Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Բալկանյան կինոյի հանճարը կամ չծխող նվագախմբի երաժիշտը. Կուստուրիցան Հայաստանում է

Բալկանյան կինոյի հանճարը կամ չծխող նվագախմբի երաժիշտը. Կուստուրիցան Հայաստանում 
է

ԵՐԵՎԱՆ, 25 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բալկանյան կինոյի հանճարը կամ չծխող նվագախմբի անդամ, ճանաչված ռեժիսոր և երաժիշտ Էմիր Կուստուրիցան Հայաստանում է. դեկտեմբերի 25-ին Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում տեղի կունենա Կուստուրիցայի և «The No Smoking Orchestra» ֆոլք–ռոք խմբի հայաստանյան համերգը: Մինչ համերգն «Արմենպրես»-ն առաջարկում է ծանոթանալ ճանաչված մտավորականի գործունեությանը` հետաքրքիր փաստերի միջոցով:


«Ամեն անգամ, երբ ես ֆիլմ եմ նկարահանում, ուզում եմ ինքս ինձ սպանել, որովհետև ես թունելի վերջում լույս չեմ տեսնում». Էմիր Կուստուրիցա:

Կուստուրիցան ծնվել է 1954 թվականի նոյեմբերի 24-ին Սարաևոյում, որն այդ ժամանակ Հարավսլավիայի մաս կազմող Բոսնյա և Հերցեգովինայի մայրաքաղաքն էր: Ծնողները մուսուլմաններ էին, սակայն հենց իր՝ Կուստուրիցայի պնդմամբ` նրա հեռավոր նախնիները ուղղափառ սերբեր են եղել: Ապագա ռեժիսորի հայրը` Մուրատ Կուստուրիցան, Կոմունիստական կուսակցության անդամ էր, աշխատում էր տեղեկատվության նախարարությունում:

18 տարեկանում Կուստուրիցան հեռացավ Սարաևոյից` կրթություն ստանալու համար։ Կրթության վայր դարձավ Պրահայի կիրառական արվեստների հեղինակավոր ակադեմիայի (FAMU) կինոյի և հեռուստատեսության ֆակուլտետը։ Տարբեր տարիներին ակադեմիայի շրջանավարտներն են եղել Միլոշ Ֆորմանը, Իրժի Մենցելը և Գորան Պասկալևիչը։ Իր առաջին ֆիլմերը ռեժիսորը ստեղծել է հենց ակադեմիայում սովորելու ժամանակ: Նրա դիպլոմային աշխատանքը` «Գերնիկան» (1978), պատմում էր հրեական ընտանիքից մի տղայի մասին։ Ֆիլմն ուղղված էր նացիզմի և հակասեմականության դեմ։ Կուստուրիցան այդ ֆիլմով Կառլովի Վարիում անցկացված ուսանողական փառատոնին իր առաջին մրցանակը ստացավ:

«Ես կուշտ եմ ժողովրդավարությունից: Ժողովրդավարության պայմաններում մարդիկ քվեարկում են քաղաքապետի համար: Ես ցանականում էի կառուցել մի քաղաք, որտեղ ես կընտրեի քաղաքացիներին». Էմիր Կուստուրիցա:


Վերադառանալով Սարաևո՝ Կուստուրիցան ֆիլմեր է ստեղծում տեղական հեռուստատեսության համար, այնուհետև սկսում կինոնկարներ նկարահանել:

Գործունեության ակտիվ շրջանում ստեղծվեցին «Սրճարան «Տիտանիկը», «Արդյոք հիշում ես Դոլի Բելին», «Հայրիկը գործուղման է», «Գնչուների ժամանակը» և այլ մրցանակակիր կինոնկարներ:

ԱՄՆ-ում Կուստուրիցան սկսեց դասավանդել Կոլումբիայի համալսարանում.դասավանդման ասպարեզում նա արդեն իսկ փորձ ուներ: 1992-ին սկսվեց բոսնիական պատերազմը. Կուստուրիցայի` Սարաևոյում գտնվող ընտանեկան տունը ավերվեց, իսկ ռեժիսորի հայրը դրանից հետո սրտի կաթվածից մահացավ: Ընտանիքն ապաստան գտավ Չեռնոգորիայում: Տեսնելով, թե ինչ է կատարվում սեփական երկրի հետ՝ Կուստուրիցան վերադարձավ Հարավսլավիա, որպեսզի սկսի աշխատել իր նոր` «Underground» ֆիլմի վրա: Դրան հաջորդեց  «Սև կատու, սպիտակ կատու»-ն ու բազմաթիվ այլ մրցանակակիր ֆիլմեր:

