Հասարակական

ՀՀ ԿԳ նախարարը ստորագրեց «Հայաստանում կայուն դպրոցական սնունդ» ծրագրի իրագործման հուշագիրը

2 րոպեի ընթերցում

ՀՀ ԿԳ նախարարը ստորագրեց «Հայաստանում կայուն դպրոցական սնունդ» ծրագրի իրագործման հուշագիրը

ԵՐԵՎԱՆ, 2 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ԿԳ նախարարությունում նախարար Լևոն Մկրտչյանը և ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի Հայաստանյան գրասենյակի տնօրեն Պասկալ Միշոն սեպտեմբերի 1-ին ստորագրեցին համաձայնագիր` «Հայաստանում կայուն դպրոցական սնունդ» ծրագիրը մինչև 2017թ-ի հունիսի 30-ը երկարաձգելու վերաբերյալ: «Այս փաստաթուղթը շատ կարևոր է մեզ համար և իրականացվում է ՀՀ պետական օժանդակության շնորհիվ: Ծրագիրը գործում է ՀՀ երեք մարզերում` Վայոց Ձորի, Սյունիքի և Արարատի: Շուտով նման ծրագիր կիրականացնենք նաև Տավուշի մարզում»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ հաղորդեց ՀՀ ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանը:

Պասկալ Միշոն նշեց, որ ծրագիրը կարևոր է երեխաների համար. այն մոտիվացնում է լավ սովորել: Եթե աշակերտը նորմալ սնվում է, կարողանում է հեշտությամբ ընկալել ուսուցչի խոսքը: «Հայաստանում կայուն դպրոցական սնունդ ծրագիրը» նաև աջակցություն է սոցիալապես անապահով ընտանիքներին:

Համաձայնագրով սահմանվում է, որ ծրագրում կընդգրկվեն ՀՀ յոթ մարզերի շուրջ 600 դպրոցներում սովորող տարրական դասարանների 60.000 աշակերտներ: «Հայաստանում կայուն դպրոցական սնունդ» ծրագիրը մեկնարկել է 2010թ. Պարենի համաշխարհային ծրագրի աջակցությամբ: 2013թ. սկսած ծրագրի իրականացմանը միացել է ՀՀ կառավարությունը` ընդլայնելով ծրագրի ծավալները: Ծրագրում ընդգրկված է ՀՀ մարզերի դպրոցների տարրական դասարաններում սովորող շուրջ 83 հազար աշակերտ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում