամ 6,9%-ով պակաս:
Հաշվետու ժամանակահատվածում արձանագրված 2404 ծանր հանցագործություններից բացահայտվել է 1451-ը կամ 60,3%-ը, այն դեպքում, երբ նախորդ տարի նույն ժամանակահատվածում նման հանցագործությունների բացահայտման ցուցանիշը կազմել է 52,6%:
Հատկանշական է առանձնապես ծանր հանցագործություններից սպանությունների և սպանության փորձերի նվազումը. եթե 2016թ. 11 ամիսների ընթացքում գրանցվել է սպանության 64, իսկ սպանության փորձի 29 դեպք, ապա 2017թ. նույն ժամանակահատվածում արձանագրվել է սպանության 46, սպանության փորձի 23 դեպք: Փաստացի 2017թ. 11 ամիսների կտրվածքով սպանության դեպքերը նվազել են 18-ով կամ 28,1%-ով, իսկ սպանության փորձի դեպքերը՝ 6-ով կամ 20,7 %-ով:
Նախորդ տարվա 11 ամիսների ընթացքում բացահայտվել է նույն ժամանակահատվածում արձանագրված սպանության 64 դեպքերից 47-ը (73,4%) և սպանության փորձի 29 դեպքից 28-ը (96.5%), իսկ 2017թ. արդյունքներով՝ սպանության 46 դեպքերից 34-ը (73,9%) և սպանության փորձի 23 դեպքերից 21-ը (91.3%):
2017թ. ընթացքում չբացահայտված 12 սպանություններից 6-ը ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի հատկանիշներով հարուցվել են անձանց անհայտ կորելու փաստով: Ընդ որում, այս տարվա 11 ամիսների ընթացքում նման փաստով ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի հատկանիշներով հարուցված 3 քրեական գործով վարույթ կարճվել է անհայտ կորած անձանց հայտնաբերման արդյունքում:
Դրական դինամիկան պահպանվել է նաև դիտավորությամբ առողջությանը վնաս պատճառելու դեպքերի վիճակագրությունում: 2016թ. 11 ամիսների ընթացքում արձանագրվել է դիտավորությամբ առողջությանը վնաս պատճառելու 1031, 2017թ. նույն ժամանակահատվածում՝ 1003 դեպք: Նույնն է մնացել առողջությանը ծանր վնաս պատճառելու դեպքերի ցուցանիշը՝ 184: Փոխարենը՝ եթե նախորդ տարվա տվյալներով 184 դեպքից բացահայտվել է 141-ը կամ 76,6%-ը, ապա այս տարի՝ 152-ը կամ 82,6 %-ը:
Պահպանվել է դրական դինամիկան նաև մահվան ելքով ավտովթարների և խուլիգանության դեպքերի հետ կապված: 2016թ. 11 ամիսների ընթացքում արձանագրվել է մահվան ելքով ավտովթարի 162, իսկ խուլիգանության 179 դեպք: Այս տարվա 11 ամիսների ընթացքում արձանագրվել է մահվան ելքով ավտովթարի 159 դեպք (նվազումը՝ 1,9%), իսկ խուլիգանության՝ 173 դեպք (նվազումը՝ 3.4%):
Անցած 11 ամիսներին գրանցվել է ավազակության 37 դեպք, որը նախորդ տարվա համեմատ պակաս է 14-ով կամ 27,5%-ով և բնակարան ապօրինի մուտք գործելով կատարված գողության 763 դեպք, որը 2016թ. համեմատ պակաս է 394-ով կամ 34,1%-ով: Բարելավվել է նաև այս հանցագործությունների բացահայտման ցուցանիշը: 2016թ. 11 ամիսների ընթացքում արձանագրված ավազակության 51 դեպքերից նույն ժամանակահատվածում բացահայտվել են 29-ը կամ 55,7%-ը: Մինչդեռ այս տարվա նույն ընթացքում արձանագրված ավազակության 37 դեպքից բացահայտվել են 27-ը կամ 72,9%-ը: Իսկ 2017թ. 11 ամիսների բնակարանային գողությունների 763 դեպքից նույն ժամանակահատվածում բացահայտվել է 237-ը կամ 31%-ը, այն պարագայում, երբ նախորդ տարի 1157 դեպքից բացահայտվել է 352-ը կամ 30,4%-ը:
Իսկ ահա լատենտայնության բարձր ցուցանիշ ունեցող հանցատեսակներով արձանագրվել է հանցագործությունների թվի անհամեմատ աճ: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 73 դեպքով կամ 117%-ով (2016թ.՝ 62, 2017թ.՝ 135) աճել են կաշառք ստանալու, տալու և կաշառքի միջնորդության դեպքերը: