Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Բունդեսթագի կողմից Ցեղասպանության ճանաչումը ցույց կտա անցյալի որոշ էջերին շիտակ նայելու Գերմանիայի կարողությունը. ՀՀ Նախագահ

Բունդեսթագի կողմից Ցեղասպանության ճանաչումը ցույց կտա անցյալի որոշ էջերին 
շիտակ նայելու Գերմանիայի կարողությունը. ՀՀ Նախագահ

ԵՐԵՎԱՆ, 25 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը մայիսի 25-ին ընդունել է Գերմանիայի Դաշնային Հանրապետության Բունդեսթագի փոխնախագահ Էդելգարդ Բուլմանին: Սերժ Սարգսյանը ողջունել է հյուրին Հայաստանում և նշել, որ ջերմությամբ է հիշում ս.թ. ապրիլի 5-7-ը Գերմանիա կատարած իր այցն ու անմիջականության և փոխըմբռնման մթնոլորտում կայացած հանդիպումները երկրի ղեկավարության հետ, որոնց ընթացքում քննարկվեցին հայ-գերմանական հարաբերությունների օրակարգն ու փոխգործակցության զարգացման հեռանկարները: Երկկողմ կապերի ամրապնդման տեսանկյունից Սերժ Սարգսյանը կարևորել է բարձրաստիճան փոխայցելությունները, այդ թվում՝ ԳԴՀ Բունդեսթագի փոխնախագահ տիկին Բուլմանի ներկայիս այցը և ընդգծել միջխորհրդարանական համագործակցության դերը միջպետական հարաբերությունների զարգացման գործում: Նախագահը բարձր է գնահատել Հայաստանի սոցիալ-տնտեսական զարգացման նպատակով Գերմանիայի կառավարության կողմից տարիներ շարունակ Հայաստանին տրամադրվող ֆինանսական ու տեխնիկական աջակցությունը և շնորհակալություն հայտնել Գերմանիայի իշխանություններին:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, բարձրաստիճան հյուրն իր հերթին նշել է, որ Գերմանիայի Բունդեսթագը մեծ կարևորություն է տալիս Հայաստանի հետ խորհրդարանական կապերի ամրապնդմանը և փոխգործակցության զարգացմանը: Անդրադառնալով ՀՀ Նախագահի Գերմանիա կատարած այցին՝ տիկին Բուլմանն ընդգծել է, որ այն մեծ արձագանք է գտել իր երկրում, և ԳԴՀ ղեկավարության հետ ՀՀ Նախագահի բանակցությունները բավականին օգտակար ու արդյունավետ են եղել՝ նոր լիցք հաղորդելով հայ-գերմանական հարաբերություններին: 

Հանդիպմանն անդրադարձ է եղել Հայոց ցեղասպանության ճանաչման միջազգային գործընթացին, մասնավորապես՝ Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ Բունդեսթագի քննարկումներին և շրջանառության մեջ դրված համապատասխան բանաձևին, որի ընդունումը, Նախագահի խոսքով, ցույց կտա, որ Գերմանիան, որպես Օսմանյան կայսրության երբեմնի դաշնակից, ևս մեկ անգամ կարող է շիտակ ու աներկբա նայել իր անցյալի որոշ էջերին և անցյալից դասեր քաղել:

Բունդեսթագի փոխնախագահը մեծապես կարևորել է իր երկրի խորհրդարանում նման քննարկումները և ներկայացրել Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ բանաձևի էությունն ու նպատակը: Տիկին Բուլմանը ՀՀ Նախագահից հետաքրքրվել է ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացի հեռանկարի և միջազգային հանրության, այդ թվում՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից գործադրվող միջնորդական ջանքերի մասին: Նախագահ Սերժ Սարգսյանը հանգամանորեն ներկայացրել է առկա իրավիճակը և հակամարտության կարգավորման հայկական կողմի մոտեցումները:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am