Սխրանքի 63 տարի. Շավարշ Կարապետյանը` մարդասիրության ու հայրենի հողին նվիրումի մասին
14 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 28 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շավարշ Կարապետյանի անձնվեր սխրանքները, որոնք տարիներ առաջ մարդկային բազում կյանքեր են փրկել, մեծ տարածում է գտել հայության շրջանում, կրթել ու դաստիարակել սերունդերի, վերջերս կրկին հիշատակվեցին «Ավրորա» մրցանակաբաշխության ժամանակ. լեգենդար հայորդին ներկայացվեց որպես Հայաստանի խիզախության խորհրդանիշ:
«Արմենպրես»-ը առիթը բաց չթողեց զրուցելու նրա հետ, և աշխարհի բազմակի ռեկորդակիրն անկեղծորեն խոսեց մարդասիրության, սեփական կյանքի գնով ուրիշներին փրկելու բացառիկ մարդասիրական դրսևորման, Հայաստանի նշանակության մասին: Շավարշ Կարապետյանը չմոռացավ նաև խորհուրդներ տալ հայ երիտասարդությանը:
- Պարոն Կարապետյան, Ձեր կատարած սխրանքների մասին մշտապես շատ է խոսվել: Դրանք հայտնի են հայությանը: Ամենից հաճախ հիշատակվում են երկուսը՝ Մարզահամերգային համալիրում 1980-ականների տեղի ունեցած հրդեհը և, իհարկե, Երևանյան լճում հայտնված տրոլեյբուսի պատմությունը, որը խաչ քաշեց Ձեր մարզական կարիերայի վրա: Երրորդ սխրանքի՝ Ծաղկաձորից վերադարձող ավտոբուսի պատմության մասին հաճախ չեն խոսում: Դուք չե՞ք ցանկանում խոսել այդ մասին:
- Իրականում ես խոսել եմ նաև այդ մասին: Այնքան են հարցրել, որ չէի ուզենա անդրադառնալ դրան (1974 թ. հունվարի 8-ին Շավարշ Կարապետյանը Ծաղկաձորի սպորտային բազայից ավտոբուսով վերադառնում էր Երևան: Ավտոբուսում այդ պահին գտնվում էին երեսունից ավելի ուղևորներ` ներառյալ մարզիկներ: Վերելքի վրա վարորդը, նկատելով շարժիչի անսարքություն, ստիպված կանգնեցնում է մեքենան և դուրս գալիս: Նույն պահին անկառավարելի ավտոբուսը շարժվում է տեղից: Վարորդի բացակայությունն առաջինը նկատած Կարապետյանը, ով ամենից մոտն էր նստած վարորդին, փորձում է կանգնացնել ավտոբուսը և կանխել դրա անկումը ձորի մեջ: Արմունկով ջարդելով վարորդի խցիկի ապակյա պատը՝ կտրուկ ուղղում է ավտոբուսը դեպի սարը: Ավելի ուշ այս իրավիճակի վերլուծության ընթացքում պարզվել է, որ այս որոշումը միակ ճիշտ ելքն էր վթարից խուսափելու համար: Այս դեպքից հետո Շավարշ Կարապետյանը, պատասխանելով այն հարցին, թե ինչպես նրան հաջողվեց կանխել ողբերգությունը, ասել է իր՝ թևավոր դարձած խոսքը. «Ուղղակի ես ամենից մոտն էի…»):
- Ձեր քայլերը մարդասիրական մեծ բնույթ են կրել: Դուք վտանգել եք սեփական առողջությունը, մարզական կարիերան և այդ ամենը մարդկանց կյանքեր փրկելու համար: Ինքներդ մասնակցելով Երևանում «Ավրորա» մրցանակաբաշխությանը, դառնալով դրա մասնիկը, մրցանակաբաշխության ժամանակ որակվելով որպես խիզախության և մարդասիրության հայկական խորհրդանիշ՝ ի՞նչ եք մտածում նախ մարդասիրության համար տրվող մրցանակի, ապա նաև ընդհանրապես մարդու կյանք փրկելու առաքելության մասին:
