Երևանում՝ 11:07,   10 Մայիս 2024

Ռուսական գազը Վրաստան մուտք գործելու պարագայում կխարխլվեն Ադրբեջանի մոնոպոլ դիրքերը. Նարեկ Մինասյան

Ռուսական գազը Վրաստան մուտք գործելու պարագայում կխարխլվեն Ադրբեջանի մոնոպոլ 
դիրքերը. Նարեկ Մինասյան

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանի համար գազային լծակները շատ լուրջ գործոն են Վրաստանի վրա ազդեցություն գործելու համար: Այսօր Ադրբեջանն ունի մոնոպոլ դիրք Վրաստանի գազային շուկայում: Եթե Վրաստանը սկսի գազ գնել «Գազպրոմ»-ից, ապա դա կնշանակի, որ Ադրբեջանի մոնոպոլ դիրքը կխարխլվի: «Արմենպրես»-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց «Հայացք» վերլուծական կենտրոնի փորձագետ, քաղաքագետ Նարեկ Մինասյանը` անդրադառնալով Վրաստանի իշխանությունների կողմից ադրբեջանական գազին այլընտրանք գտնելու փորձերին:

-Ինչո՞վ է պայմանավորված վերջին շրջանում Վրաստանի իշխանությունների կողմից ադրբեջանական գազին այլընտրանք գտնելու փորձը: Արդյոք Վրաստանի ու Ադրբեջանի միջև խնդիրնե՞ր են ի հայտ եկել

-Վրաստանի իշխանությունների կողմից ադրբեջանական գազին այլընտրանք գտնելու փորձը տեղավորվում է տնտեսական հաշվարկների շրջանակում: Վրաց-ռուսական բանակցությունների արդյունքում պարզ դարձավ, որ Ռուսաստանը պատրաստ է ադրբեջանական գազից ավելի մատչելի գնով գազ մատակարարել: Բնականաբար, տնտեսական տեսանկյունից առավել ձեռնտու է գնել առավել մատչելի գազը: Եթե դիտարկում ենք նույն արդբեջանական գազային մատարակարումնեը դեպի Վրաստան, ապա տեսնում ենք, որ առկա է 5 տարբեր գներով գազ: Ահա ռուսական գազը փոխարինելու է ադրբեջանից եկող ամենաթանկ գազին: Իհարկե, ռուսական գազն ամբողջությամբ չի ծածկելու Վրաստանի պահանջարկը:

-Ականտես եղանք Ադրբեջանի անհանգստությանը: Արդյոք այստեղ միայն տնտեսակա՞ն վնասի մասին է խոսքը, թե՞ աշխարհաքաղաքական տեսանկյունից նույնպես կորուստներ կան:  

-Ադրբեջանի անհանգստանալը ավելի շատ պայմանավորված է աշխարհաքաղաքական գործոններով: Բանն այն է, որ գազային այդ լծակները Ադրբեջանի համար շատ լուրջ գործոն են Վրաստանի վրա ազդեցություն գործելու տեսանկյունից: Բացի դրանից, չմոռանանք նաև այն, որ այսօր Ադրբեջանն ունի մոնոպոլ դիրք Վրաստանի գազային շուկայում: Այսինքն` գազային շուկայի մոտ 87 տոկոսը պատկանում է հենց Ադրբեջանին:  Ըստ որոշ հաշվարկների, եթե Վրաստանը սկսի գազ գնել «Գազպրոմ»-ից, ապա դա կծածկի վրացական շուկայի 20 տոկոսը: Դա նշանակում է, որ Ադրբեջանի մոնոպոլ դիրքը կխարխլվի: Կստեղծվի մի իրավաիճակ, երբ վրացական կախվածությունը արդբեջանական գազից համեմատաբար կպակասի: Առկա պայմաններում, երբ ռուսական գազից բացի, խոսվում է նաև իրանական գազը Վրաստան հասցնելու մասին, Ադրբեջանն անհանգստացած է:

-Մանավանդ, որ նախատեսվում է իրանական գազը Վրաստան հասցնել Հայաստանի տարածքով:

-Այո, ստացվում է, որ Հայաստանը դառնալու է տարանցիկ երկիր, ինչը հակասում է Ադրբեջանի արդեն շուրջ երկու տասնամյակ իրականացրած շրջափակման քաղաքականությանը: Տարիներ շարունակ Ադրբեջանը իրականացրել է մի քաղաքականություն, որի հետևանքով Հայաստանը մեկուսացած է եղել տարածաշրջանային տարբեր տրանզիտային ծրագրերից: Այս նոր նախագծով իրավիճակը կփոխվի, և Հայստանը որոշակիորեն կսկի օգտագործել տրանզիտային հնարավորությունները, իսկ դա չի բխում Ադրբեջանի շահերից: Հայաստան-Վրաստան հարաբերությունների ամրապնդումը նույնպես չի բխում Ադրբեջանի շահերից:

-Որքանո՞վ է հավանական, որ Ադրբեջանն ավելացնի Վրաստան մատակարարվող գազի ծավալները:

-Թեպետ Ադրբեջանը հայտարարում է, որ պատրաստ է ավելացնել գազի մատակարարման ծավալները, սակայն առկա խողովակաշարերը դա թույլ չեն տալիս, դրա համար լուրջ ներդրումների անհրաժեշտություն կա: Այսինքն` ստեղծվել է մի իրավիճակ, երբ, մոնոպոլ դիրքը չկորցնելու համար, Ադրբեջանը պետք է լուրջ ներդրումներ կատարի, բայց նա այսօր լուրջ տնտեսական խնդիրների առաջ է կանգնած: Եվ Ալիևը հազիվ թե պատրաստ լինի մեծ գումարներ ծախսել խողովակաշարի հզորությունների ավելացման համար: Այսինքն` մինչև 2019 թվականը գործնական առումով ադրբեջանական գազի լրացուցիչ ծավալները հազիվ թե հասնեն Վրաստան:

-Այս գործընթացին Ադրբեջանի կողմից խոչընդոտող քայլեր, ճնշումներ հնարավո՞ր են:

-Գազային բանակցությունների ի հայտ գալուց հետո, ադրբեջանական կողմը հայտարարեց, որ մատակարարումների խնդիր իրենք չեն ունենում, իսկ վրացական կողմը հակառակն էր պնդում: Ստացվում էր, երկու կողմից հնչում էին հակասական հայտարարություններ: Խնդիրը հանգեցրեց նրան, որ Ադրբեջանը գազային պատվիրակություն  ուղարկեց Վրաստան, բայց բանակցություններն անարդյունք եղան:

Ինչ վերաբերում է Ադրբեջանի գազային բանակցությունների ընդհանուր ռազմավարությանը, ապա սկզբնական շրջանում աշխատանք էր տարվում կուլիսներում: Վրաստանում առկա ադրբեջանական լոբբինգն էր ակտիվացվել: Վրաստանում տարբեր փորձագետներ, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ հանդես էին գալիս քննադատությամբ ` ուղղված Վրաստանի իշխանություններին:  Նրանք մեկնաբանում էին այսպես. «պետք չէ բանակցել մեր թշնամու հետ», սակայն իրականում փորձ էր արվում այդպես քողարկել ադրբեջանական պատվերը: Այն հստակ խնդիր էր դրել այդ ուժերի առջև, որպեսզի քննադատեին բանակցությունները և հեղինակազրկեին Վրաստանի կառավարությունը:    

Հարցազրույցը` Աննա Գզիրյան

Լուսանկարը` Նարեկ Մինասյանի ֆեյսբուքյան էջից


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am