Երևանում՝ 11:07,   15 Մայիս 2024

Զարաքոլուն իրեն շնորհված «Խաղաղության» պարգևը նվիրվել է Հրանտ Դինքի հիշատակին և Սևան Նիշանյանին

Զարաքոլուն իրեն շնորհված «Խաղաղության» պարգևը նվիրվել է Հրանտ Դինքի 
հիշատակին և 
Սևան Նիշանյանին

ԵՐԵՎԱՆ, 16 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրք հրապարակախոս, մարդու իրավունքների պաշտպան և Հայոց ցեղասպանության մասին բազմաթիվ աշխատությունների հեղինակ Ռագըփ Զարաքոլուն դեկտեմբերի 10-ին արժանացել է Դանիայի «PL» հիմնադրամի «Խաղաղության» պարգևի: Այս հեղինակավոր պարգևը, որը կազմում է 100 000 դանիական կրոն, շնորհվում է ՄԱԿ-­ի համամարդկային իրավունքների հայտարարագրի շրջանակներում ոչ բռնության ճանապարհով ժողովրդավարության համար պայքարող մարդկանց և կազմակերպություններին:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապի վարչությունից, հանդիսավոր արարողությանը, որը կազմակերպվել էր դանիայի Ազգային թանգարանի արարողությունների դահլիճում, ելույթով հանդես է եկել «PL» հիմնադրամի նախագահ Փոլ Սոգաարդը: Նա, մասնավորապես, նշել է, որ «Խաղաղության» պարգևը Ռագըփ Զարաքոլուին հանձնվում է մտքի ազատության և մարդու իրավունքների բնագավառներում իր բազմամյա պայքարի և գործունեության, ինչպես նաև 100 տարի առաջ Օսմանյան Թուրքիայում իրականացված Հայոց ցեղասպանության վերաբերյալ իրազեկման բարձրացմանն ուղղված ջանքերի համար, ինչի համար նա հետապնդվել է, ենթարկվել հալածանքների և մի քանի անգամ բանտարկվել:

Պատասխան խոսքում Զարաքոլուն նշել է, որ պարգևը նվիրվում է տարիներ առաջ սպանված հայկական «Ակոս» թերթի խմբագիր Հրանտ Դինքի հիշատակին և ներկայումս երկարամյա ազատազրկման դատապարտված թուրքահայ գրող, լեզվաբան և ճարտարապետ Սևան Նիշանյանին: Նա տեղեկացրել է, որ Սևան Նիշանյանը սեփական միջոցներով վերականգնել է Թուրքիայի հունական Շիրինջե գյուղի ճարտարապետական կառույցները, ինչի համար ազատազրկման է դատապարտվել` առանց պետական թույլտվության վերակառուցողական աշխատանքներ իրականացնելու համար: Նա ավելացրել է, որ այժմ այդ շինությունները քանդման սպառնալիքի տակ են, իսկ Սևան Նիշանյանը միակն է, որ Թուրքիայում փակ ռեժիմի բանտում ազատազրկվել է «Մշակութային և բնական արժեքների պահպանման» մասին օրենքի խախտման հատկանիշներով: Նա կոչ է արել հնարավորինս բարձրաձայնել և դատապարտել Թուրքիայում տիրող ծայրահեղ անհանդուրժողականությունը և հնարավորինս օժանդակել բանտարկված մտավորականների ազատ արձակմանը:

Միջոցառմանը մասնակցել է Դանիայում ՀՀ դեսպանության առաջին քարտուղար Ք. Մեհրաբեկյանը, ներկա են եղել նաև տարբեր երկրներում բնակվող թուրք մտավորականներ և իրավապաշտպաններ, որոնք իրենց գործունեության և խոսքի ազատության համար աքսորվել են Թուրքիայից:

2005թ. Ռագըփ Զարաքոլուն արժանացել է նաև Նորվեգիայի գրողների միության և Նորվեգիայի մշակույթի նախարարության «Արտահայտվելու ազատության» պարգևին


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am