- Մարդասիրությունը հոգեվիճակ է, այն մարդու էության մեջ է: Դժվար է բացատրել, անգամ մանրամասն բացատրելու դեպքում դժվար կլինի հասկացված լինել: Այդպիսին է Շավարշի էությունը («Արմենպրես»-ի հարցին ի պատասխան՝ ասում է Շավարշ Կարապետյանի 55 տարվա լավագույն ընկերներից մեկը, ով Կարապետյանին սուզվել է սովորեցրել գրեթե կես դար առաջ):
Մարդասիրությունը մարդու պարտավորությունն է մյուս մարդու նկատմամբ: Մյուսի կյանքը կարևորվում է առավել քան սեփականը:
Շավարշի համար հնարավոր չէ տեսնել մեկին վատ վիճակում և չփորձել օգնել: Դա մարդկային էության մեջ մտած երևույթ է: Նրա մոտ այդպես է (հավելում է մանկության ընկերը):
Նա է ինձ լողալ սովորեցրել: Նա ինձ ավելի լավ գիտի: Համաձայն եմ իր բոլոր ասածներին: Ավելին բացատրել ուղղակի չեմ կարող:
- Իսկապես Շավարշ Կարապետյանը լողալ է սովորե՞լ Ձեր օգնությամբ (անակնկալի եկած հարցն ուղղում եմ խոսակցությանը համ ու հոտ ավելացրած մարդուն):
- Մի քիչ չափազանցնում է: Ես Շավարշից մեկ տարով եմ մեծ: Երբ նա 8 տարեկանում եկավ լողավազան, ես ընդամենը 9 տարեկան էի և լողալ գիտեի: Ես օգնել եմ, որ նա սուզվել սովորի: Օգնել եմ ճիշտ շնչելու և արտաշնչելու պահով: Միայն այդքանը:
Իսկ ոտքերն աշխատեցնելը, ձեռքերով շարժվելը… Դրանք էլ դու ես սովորեցրել (չի կարողանում տարիների պատմությունը չհիշել Շավարշ Կարապետյանը): Հետո արդեն միասին էինք լողում:
- Մարդասիրական մրցանակը ի՞նչ նշանակություն ունի կյանքեր փրկած մարդու համար: Այն ինչ-որ կարևորություն ունի՞, թե զուտ խորհրդանշանական է:
- Գիտեք, երեխան երբ ծնվում է, նա զրոյական մարդկային ընկալումներ ունի: Ավելի ուշ արդեն գնում է դաստիարակչական կրթման ճանապարհով, որոնք կարող են տարբեր լինել՝ ծնողների կողմից ընտրված, կամ մանկապարտեզում, դպրոցում, բուհերում: Կան մարդիկ, ովքեր զրույցի սեղանի շուրջ էլ են դաստիարակվում: Կան մարդիկ, ովքեր բանտում են կրթվում: Կան նաև մարդիկ, ում ընդհանուր դաստիարակությանը կարող է գումարվել «Ավրորա» մրցանակի որդեգրած արժեքները: Մարդիկ իրենց ներքին հոգեկանը կարող են կրթել այդ ոճով: Դա ամենից բարդ ձևն է, որով կարելի է արտահայտել:
Մարդասիրության արժեքը փողի մեջ չէ, որով խրախուսվում է մրցանակակիրը, բայց մրցանակը միշտ գումարի քանակի մեջ է, որպեսզի հնարավոր լինի գործել հօգուտ մարդկության, ստեղծել ավելի լավ պայմաններ մարդասիրության խթանման համար:
Մարդասիրական մրցանակի հաղթող կարող են դառնալ մարդիկ, ովքեր կարողանում են անտեսել իրենց անձնականը և փորձում են միշտ կանգնած լինել մնացյալ մարդկության կողքին՝ հանձին երեխաների, կանանց ու անպաշտպան ծերերի: Հայերս ևս սխրանքներ իրագործող մարդիկ ենք: Մրցանակաբաշխության ժամանակ շատ սրտաճմլիկ պատմություններ լսեցի ու պատկերներ տեսա էկրանին, դրանք իրոք ցնցող էին ու ազդեցիկ: Անձամբ ներկա լինելով միջոցառմանը՝ հոգեկան մեծ հարստություն ստացա: «Ավրորա»-ի հերոսները կառավարության անդամներ կամ կռվի դաշտից եկած մարտիկներ չէին, նրանք մարդկային արարքներ էին գործել՝ թողնելով դրանք մարդկության սրտերում: Սա շատ տպավորիչ, ազդեցիկ միջոցառում էր, որից ես կարողացա ինձ հետ տանել նոր դաստիարակություն, նոր մտքեր ու գաղափարներ: Մենք տարիներ շարունակ ասել ենք, որ ապրիլի 24-ին հայությանը կոտորել են, այժմ այլ նշանակություն է տրվում այդ օրվան. ապրիլի 24-ին խոսվում է ոչ թե կոտորածի, այլ այն մասին, որ կան մարդիկ, ովքեր մարդկանց են փրկում:
