Երևանում՝ 11:07,   28 Ապրիլ 2024

ՄԱԿ-ի խաղաղապահ մանդատի իրականացման համար Հայաստանի կարիքն ունենք. ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնական

ՄԱԿ-ի խաղաղապահ մանդատի իրականացման համար Հայաստանի կարիքն ունենք. ՄԱԿ-ի 
գլխավոր քարտուղարի օգնական

ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Միավորված ազգերի կազմակերպությունն ինքն է խնդրել և հորդորել Հայաստանին մեծացնել իր մասնակցությունը խաղաղապահ գործողություններում` հաշվի առնելով Հայաստանի զինված միավորումների կարգապահության, մասնագիտական բարձր կարողությունների և ներգրավվածության մակարդակը: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի Խաղաղապահական օպերացիաների հարցերով օգնական Էդմոն Մյուլեն: «Մեր մանդատի իրականացման և աշխատանքների արդյունավետության համար մենք Հայաստանի աջակցության կարիքն ունենք»,-ավելացրեց պաշտոնյան:

Նա ողջունելի համարեց ՄԱԿ-ի Խաղաղապահությանը նվիրված գագաթնաժողովում ՀՀ նախագահի հայտարարությունը, որ Հայաստանը հանձն է առել ավելացնել խաղաղասիրական ուժերը, մեծացնել իր գործունեությունը խաղաղապահական գործողություններում: «Դա ի հավելումն է այն օժանդակության, որ Հայաստանն արդեն մատուցում է մի շարք առաքելություններում` աշխատակազմի կամ ռազմական սպաների միջոցով: Կարծում եմ, որ ՄԱԿ-ի արժանահավատության և լեգիտիմության համար, Հայաստանի աջակցությունը և մասնակցությունը չափազանց կարևոր է, և մենք ողջունում ենք այն»,-հայտնեց Էդմոն Մյուլեն` ավելացնելով, որ Հայաստանի դրոշի ներկայությունը մյուս պետությունների դրոշների կողքին նպաստում է միջազգային անվտանգության և խաղաղության հաստատմանը: «Հայաստանի աջակցությունը կարևորվում է ոչ միան մատուցած ծառայության, այլև Հայաստանի պատմության և դրա ընթացքում հաղթահարած մարտահրավերների շնորհիվ»,-շեշտեց ՄԱԿ-ի ներկայացուցիչը:

Անդրադառնալով հարցին, թե ինչ ոլորտներում կարող են առաքելություն իրականացնել վերապաստրաստված հայկական խաղաղապահական ստորաբաժանումները` Էդմոն Մյուլեն նշեց. «Նախագահը հայտարարել է երկրորդ մակարդակի հոսպիտալի մասին, որը կարևոր ավանդ է: Այն պահանջում է տեխնիկական աջակցություն, բուժանձնակազմ և բժշկական սարքավորումներ, որը ծախսատար է: Ինչպես նաև մենք գնալով ավելի շատ ուժեր ենք տեղակայում այնպիսի վայրերում, որտեղ ականազերծող միավորումների կարիք է զգացվում պայթուցիկ սարքերի հայտնաբերման և վնասազերծման համար, որը նույնպես Հայաստանն արդեն առաջարկել է: Մենք նաև մշտապես ուղղաթիռների կարիք ունենք, սակայն, կարծում եմ, Հայաստանն ուղղաթիռներ չի կարող տրամադրել, փոխարենը կարող է ապահովել ինժեներների և հաղորդակցության ոլորտի մասանագետների միավորումներով»: ՄԱԿ-ի պաշտոնյայի խոսքով` աջակցությունը կարող է տարաբնույթ լինել` ինչպես զինված միավորումների, այնպես էլ այլ միջոցներով: «Օրինակ, շրջանառվում է տեսակետ, որ Հայաստանը վեր է ածվում վերապատրաստական տարածաշրջանային կենտրոնի, ուստի խաղաղապահ ուժերի վերապատրաստումն այստեղ նույնպես մեծ աջակցություն կլինի»,-ասաց Էդմոն Մյուլեն` հավելելով, որ ռազմական օգնությունից բացի, Հայաստանի ոստիկանության ներկայացուցիչների ներգրավածությունը նույնպես կհամալրի խաղաղապահական առաքելությանը:

Երևանում հոկտեմբերի 5-6-ին անցկացվում է «Խաղաղապահական գործողությունների մարտահրավերների միջազգային ֆորումի» ամենամյա համաժողովը: Ֆորումը խաղաղապահական բնագավառում միջազգային ամենահեղինակավոր կազմակերպությունն է, որին անդամակցում է 22 պետություն: Հայաստանի Հանրապետությունը ֆորումի անդամ է 2014 թվականից` հանձին ՀՀ ՊՆ Ազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտի: Երևանյան համաժողովին մասնակցում է 16 պետությունների 100 ներկայացուցիչներ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am