Երևանում՝ 11:07,   21 Մայիս 2024

Հայաստանը H3N2 գրիպի համար ունի պատվաստանյութեր. մանրամասներ հոնկոնգյան վիրուսի մասին

Հայաստանը H3N2 գրիպի համար ունի պատվաստանյութեր. մանրամասներ հոնկոնգյան վիրուսի 
մասին

ԵՐԵՎԱՆ, 8 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում առողջապահության ոլորտի պատասխանատուները չեն բացառում H3N2 գրիպի (հոնկոնգյան վիրուս) ներթափանցման հնարավորությունը, սակայն կոչ են անում խուճապի չմատնվել, քանի որ երկիրը H3N2 գրիպի համար ունի համապատասխան պատվաստանյութեր: «Վիրուսների հարուցիչները շրջանառվում են օդի մեջ, պայմաններից, եղանակից կախված՝ սկսում են ակտիվանալ: Մի տարի մի վիրուսն է ակտիվանում, մյուս տարի՝ մյուսը: 2014-2015 թվականներին գերակշռում էր B տեսակի վիրուսը, 2015-2016-ին՝ H1N1-ը, այս անգամ կարող է լինել H3N2-ը»,- ասաց ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի հատուկ վտանգավոր և օդակաթիլային վարակների համաճարակաբանության բաժնի պետ Լիանա Թորոսյանը:

Հոնկոնգյան գրիպի ախտանշանները ոչնչով չեն տարբերվում մյուս գրիպի ախտանշաններից՝ խիստ գլխացավեր, մկանացավեր, ջարդվածության զգացողություն, ընդհուպ փսխումներ, քթից արյունահոսություն: Բուժման մեթոդները ևս նույնն են: Այս վիրուսը կենդանուց մարդուն չի անցնում, հետևաբար, սննդի, մսամթերքի հետ կապված խնդիրներ չեն լինի:

Համաճարակաբանի խոսքերով՝ H3N2 գրիպի հարուցիչը հայտնի է դեռևս 50-60-ական թվականներից: «Մենք այս հարուցիչի նկատմամբ նաև ունենք կոտորակային իմունիտետ, փոքր մասնաբաժիններով մեր օրգանիզմը շփվել է այդ հարուցիչի հետ և հիշում է նրան, ունի այդ հակամարմինները: Պետք է պարզապես լինել գրագետ, չզբաղվել ինքնաբուժությամբ, հագնվել եղանակին համապատասխան, ձեռքերը հաճախակի լվանալ, շատ հեղուկներ օգտագործել, օդափոխել փակ տարածքները»,-ասաց Թորոսյանը:

Նրա խոսքերով՝ կապ չունի, թե մարդը գրիպի որ տեսակով է վարակվում, բոլոր գրիպները տարածվում են օդակաթիլային ճանապարհով և ախտահարում են նույն օրգան համակարգերը: Թե H1N1-ը, թե H3N2-ը, թե B տեսակի գրիպը կարող են նույն աստիճանի բարդություն առաջացնել. կախված է մարդու օրգանիզմի դիմադրողականությունից, խոցելի լինելուց, տարիքից և հետևողականությունից: 2-րդ, 3-րդը օրը վիճակի բարելավման բացակայությունը, շնչառության ծանրացումը, ծակոցները, թուլությունը, ջերմությունն արդեն ահազանգ են՝ բժշկին դիմելու, հատկապես, երբ մարդը խոցելի խմբի ներկայացուցիչ է:

Լիանա Թորոսյանի հավաստիացմամբ՝ Հայաստանում գրիպի հարուցիչներ դեռ չկան, կան պարագրիպ և այլ վիրուսներ, բայց դրանք գրիպներ չեն. գրիպը բնորոշվում է ավելի ծանր, ձգձգվող ընթացքով: Տարածված սխալ կա՝ քթահոսությունը համարել գրիպ: Քթահոսությունը բնորոշ է ոչ թե գրիպին, այլ շնչառական վարակներին, հարբուխին: Գրիպն առանց անկողնային ռեժիմի չի բուժվում, կարող է և թեթև ընթացք ունենալ, բայց դրա բարդություններ առաջացնելու հավանականության տոկոսը բավականին բարձր է, հնարավոր են նաև մահացության դեպքեր:

Ըստ Առողջապահության համաշխարհային կազմակերպության առաջարկությունների` խոցելի խմբերի շրջանակներում (խրոնիկ հիվանդներ, տարեցներ, մանկատան սաներ, ծերեր, բուժանձնակազմ) կիրականցվեն պատվաստումներ, որպեսզի նրանց մոտ բարդությունների դեպքերը կրճատվեն, երբ այս խմբերի պատվաստումները վերջանան, յուրաքանչյուր անհատ, ըստ ցանկության, կարող է պատվաստվել: Պատվաստումները, ըստ երևույթին, կիրականցվեն մինչև նոյեմբերի կես:

Ռուսաստանը վերջերս տարածել էր պաշտոնական տեղեկատվություն՝ համաձայն որի ՝ ձմռանը Ռուսաստանին, այդ թվում` հյուսիսային ողջ կիսագնդին սպառնում է հոնկոնգյան գրիպը:

Հոնկոնգյան վիրուսն առաջին անգամ բռնկվել է 1968-1969 թթ.՝ խլելով մոտ 1 միլիոն մարդու կյանք: Գրիպը սկսել է Հոնկոնգում, մինչև 1968-ի վերջը գրիպի տարածման դեպքեր գրանցվել են նաև Վիետնամում և Սինգապուրում, հետո հասել է Հնդկաստան, Ֆիլիպիններ, Եվրոպա: Վիրուսը Կալիֆոռնիա է մուտք գործել Վիետնամական պատերազմից վերադարձող զորքի միջոցով, սակայն չի տարածվել ԱՄՆ-ում մինչև 1968-ի դեկտեմբեր: Սակայն հետագայում  այն խլել է մոտ 33 հազար 800 ամերիկացու կյանք: 1968-ին բռնկված այս գրիպը դեռ շրջանառվում է և համարվում է սեզոնային գրիպի սրում:

Աննա Գրիգորյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am