- 2016 թ. մայիսին լրանում է Ձեր ծնդդյան 63-ամյակը: Ինչպե՞ս է իրեն զգում հաղթանակների ամսին ծնված Շավարշ Կարապետյան-հերոսը:
- Այնպես եք ասում... 63 տարեկանում մարդն իրեն հերոս չի զգում: Ինչպե՞ս կարող է նա իրեն հերոս զգալ: Ամեն դեպքում, ամեն ինչ լավ է, ամեն ինչ գեղեցիկ է: Իմ ժողովուրդը տարածվել է ամբողջ աշխարհով մեկ և տարբեր գիտելիքներ, ապրելաձև, ապրելակերպ ստանալով՝ կարողանում է մեկը մյուսին նաև սովորեցնել, օգնել, գործակից լինել մեկը մյուսի միջոցով: Դա տարածվում է աշխարհով մեկ՝ դառնալով յուրատեսակ միջազգային հարաբերություն՝ բարեկամական, մարդկային, հայկական: Աշխարհում այսօր շատերը սովորում են հայերեն: Ոչ վաղ անցյալում ես իմացա, որ գերմանացին ոչ պակաս լավ հայերեն գիտի, կինը հայուհի է, նա հարգում է հայերին, Հայաստան է գալիս: Մեր պատմությունը, գրականությունը և լեզուն սովորելով՝ նա երբեք մեզ թշնամի չի լինի: Կարծում եմ՝ համաձայն եք ինձ հետ:
- Ի՞նչ խորհուրդ կտայիք աշխարհասփյուռ հայությանը, հայ երիտասարդներին: Ինչպե՞ս է պետք լինել ավելի խիզախ:
- Ոչ միայն հայ երիտասարդների, այլ ամբողջ մարդկության համար կուզենայի, որ առողջ լինեին: Թող հայ երիտասարդները լավ սովորեն, դառնան լավ մասնագետներ, վատ մասնագետ, բժիշկ ոչ մեկին պետք չէ, և վատ գինեգործ էլ պետք չէ, վատ պատշար էլ պետք չէ: Պատկերացնում եք, եթե ինքնաթիռի հրամանատարը վատ սովորած լինի, այդ ուղևորների վիճակն ուղղակի աննախանձելի կլինի: Նաև ազնիվ պետք է լինել: Կարծում եմ՝ ազնվությունն ամեն դեպքում գիտելիքների հետ է գալիս: Ինչքան գիտելիքներով հարուստ է անձը, այդքան ազնիվ է փորձում լինել: Եթե վերցնենք հռչակավոր մարդկանց, ապա կտեսնենք, որ նրանք մշտապես ազնիվ են եղել՝ նախ իրենք իրենց, ապա նաև իրենց ընտանիքի և առհասարակ ազգի, ժողովրդի ու երկրի նկատմամբ:
- 2016 թ. ապրիլը բավականին խնդիրների առաջ բերեց հայ ազգին, Արցախին: Երևի թե տեղյակ եք, որ ապրիլի 25-ին էլ ավտոբուս պայթեց: Ի՞նչ խնդիրներ կան Ձեր կարծիքով Հայաստանում:
- Հայաստանում շատ խնդիրներ կան, որոնք լուծելու կարիք ունենք: Առաջինը հացի խնդիրն է: Այն պետք է լուծել: Զենքի խնդիրը ևս կարևոր է: Պետք է լուծել: Բազմաթիվ ճյուղերում կան խնդիրներ և պետք է ուշադիր լինել ու լուծումներ գտնել: Անվտանգության խնդիրն էլ է պետք լուծել: Եթե օրինակ վերցնենք, ապա կբերեմ Իսրայելի օրինակը: Երբ մտնում ես այդ երկիր, քեզ բավականին երկար զննում են: Չգիտեմ, թե ավտոբուսի պայթեցման պարագայում ինչպիսին է եղել մոտիվը: Համաշխարհային տեսանկյունից մեկ ավտոբուսի պայթյունը մեծ բան չէ, բայց մեզ համար այդ արարքը շատ վատ բան է: Ամեն դեպքում պետք է զգույշ լինել, ոչ թե ավտոբուսի պայթեցման կամ սահմանային արյունալի բախումների պատճառով, այլ հիշելով, որ մենք