Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Երևանում վնասազերծված աննախադեպ հանցավոր խումբը ֆինանսավորվել է տասնյակ հազարավոր դոլարներով. ԱԱԾ

Երևանում վնասազերծված աննախադեպ հանցավոր խումբը ֆինանսավորվել է տասնյակ 
հազարավոր դոլարներով. ԱԱԾ

ԵՐԵՎԱՆ, 27 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ազգային անվտանգության ծառայության  տարբեր ստորաբաժանումների համատեղ միջոցառումների արդյունքում բացահայտված և վնասազերծված հանցավոր խումբն իր զինվածության մակարդակով, անդամների թվով, կազմակերպվածությամբ և ծրագրված հանցագործությունների վտանգավորությամբ, դաժանությամբ նախադեպը չի ունեցել Հայաստանի տարածքում: Այս մասին հայտարարեց ԱԱԾ քննչական վարչության պետի տեղակալ Միքայել Համբարձումյանը` «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում: «Խումբը ձևավորվել է հանցավոր կոնկրետ նպատակների իրականացման համար, եղել է դերաբաշխում, յուրաքանչյուր անդամ իմացել է իր դերը և պարտականությունները, խումբը ֆինանսավորվել է տասնյակ հազարավոր դոլարներով»,-ասաց Համբարձումյանը:

Խմբի ղեկավար Արթուր Վարդանյանի կողմից ձեռնարկվել են խմբի անդամների և գործունեությունը քողարկելու անհրաժեշտ միջոցառումներ, նույնիսկ խմբի անդամներին բաժանվել են գաղտնի հեռախոսահամարներ, որոնցով նրանք կապ են պաշտպանել միմյանց հետ և վարել են հանցագործությունների կազմակերպման հետ կապված խոսակցություններ: Խմբի գործունեությունը, սակայն, հայտնվել է ԱԱԾ աշխատակիցների տեսադաշտում, որից հետո խումբը վերցվել է հսկողության և ձեռնարկված միջոցառումների շնորհիվ վնասազերծվել է:

Համբարձումյանը հավաստիացրեց, որ հաշվի առնելով հասարակական հետաքրքրությունը` ՀՀ ԱԱԾ մամուլի կենտրոնը պարբերաբար մանրամասներ կտրամադրի դեպքի առնչությամբ, սակայն Քննչական վարչությունը պարտավոր է պահել նախաքննական գաղտնիությունը, այս իսկ պատճառով քրեական գործի հարուցումից օրեր անց հնարավոր չէ ներկայացնել քրեական գործի բոլոր մանրամասները: «Ամենօրյա, ամենժամյա ռեժիմով իրականացվում են տարատեսակ քննչական և օպերատիվ գործողություններ, որոնք վտանգել հնարավոր չէ: Ազգային անվտանգության ծառայությունն ապաքաղաքական կառույց է և իր գործողություններն իրականացնում է բացառապես ՀՀ Սահմանադրության, օրենքների, միջազգային պայմանագրերի շրջանակներում: Ազգային անվտանգության ծառայությունն ապահովում է հասարակության և պետության անվտանգությունը, գործում է ինչպես բացահայտ, այնպես էլ գաղտնի մեթոդներով, որոնք բացահայտման ենթակա են օրենքով սահմանված դեպքերում»,-ընդգծեց Համբարձումյանը:

Հայաստանի Հանրապետության Ազգային անվտանգության ծառայության մարմինների կողմից իրականացված օպերատիվ քննչական աշխատանքների արդյունքում բացահայտվել է կազմակերպված հանցավոր խմբակցություն, որը նպատակ է հետապնդել ՀՀ տարածքում կազմակերպել մի շարք ծանր հանցագործություններ:

2015 թվականին ՀՀ քաղաքացի, Երևանի նախկին բնակիչ, արտասահմանում բնակվող Արթուր Վարդանյանը, ժամանելով Հայաստան, ստեղծել և ղեկավարել է հանցավոր համագործակցություն: Նախնական համաձայնությամբ, կազմակերպված  խմբի կողմից ապօրինաբար ձեռք է բերվել մեծ քանակությամբ զենք և ռազմամթերք, որը թաքցվել է Երևան քաղաքի Նորք թաղամասում՝  այդ նպատակով վարձակալած առանձնատանը:

Նոյեմբերի 25-ին Ոստիկանության հետ համատեղ խուզարկությունների ընթացքում  հայտնաբերվել են տարբեր տեսակի ինքնաձիգեր, ատրճանակներ, նռնականետեր (այդ թվում «մուխա» տեսակի), նռնակներ, պայթուցիկ նյութեր և պայթուցիկ սարքեր, կապի միջոցներ, փամփուշտներ,  փամփշտակալներ, ռազմական հանդերձանք՝ այդ թվում զրահաբաճկոններ: Խուզարկության պահին առանձնատանը, Արթուր Վարդանյանի գլխավորությամբ, հավաքված են եղել հանցավոր խմբակցության 9 անդամները, որոնք ձերբակալվել են:

ՀՀ ԱԱԾ քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 223-րդ հոդվածի 1-ի և 2-րդ մասերով և 235-րդ հոդվածի 3-րդ մասով, կատարվում է նախաքննություն: Մանրամասն տեղեկատվություն կտրամադրվի լրացուցիչ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am