«Ես իսկապես երջանիկ մարդ եմ, արել եմ այն ինչ ցանկացել եմ: Ավելին` իմ կյանքի ամենամեծ խենթույունն այն է, որ ինչ եղել է մտքիս, իրագործել եմ». Էմիր Կուստուրիցա:

Էմիր Կուստուրիցան ամուսնացած է: Կնոջ` Մայայի հետ նրանք Rasta Films կինոընկերության հիմնադիրներն ու սեփականատերերն են: Ըկերությունը Կուստուրիցայի բոլոր ֆիլմերի արտադրողն է:

Կուստուրիցայի ստեղծած «The No Smoking Orchestra» ֆոլք–ռոք խմբի անդամ է նաև ռեժիսորի որդին: Հետաքրքրական է, որ 2005 թվականին ճանաչված ռեժիսորն ուղղափառություն ընդունեց` Նեմանյա անվան ներքո: Նա պնդում է, որ իր նախնիները ուղղափառ սերբեր են եղել:

Կուստուրիցան հայտնի է նաև իր քաղաքական դիրքորոշումներով: Հայտնի է, որ ռեժիսորը դեմ էր Հարավսլավիայի փլուզմանը: Չնայած որ երկիրը գոյություն չունի` նա շարունակում է իրեն հարավսլավցի անվանել:

Մեկ հետաքրքական փաստ ևս.1993 թվականին ռեժիսորը մենամարտի է հրավիրել ծայրահեղ ազգայնականներից մեկին` Վոիսլավ Շեշելին, սակայն վերջինս հրաժարվել է:

«Ամեն անգամ Հայաստան անունը լսելիս միշտ էկզոտիկ ինչ-որ երկիր եմ պատկերացրել, բայց այժմ, այցելելով այս երկիրը, էկզոտիկից առավելն եմ տեսնում: Սերբ ժողովուրդն էլ է գտնվում Եվրոպայի դարպասներին մոտ ու անհարմար տեղում, ինչպես Հայաստանն այս տարածաշրջանում: Ավելին, մենք նույն թշնամին ենք ունեցել». Էմիր Կուստուրիցան:

Ճանաչված ռեժիսորը Հայաստանում է եղել 2010 թվականի մարտին: Նա Հայաստանում հանդիպել է ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի հետ, համերգ ունեցել, այցելել Փարաջանովի թանգարան, եղել Ծիծեռնակաբերդում` հարգանքի  տուրք մատուցելով Եղեռնի զոհերի հիշատակին, հանդիպել լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ:  «Հայաստանում ճանաչված լինելն ինձ համար ավելի մեծ նշանակություն ունի, քան Միացյալ Նահանգներում: Այստեղ հասկանում և ընկալում են իմ ֆիլմերն ու երաժշտությունը, դա մեր երկու ժողովուրդների նմանությունից է գալիս: Երբ գիտեմ ֆիլմերս Հայաստանում պետք է ցուցադրվեն, հավատացած եմ` կընդունվեն, քանի որ համոզված եմ, որ հայը սերբ մարդու պես կհասկանա դրանք: Ես ուղղակի երջանիկ եմ»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ` Հայասատանում ասել է Կաննի կինոփառատոնի մրցանակակիրը: 

Փարաջանովի ֆիլմերին նա վաղուց է ծանոթ, դիտել է մի քանի կինոժապավեն: «Փարաջանովի գործերը կինոարվեստում երբեւէ նկարահանված լավագույն ֆիլմերից են, իսկ նրա տուն-թանգարանում առավել է շեշտվում հայազգի վարպետի մեծ արվեստագետ լինելը: Այդտեղ ես ինձ զգացի փարաջանովյան ֆիլմում, նրա հեսրոսներից մեկը: Նման մեծությունները հատուկ են փոքր ազգերին, եւ ես վերահաստատում են այն կարծիքը, որ նման ժողովուրդներն են լինում կրթված ու մշակութային»,- Երևանում ասել է նա:

Պատրաստեց Ռոզա Գրիգորյանը


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am