Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Մալթայի Ինքնիշխան Մարտական Ուխտի Արքայազնը այցելեց լսողության խնդիրներ ունեցող երեխաներին

Մալթայի Ինքնիշխան Մարտական Ուխտի Արքայազնը այցելեց լսողության խնդիրներ ունեցող 
երեխաներին

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պետական այցով Հայաստանում գտնվող Մալթայի Ինքնիշխան Մարտական Ուխտի Արքայազն և մեծ վարպետ Ֆրա Մեթյու Ֆեսթինգն իր պատվիրակության հետ միասին ՀՀ կրթության եւ գիտության նախարար Լեւոն Մկրտչյանի ուղեկցությամբ այցելեց Երևանի թիվ 2 հատուկ դպրոց: Այնտեղ Արքայազնին աղուհացով դիմավորեցին դպրոցի սաները: Դեռեւս 1959 թվականից հիմնադրված դպրոցում առանձնացվել էին տարբեր տաղավարներ, որտեղ ներկայացված էին դպրոցի սաների աշխատանքները: Դպրոցում երեխաները սովորում են կոշկակարություն, վարսահարդարություն, ձեռքի աշխատանք եւ այլն: Արքայազնը մոտեցավ յուրաքանչյուր տաղավարին, ծանոթացավ աշխատանքներին: Դպրոցի տնօրեն Հասմիկ Բադալյանը տեղեկացրեց, որ դպրոցում սովորում են լսողության տարբեր աստիճանի խնդիրներ ունեցող 130 աշակերտ, տարեկան դպրոց են մուտք գործում մոտ 15-ը:

Նա նշեց, որ պատվավոր հյուրի այցելության կապակցությամբ կազմակերպված միջոցառումների նախապատրաստական աշխատանքները տեւել են մոտ 15 օր:

Արքայազնի այցի կապակցությամբ երեխաները հանդես եկան տարբեր պարային համարներով` չմոռանալով նաեւ հայ զինվորին: Միջոցառմանը հյուրերին միացավ ՀՀ առողջապահության նորանշանակ նախարար Լեւոն Ալթունյանը:

Հայաստանում Մալթայի Մարտական Ինքնիշխան Ուխտի արտակարգ եւ լիազոր դեսպան Ժան Միշել Ուղուրլյանի խոսքով` դպրոցը հույսի դպրոց է:

Լուսանկարները` Ֆելիքս Առուստամյանի

«Շատ ուրախ եմ, քանի որ առաջին անգամն է, որ Ուխտի Արքայազնը Երեւան է եկել: Սա խուլ ու համրերի դպրոց չէ, այլ հույսի եւ հավատի, որտեղ տեսնում ենք, որ երիտասարդ եւ փոքր հայերը կարող են մեծ բաներ անել, ինչի կապակցությամբ շատ երջանիկ եւ գոհ ենք»,-ասաց դեսպանը:

Ֆրա Մեթյու Ֆեսթինգն ընդգծեց, որ շատ է տպավորվել երեխաների ելույթներով:

«Կարծում եմ`սա շատ կարեւոր վայր է, լավ կառույց է, որը պետք է աջակցություն ստանա: Մենք աջակցում ենք ամբողջ աշխարհում մի շարք կառույցների, սակայն, ինչպես ես գիտեմ, սա լսողության խնդիր ունեցող երեխաների ամենահին դպրոցն է, որին մենք ուղղակիորեն աջակցություն ենք ցուցաբերում: Այն, ինչ ես տեսա այստեղ, ինձ համար առիթ կլինի, որպեսզի ես ոգեւորեմ շատերին աջակցելու նման դպրոցներին այլ վայրերում եւս»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` նշեց Մալթայի Ինքնիշխան Մարտական Ուխտի Արքայազնը:

Ի նշան բարեկամության եւ հետագա համագործակցության՝ դպրոցը Ֆրա Մեթյու Ֆեսթինգին նվիրեց աշակերտների ձեռքով պատրաստված փոքր գորգ:

ՀՀ կրթության եւ գիտության նախարար Լեւոն Մկրտչյանն էլ հավելեց, որ նման դպրոցների պահպանումը կարեւոր է երկրի համար: «Մալթայի Ուխտը արդեն տարիներ շարունակ համագործակցում է դպրոցի հետ: Սա ամենակայացած դպրոցներից է, որն ունի հանրապետական նշանակություն եւ փորձառու աշխատակազմ, ընտանիքի նման են ապրում այստեղ: Քանի որ Մալթայի Ուխտի նախկին դեսպանը նույնպես ուներ լսողության խնդիր, ընտրեց հենց այս դպրոցը»,-նշեց նախարարը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am