Երևանում՝ 11:07,   18 Մայիս 2024

«Նորմանդական քառյակի» ղեկավարները քննարկել են Ուկրաինայի եւ Սիրիայի իրադրությունը

«Նորմանդական քառյակի» ղեկավարները քննարկել են Ուկրաինայի եւ Սիրիայի իրադրությունը

ԵՐԵՎԱՆ, 24 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը եւ Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են Ուկրաինայի հարավ-արեւելքում իրադրության քաղաքական կարգավորման հարցերը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հաղորդվում է Կրեմլի կայքում:

Պուտինը հորդորել է ուկրաինական զինված կազմավորումների կողմից անհապաղ դադարեցնել Դոնբասի բնակավայրերի գնդակոծումները: Ընդգծվել է, որ կարգավորման հանգուցային բաղադրիչը պետք է դառնա Կիեւի ուղղակի երկխոսությունը Դոնեցկի եւ Լուգանսկի հետ՝ նպատակ ունենալով Մինսկի պայմանավորվածությունների ամբողջական ու համապարփակ կատարումը:

Կողմերը նշել են հրադադարի ռեժիմի խստիվ պահպանման, հակամարտության գոտում ԵԱՀԿ-ի Հատուկ մոնիթորինգային առաքելության գործունեության արդյունավետության բարձրացման կարեւորությունը՝ նրան լրացուցիչ լիազորություններ տրամադրելու, ինչպես նաեւ Հսկողության եւ կոորդինացման համատեղ կենտրոնի ամրապնդման ճանապարհով:

Կարծիքներ են փոխանակվել նաեւ Ուկրաինայի հարավ-արեւելքի սոցիալ-տնտեսական եւ հումանիտար մի շարք սուր հիմնախնդիրների լուծմանն ուղղված հնարավոր քայլերի շուրջ:

Բացի այդ, զրուցակիցներն արծարծել են Սիրիայի ճգնաժամային իրադրության առանձին ասպեկտներ:

Ինչպես հաղորդվում է Ուկրաինայի նախագահի կայքում, Պորոշենկոն առանձնակի ուշադրություն է դարձրել ռուս-ուկրաինական սահմանի նկատմամբ հսկողության վերականգնման անհրաժեշտության վրա: Պետության ղեկավարը նաեւ հորդորել է Ռուսաստանին՝ ազատել նրանց, ում նա անվանել է «ուկրաինացի պատանդներ» եւ «քաղաքական բանտարկյալներ», այդ թվում՝ Նադեժդա Սավչենկոյին: Բացի այդ, նա Ռուսաստանի իշխանություններին մեղադրել է «ղրիմցի թաթարների իրավունքների մշտական խախտման» մեջ:

Լուսանկարը` Reuters


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am