Երևանում՝ 11:07,   3 Մայիս 2024

Փարիզյան դեպքերն ահաբեկչության դեմ պայքարում միավորեցին Եվրոպան, Ռուսաստանը եւ ԱՄՆ-ը. Ժան Ֆրանսուա Շարպանտիե

Փարիզյան դեպքերն ահաբեկչության դեմ պայքարում միավորեցին Եվրոպան, Ռուսաստանը եւ 
ԱՄՆ-ը. Ժան Ֆրանսուա Շարպանտիե

ԵՐԵՎԱՆ, 30 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Փարիզում նոյեմբերի 13-ին տեղի ունեցած ահաբեկչությունն ավելի միավորեց Եվրոպան, Ռուսաստանը եւ ԱՄՆ-ը` միջազգային ահաբեկչության դեմ պայքարում: «Արմենպրես»-ի հետ զրույցում Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ժան-Ֆրանսուա Շարպանտիեն շեշտում է, որ Ֆրանսիայի նախագահը բազմիցս ասել է, որ մարդկությունը պետք է հետեւություն անի ցանկացած նմանատիպ գործողությունից եւ այսօր Ֆրանսիան ունի մեկ նպատակ՝ ստեղծել ծավալուն կոալիցիա ուղղված թե՛ «Իսլամական պետության», թե՛ ընդհանրապես ահաբեկչության դեմ:

«Հենց դա է պատճառը, որ նախորդ շաբաթվա ընթացքում Ֆրանսուա Օլանդն այցելեց Վաշինգտոն, հետո Մոսկվա, իսկ հետո կհանդիպի Գերմանիայի Դաշնային Հանրապետության կանցլեր Անգելա Մերկելին: Ֆրանսիան անվտանգության խորհրդում առաջարկել է բանաձեւի տեքստ, որի համաձայն` կոչ է արվում կազմակերպել միջազգային մակարդակով համախմբում, որպեսզի պայքար մղվի ահաբեկչության դեմ»,- ասաց դեսպանը:

Հարցին` «Մոսկվայում Ֆրանսուա Օլանդն ասաց, որ Ռուսաստանը նույնպես դարձավ ահաբեկչության զոհ: Նախագահի այդ արտահայտությունից կարելի՞ է ենթադրել, որ ռուսական ռազմական ինքնաթիռի խոցումից հետո Թուրքիան ընկալվում է որպես «Իսլամական պետության» դաշնակից», դեսպանն ասաց, որ Ֆրանսիայի նախագահի խոսքը այդ համատեքստում ընկալելը սխալ է: «Դա չէ այն հետեւությունը, որ մենք վերջին միջադեպերից արել ենք: Թուրքիան ՆԱՏՕ-ի անդամ պետություն է: Ահաբեկչության դեմ մղվող միջազգային պայքարում մենք իսկապես մեծ հույսեր ենք կապում Թուրքիայի եւ ոչ միայն նրա, այլ տարածաշրջանի բոլոր երկրների հետ»,- ասաց դեսպանը:

Նոյեմբերի 13-ի երեկոյան Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում միաժամանակ ահաբեկչություններ են տեղի ունեցել քաղաքի 6 տարբեր վայրերում: Ահաբեկչության զոհերի թիվը հասել է 130-ի, տուժել, տարբեր տվյալներով, 260- 350 մարդ: Երկրում հաստատվել է արտակարգ դրություն, որը կտևի ևս երեք ամիս: Հայտարարվել է խիստ վերահսկողություն պետական սահմանների նկատմամբ: Նախագահ Ֆրանսուա Օլանդը ահաբեկչության ծավալներն աննախադեպ է անվանել և մեղադրել «Իսլամական պետություն» խմբավորմանը:

Իսկ նոյեմբերի 24-ին Թուրքիան խոսել է թուրք-սիրիական սահմանի մոտ հակաահաբեկչական գործողությունների մասնակցող ռուսական ռազմական «Սու -24» ինքնաթիռ` պատճառաբանությամբ, որ այն հատել էր իր օդային տարածքը, սակայն դրա վերաբերյալ մինչ այժմ որևէ փաստ չի ներկայացրել:

Հասմիկ Հարությունյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am