Հասարակական

Մեկնարկել է Աշխաբադ-Երևան-Ֆրանկֆուրտ երթուղով առաջին կանոնավոր չվերթը

2 րոպեի ընթերցում

Մեկնարկել է Աշխաբադ-Երևան-Ֆրանկֆուրտ երթուղով առաջին կանոնավոր չվերթը

ԵՐԵՎԱՆ, 27 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետությունում Turkmenistan Airlines ավիաընկերությունը, առաջինն օգտագործելով օդի 5-րդ ազատությունը, դեկտեմբերի 27-ին, առաջին կանոնավոր չվերթն է իրականացրել Աշխաբադից Երևան, որտեղից էլ թռիչքը պետք է շարունակվի երրորդ երկրի՝ Գերմանիայի Ֆրանկֆուրտ քաղաք: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԿԱ քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության մամուլի ծառայությունից:

Նախ, գործող ավանդույթի համաձայն և ի նշան անվտանգ թռիչքների, «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում օդանավն անցել է ջրային կամարի տակով, այնուհետև աղ ու հացով դիմավորել են առաջին կանոնավոր չվերթով Հայաստան ժամանած Թուրքմենհովայոլլարիի ծառայության (Թուրքմենստանի ավիացիոն իշխանություն) պետի տեղակալ Դուրդիև Սուլեյման Դուրդիևիչի գլխավորած պատվիրակությանը:

ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետ Սերգեյ Ավետիսյանը, գործընկերներին շնորհավորելով չվերթի բացման կապակցությամբ, նշել է, որ ցանկացած նոր չվերթ դեպի Հայաստան, միանշանակ, դրական երևույթ է և հավելել, որ Աշխաբադ Երևան չվերթը եղել է պահանջված, բազմիցս քննարկված և բանակցված:

Թուրքմենհովայոլլարիի ծառայության պետի տեղակալը ևս, խոսելով չվերթի մասին, նշել է, որ այն երկար և սպասված էր: Դուրդիև Սուլեյման Դուրդիևիչը, շնորհավորելով չվերթի մեկնարկի կապակցությամբ, ցանկացել է, որպեսզի այն երկարատև լինի:

Տեղեկացնենք, որ Աշխաբադ-Երևան-Ֆրանկֆուրտ երթուղով չվերթները կիրականացվեն շաբաթական մեկ չվերթ հաճախականությամբ՝ յուրաքանչյուր չորեքշաբթի: Առաջին կանոնավոր չվերթով Հայաստան է ժամանել 96 ուղևոր:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում