Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Մշակույթի հայտնի գործիչները կոչ են անում պահպանել պատմամշակութային շինություններն ու հուշարձանները

Մշակույթի հայտնի գործիչները կոչ են անում պահպանել պատմամշակութային շինություններն 
ու հուշարձանները

ԵՐԵՎԱՆ, 12 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի մշակույթի հայտնի գործիչները դեմ են պատմամշակութային հուշարձանների և շունությունների քանդմանը: Նրանք առաջարկում են, որ քանդման ենթակա շենքերը վերանորոգվեն և պահպանվեն: «Ստեղծագործողի ամենամեծ առաքելությունն այն է, որ կարողանում է սեր խոստովանել, որը ընդունելի, հասանելի է շատերին: Եկել ենք սեր խոստովանելու մեր քաղաքին: Իմ ստեղծագործական ուղին կապված է մեր քաղաքի հետ: Այսօր մեր սիրո արտահայտությունը պետք է արարքների վերածվի: Քաղաքի դիմանկարը մենք ենք: Մեր քաղաքը, Ֆորշի ասած, տուն ու շենք չէ, այլ մենք ենք: Քաղաքը թիկունքի կարիք ունի, պետք է կարողանանք պահել մեր քաղաքի արժանապատվությունը , պետք է միաբանվենք, այլ կերպ հարց չի լուծվում»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ` լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց ՀՀ ժողովրդական արտիստ, դերասան Միքայել Պողոսյանը:  

Նրա խոսքով` իհարկե, Երևանը պետք է փոփոխվի, նոր կառույցներ են պետք, բայց ոչ հները ոչնչացնելու հաշվին: «Մեր շարժումը հաղթելու է, համոզված եմ, որ հաղթանակին կնպաստեն բոլոր պաշտոնյաները»,-շեշտեց Միքայել Պողոսյանը:

Ճարտարապետ Մարկ Գրիգորյանը վստահ է` շենքերը պատմության նյութական վկաներն են: «Մենք, հպարտանալով հայ ժողովրդի պատմությամբ, միևնույն ժամանակ քանդում և ոչնչացնում ենք պատմության վկաներին: Մենք մեզ զրկում ենք և’ անցյալից, և’ ապագայից: Ինձ շատ անգամ են ասում` այս շենքը սիրուն չէ, պետք է քանդվի, նորը կառուցվի: Սիրունը չափանիշ չէ, չափանիշը գուցե գեղեցիկն է»,-նշեց նա:

Դերասան Հրանտ Թոխատյանն էլ նշեց, որ քաղաքը միշտ էլ փոխել է իր դեմքը, սակայն ժամանակին, երբ ինչ-որ բան էին քանդում, տեղեկացնում էին այդ մասին: «Ամեն ինչ պետք է անել մեր քաղաքի դեմքին վայել, այնպես, ինչպես արեց Թամանյանը: Եկեք քաղաքի դեմքն անիմաստ չշպարենք. մենք ունենք Երևանի վարդագույնը, որը պակասել է: Ի~նչ գույն ասես կա»,-նշեց նա:

Ռեժիսոր Հրանտ Վարդանյանի խոսքով` ինքն իրեն մեղավոր է զգում քանդված և չպահպանված հուշարձանների համար: «Մենք ենք մեղավոր նրա համար, ինչ ունենք այսօր: Ես ինձ մեղավոր եմ զգում քանդվածի համար: Վատն այն է, որ գիշերով են քանդում կառույցները. մտավախություն կա, որ մի օր քայլելիս շենքերը քանդված կտեսնեմ: Մենք ամեն ինչ անելու ենք, համոզելու ենք, որ շենքերը չքանդեն, ընդհակառակը` վերանորոգեն, վերակառուցեն»,-շեշտեց նա:

Պատմամշակութային հուշարձանների և շինությունների ոչնչացման դեմ կոչին միացել են նաև երգիչ Արամոն, Սերգեյ Փարաջանովի թանգարանի տնօրեն Զավեն Սարգսյանը, երգչուհի, երաժիշտ Լիլիթ Պիպոյանը, խմբավար Տիգրան Հեքեքյանը, երգիչ Արթուր Իսպիրյանը, «Հրանտ Մաթևոսյան» մշակութային- բարեգործական հիմնադրամի տնօրեն Դավիթ Մաթևոսյանը և այլ գործիչներ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am