դարեդար եղել ենք կոտորվող ազգ: Մենք ոչ մեկին չենք կոտորել: Ապիրլյան դեպքերն ահազանգ են, զգուշացում, որ պետք է միշտ ուշադիր լինել: Թշնամու վարած քաղաքականությունը չի փոխվել այս տարիների ընթացքում: Կապ չունի, որ այսօր 1915 թվականը չէ, թշնամին ցույց է տալիս, որ ինքը դեռ մտադիր է կոտորել: Մենք դա պետք է իմանանք, հիմք ընդունենք: Զգուշությամբ և մշտապես պաշտպանվելու կարողությամբ մենք պետք է զինվենք և պայքարենք: Հույսը պետք է մեզ վրա դնենք: Մենք պետք է կարող և ունակ լինենք պաշտպանվելու: Ցավոք, դարեդար մեր վիզը դրվել է սրի տակ, իսկ այժմ մենք ուղղակի իրավունք չունենք այնպես ապրել, որ մեզ փամփուշտ դիպչի, մեր փամփուշտը տեղ չհասնի կամ չհերիքի: Մենք պետք է մտածենք, որ ոչ թե մեզ ենք պաշտպանում որպես անձ, որպես հայ մարդ, այլ պաշտպանում ենք մեր ընտանիքը, մեր երեխաներին, մեր թոռներին: Այդ զգացողությունն է մեզ պետք: Այն երբեք չպետք է վերանա հայի մեջից: Զգուշությունը և պատրաստականությունը դեպի պաշտպանություն շատ կարևոր եմ համարում:
- Պարոն Կարապետյան, 2016 թ. կլրանա ուղիղ 40 տարին, երբ Դուք Երևանյան լիճը նետվեցիք խորտակվող տրոլեյբուսից մարդկային կյանքեր փրկելու համար: Ներողություն եմ խնդրում վերհուշ և կսկիծ արթնացնելու համար, սակայն մեկ անգամ սուզվելիս Ձեզ հետ ոչ թե մարդկային մարմին էիք դուրս բերել, այլ ուղղակի նստարան: Այդ նստարանը, տարիներ առաջ էիք ասել, մշտապես Ձեզ ուղեկցում է: Դեռ ափսոսո՞ւմ եք, չե՞ք ներում ինքներդ Ձեզ այդ դեպքի համար: Կրկին երազում տեսնո՞ւմ եք այդ մղձավանջը:
- Այսօր էլ նույն զգացումներն են մոտս: Դա ուղղակի աններելի սխալ էր, որը մի կյանք արժեցավ: Աններելի էր: Դեռ պատկերն աչքերիս առաջ է: Գիտեք՝ ես ոչ թե պրոֆեսիոնալ փրկող էի, այլ արհեստավարժ՝ լողորդ: Ես գիտեմ, որ դա այն ժամանակն էր, որ դուրս բերված մարդը կենդանի կլիներ: Դրա համար, չգիտեմ, թե արդյոք առիթ կլինի, թե, գուցե, ոչ, սակայն այդպիսի սխալներ թույլ տալ չի կարելի:
- Այդ օրը փրկվածների ու Ձեր միջև կա արդյո՞ք կապ ներկայում:
- Արդեն 40 տարի է անցել: Եթե փրկվածը 60 տարեկան էր այն ժամանակ, ապա դժվար թե… Մի քանի հոգի են այսօր ապրում, սակայն նրանք տարբեր երկրներում են գտնվում: Շատերի հետ սկզբում կապ կար, հետո այդ կապը կորավ: Ինձ թվում է, որ մեծ մասը տարիքային խնդիրներից ելնելով այսօր ուղղակի մեզ հետ չէ:
- Հաճա՞խ եք Հայաստանում լինում: Ի՞նչ դեր ունի Հայաստանը Ձեզ համար:
- Ես մշտապես Հայաստանում եմ և Հայաստանի հետ եմ անկախ նրանից ապրում եմ այստեղ, թե գտնվում եմ մեկ այլ երկրում: Իմ հավերժական տունը հայոց հողն է լինելու: Մեկ բան էլ կա. որտեղ էլ ուզում ես եղիր՝ հայ հողը քեզ համար հայրենիք է: Հայոց հողի տարածքը քեզ համար հանգստյան վայր է: Հայ ժողովուրդը քո հարստությունն է, այսինքն՝ իմ հարստությունն է: Հայի լեզուն ինձ համար ավելին է, քան հարստությունը: Ես միշտ Հայաստանի և հայ ժողովրդի հետ եմ: Աշխարհիս երեսին ապրող հայության հետ եմ: Ես ինքս էլ գոռոզ եմ ընկալվել, որովհետև հայ եմ:
Զրուցեց Հարություն Ծատրյանը